ՉԱՇԽԱՏԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՄԱՍԻՆ

Աշխատանքի իրավունք վերապահված է բոլորին: Իսկ որևէ մեկին վերապահված չէ՞ չաշխատելու իրավունք:

Երկրների սահմանադրություններում մարդկանց իրավունքները հիմնականում նշվում են դրական ձևակերպումներով: Աշխատանքի պարագայում հիմնականում խոսվում է աշխատելու, աշխատանքի ընտրության իրավունքի մասին: Սակայն «չաշխատելու իրավունք» արտահայտությունը բացասական ձևակերպումով առկա չէ:

Կարելի է խոսել երեխաների չաշխատելու իրավունքի մասին, քանզի տարբեր երկրների սահմանադրության մեջ կամ օրենքներում կարող է ամրագրված լինել մինչև տասնվեց տարեկան երեխաներին որոշակի ժամերով աշխատանքի ընդունելու թույլտվության, մշտական աշխատանքի արգելքի մասին:

Վաղ կապիտալիզմի շրջանում շահագործվում էր երեխաների աշխատանքը: Նրանք տաժանակիր կերպով, ծանր պայմաններում աշխատում էին գործարաններում, ֆաբրիկաներում կամ այլուր, ինչը լրջորեն վնասում էր երեխաների առողջությանը, խաթարում նրանց մանկությունը:

Այսօր երեխաների հանդեպ հոգածությունը, նրանց իրավունքները հաստատված են օրենքով: Պատեհ առիթ է այստեղ նշելու, որ արևմտյան երկրներում երեխաներին վերաբերող այդ օրենքները երբեմն հասնում են ծայրահեղության` երեխաների ցանկության համեմատ նրանց սեռափոխության իրավունքի, նույն սեռի պատկանող ծնողների կողմից որդեգրվելու թույլտվության առկայությամբ:

Որևէ մեկն իր ազատությունը կարող է մեկնաբանել նաև չաշխատելու իրավունքի իր անձնական ընտրությամբ: Սակայն այսպիսի բացատրությամբ չաշխատելու իրավունքը պարզապես ծուլության մեղքի մեկ այլ անվանումն է, որն անգործությամբ վնաս է պատճառում ընտանիքին, հասարակությանը: Աշխատունակ մարդը պետք է իր աշխատանքով օգուտ բերի թե՛ իր ընտանիքին, թե՛ իր երկրին ու ժողովրդին` օգտվելով նաև հանգստի իր իրավունքից: