ՈՒՐԱ՛Խ ԵՂԵՔ

Թող ուրախանան բոլոր նրանք, որ հույս են դնում Քեզ վրա, հավիտյան թող ցնծան, և Դու ապրես նրանց մեջ. թող պարծենան Քեզնով Քո անունը սիրողները (Սաղմ. 5.12)

Երեկոյան լացը կդադարի, իսկ առավոտյան ուրախություն կլինի (Սաղմ. 29.6)

Լսեց ինձ Տերն ու ողորմեց, Տերը եղավ իմ օգնականը: Սուգս դարձրեց ուրախություն, հանեց քուրձն իմ և խնդություն հագցրեց ինձ (Սաղմ. 29.11-12):

Թող Քեզանով ցնծան ու ուրախանան բոլոր նրանք, որ փնտրում են Քեզ, Տե՛ր: Քո տված փրկությունը սիրողներն ամեն ժամ թող ասեն՝ «Մեծ է Աստված» (Սաղմ. 39.17):

Արդարը պիտի ուրախանա Տիրոջով՝ հույսը դնելով Նրա վրա. սրտով շիտակ բոլոր մարդիկ պիտի պարծենան Նրանով (Սաղմ. 63.11):

Մեծ ես Դու, Տե՛ր, և հրաշագործություններ ես անում, և միայն Դո՛ւ ես Աստված: Առաջնորդի՛ր ինձ Քո ճանապարհով, որ ընթանամ Քո ճշմարտությամբ, և սիրտս ուրախանա՝ ակնածելով Քո անունից (Սաղմ. 85.10-11):

Առավոտյան լիացանք Քո ողորմությամբ, ցնծացինք և ուրախ եղանք մեր կյանքի բոլոր օրերին: Ուրախացանք այն օրերի փոխարեն, երբ հնազանդեցրիր մեզ, և այն տարիների փոխարեն, երբ չարչարանք տեսանք: Նայի՛ր, Տե՛ր, Քո ծառաներին ու Քո ձեռակերտներին, և առաջնորդի՛ր նրանց որդիներին: Տեր Աստծու լույսը թող մեզ վրա իջնի. ուղղի՛ր մեր ձեռքի գործերը, Տե՛ր, մեր ձեռքի գործերը հաջողեցրո՛ւ մեզ (Սաղմ. 89.14-17):

Թող Տիրոջ փառքը հավիտյան լինի, և Տերն ուրախանա Իր արարածներով: Նա նայում է երկրին ու դող պատճառում նրան, մերձենում լեռներին՝ և նրանք ծուխ են արձակում: Պիտի օրհնեմ Տիրոջն իմ կյանքում, սաղմոս պիտի երգեմ իմ Աստծուն՝ քանի դեռ կամ: Օրհնությունն իմ քաղցր կլինի Նրան, և ես կուրախանամ Տիրոջով: Թող մեղավորները պակասեն աշխարհից, և ամբարիշտներ թող չգտնվեն նրա մեջ: Հոգի՛դ իմ, օրհնի՛ր Տիրոջը: Ալելուիա (Սաղմ. 103.31-35):

Տիրո՛ջը ծառայեցեք. հույսո՛վ ուրախացե՛ք. նեղության համբերեցե՛ք, հաճախակի աղոթեցե՛ք (Հռոմ. 12.11-12):

Թող հույսի Աստվածը լիացնի ձեզ ամենայն ուրախությամբ և խաղաղությամբ, որպեսզի Սուրբ Հոգու զորությամբ դուք հույսով առատանաք (Հռոմ. 15.13):

Աստվա՛ծ, քո Աստվածը քեզ օծեց ուրախության յուղով (Եբր. 1.9):

Ուրա՛խ եղեք միշտ (Թեսաղ. 5.16):

Միշտ ուրա՛խ եղեք Տիրոջով, դարձյալ եմ ասում՝ ուրա՛խ եղեք (Փիլիպ. 4.4):