ՈՒՐԱԽ ԵՂԻՐ ՏԻՐՈՋՈՎ

Սա է օրն այն, որ Տերն ստեղծեց. եկե՛ք ցնծանք և ուրախանանք այսօր: Ո՛վ Տեր, փրկի՛ր, ո՛վ Տեր, առաջնորդի՛ր (Սաղմ. 117.24-25):

Քո պատվիրանների ճանապարհին եմ գտնում ես իմ ուրախությունը, ավելի քան ամեն տեսակ հարստության մեջ (Սաղմ. 118.14):

Օրհնեցե՛ք Աստծուն Իր սրբարանում, օրհնեցե՛ք Նրան Իր զորության երկնային հաստատության մեջ: Օրհնեցե՛ք Նրան Իր զորության մեջ, օրհնեցե՛ք Նրան Իր անչափ մեծության մեջ: Գովաբանեցե՛ք Նրան օրհնության ձայնով, գովաբանեցե՛ք Նրան սաղմոսով և օրհներգությամբ: Օրհնեցե՛ք Նրան ցնծությամբ, գովաբանեցե՛ք Նրան ուրախությամբ: Օրհնեցե՛ք Նրան քաղցր խոսքերով, օրհնեցե՛ք Նրան լսելի բառերով, օրհնեցե՛ք Նրան գոհության ձայնով: Բոլո՛ր հոգիներ, օրհնեցե՛ք Տիրոջը (Սաղմ. 150.1-6):

Արդարների ուրախությունը պիտի երկարի, իսկ ամբարիշտների հույսը պիտի կորչի (Առակ. 10.28):

Չարամիտների սրտում նենգություն կա, բայց ովքեր խաղաղություն են ուզում, ուրախ պիտի լինեն (Առակ. 12.20):

Բարին տեսնող աչքը ուրախացնում է սիրտը, իսկ բարի լուրը պարարում է ոսկորները (Առակ. 15.31):

Ով բարի կին է գտել` շնորհք է գտել և ուրախություն է ստացել Աստծուց: Ով հեռացնում է բարեբարո կնոջը, նա հեռացնում է բարիքը (Առակ. 18.22):

Իրավունքի գործադրումը ուրախություն է արդարի համար, բայց սուրբ գործը պիղծ է թվում չարագործներին (Առակ. 21.15):

Աստված սիրում է ուրախ և առատաձեռն մարդուն. աղքատին ողորմություն անողն ինքն էլ պիտի կերակրվի, որովհետև տնանկին իր հացից է բաժին հանել: Կաշառք տվողը հաղթություն և պատիվ է ձեռք բերում, բայց կաշառքը սպանում է առնողների հոգին (Առակ. 22.9):

Մի՛ ուրախացիր չարագործների հետ և մի՛ նախանձիր մեղավորներին, որովհետև չարերը ժառանգորդ չեն ունենա, և ամբարիշտների ճրագը պիտի հանգչի (Առակ. 24.19-20):

Իմաստո՛ւն եղիր, որդյա՛կ, որ քո սիրտն ուրախ լինի, քեզնից հեռո՛ւ վանիր նախատինքի խոսքերը (Առակ. 27. 11):

Մեղավոր մարդու համար խիստ որոգայթ կլարվի, բայց արդարը պիտի լինի ուրախության և խնդության մեջ (Առակ. 29.6):

Ով հույսը դրել է Տիրոջ վրա, պիտի ուրախ լինի (Առակ. 29.25):