ՉԱՐ ՈԳԻՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԴԿԱՆՑ ՎՐԱ

Ասում են` դևերն ու չար ոգիներնեն մոլորեցնում մարդկանց և դրդում չար գործերի: Արդյո՞ք նրանք մինչև օրս էլ ազդեցություն ունեն մարդկանց և նրանց արարքների վրա:

Պողոս առաքյալն ասում է, որ սատանան կարող է լույսի հրեշտակի պես կերպարանավորվել, նաև նրա պաշտոնյաները` արդարության պաշտոնյաների պես (Բ Կորնթ. 11.15): Չարն անմիջական ազդեցություն կարող է ունենալ մարդու վրա: Հիշենք, որ անապատում Քրիստոս չարի կողմից փորձությունների ենթարկվեց (Մատթ. 4.1-11, Մարկ. 1.12-13, Ղուկ. 4.1-13):

Քրիստոս իր պատմած առակներով ցույց տվեց չարի ազդեցությունը. սերմնացանի առակում սատանան մարդու սրտից հափշտակում է սերմանված բարի սերմը (Մատթ. 13.19), որոմների առակում չարն է, որ բարի սերմերի մեջ չար որոմ է սերմանում (Մատթ. 13.25): Հետևաբար, չարն է չար գործերի ազդողը, մարդուն չարագործության մղողը` մարդու անձնական համաձայնության դեպքում:

Նաև հիվանդությունները կարող են լինել չարի ազդեցության հետևանք, ինչպես օրինակ` հիվանդ կնոջ բուժման ժամանակ Քրիստոս ասաց, որ սատանան այս կնոջը տասնութ տարի կապել էր (Ղուկ. 13.16): Հուդան սատանայի ուղղակի ազդեցությամբ էր, որ, իր ազատ կամքով համաձայնելով չարի գայթակղությանը, մատնեց Քրիստոսին: «Սատանան մտավ Իսկարիովտացի կոչված Հուդայի մեջ»,- ասվում է Ավետարանում (Ղուկ. 22.3):

Ինչպես նաև սատանան չար զգացում ու մտադրություն է լցնում մարդու սիրտը` սխալ, մեղավոր ընթացքների մղելով, ինչպես տեղեկանում ենք Անանիային ուղղված Պետրոս առաքյալի հանդիմանությունից. «Անանիա՛, ինչո՞ւ սատանան լցրեց քո սիրտը, որ դու ստեիր Սուրբ Հոգուն» (Գործք 5.3): Նաև Պողոս առաքյալն է ասում, որ սատանայի պատգամավորը բռնցքահարում է իրեն, որ չգոռոզամտանա (Բ Կորնթ. 12.7):

Բարկության ետևում նույնպես չարը կարող է թաքնված լինել և բարկությունից մարդուն հասցնել անգամ մարդասպանության: Դրա համար առաքյալն ասում է. «Արեգակը ձեր բարկության վրա թող մայր չմտնի. և սատանային տեղի մի՛ տվեք» (Եփ. 4.2627): Առաքյալն զգուշացնում է հավատացյալներին, որ զգոն լինեն և չարի որոգայթների մեջ չընկնեն. «Արթո՛ւն եղեք, հսկեցե՛ք, քանի որ ձեր ոսոխը` սատանան, մռնչում է առյուծի պես, շրջում և փնտրում է, թե ո՛ւմ կուլ տա» (Ա Պետ. 5.8):

Ինչպե՞ս կարող ենք ազատվել կամ հեռու մնալ չարի փորձանքներից: Աստծուն հնազանդությունը և հավատքի զորացումը կամ հաստատունությունը փախուստի են մատնում չարին, սատանային: Այս մասին են ասում առաքյալները` հորդորելով.

«Աստծու սպառազինությունը հագե՛ք, որպեսզի կարողանաք ընդդիմանալ սատանայի հնարանքներին» (Եփ. 6.11), «հնազանդվեցե՛ք ուրեմն Աստծուն և դիմադրեցե՛ք սատանային, ու նա կփախչի ձեզանից» (Հակ. 4.7), «ով մեղք է գործում, այդ` սատանայից է, քանի որ սատանան մեղանչող է ի սկզբանե: Աստծու Որդին հենց նրա համար հայտնվեց, որ քանդի սատանայի գործերը» (Ա Հովհ. 3.8):