ՈՎ Է ՀԱՎԱՏԱՑՅԱԼ ՄԱՐԴԸ

Ի՞նչ հիմունքներով կամ սկզբունքներով է քրիստոնյան համարվում իրապես հավատքին հետևող կամ հավատավոր մարդ:

Աստված է միայն քննում սրտերը (Ա Մնաց. 28.9, 29.17, Բ Մնաց 6.30, Սաղմ. 7.10, Առակ. 21.2, 24.12, Սիրաք. 42.18), իսկ մենք տեսնում ենք արտաքին դրսևորումները և մարդու անձնական խոստովանությունը: Հավատքը պետք է լինի ոչ միայն զգացում, այլև մարդու կենսակերպը, և նրա յուրաքանչյուր գործ ու արարք` համաձայն աստվածային կամքին:

Գրիգոր Լուսավորիչը, երբ իր քարոզչությամբ քրիստոնեության սկզբունքներն էր ուսուցանում, նորադարձների համար դժվար բաներ չսահմանեց: Այսպես նաև, ըստ Գործք առաքելոցի, Երուսաղեմում տեղի ունեցած առաքյալների ժողովը դժվարին պայմաններ չդրեց կռապաշտությունից քրիստոնեության դարձածների համար (15.19-20, 28-29): Սա նշանակում է, որ հավատացյալ մարդու վրա սկզբնապես չափից ավելի ծանր «բեռ» չպետք է դնել, նրան ստիպել, որ ապրի վանականի կամ ճգնավորի պես:

Ոմանք երբեմն շփոթում են հավատացյալ և ճգնավոր հասկացությունները` կարծելով, թե հավատացյալ լինելու համար պետք է հրաժարվել երկրային բազում իրողություններից ու նույնիսկ միանգամայն ընդունելի հաճույքներից և ապրել կրոնավորի մշտական կյանքով: Սուրբ Գրիգոր Լուսավորչի և Քրիստոսի առաքյալների օրինակով, նրանց կատարած որոշումներով տեսնում ենք, որ հավատացյալ, Քրիստոսի հետևորդ լինելու համար բավական է անկեղծ հավատքը և կյանքում դրսևորվող գործերը, որոնք բարի են, առաքինի, կատարվում են Աստծո կամքի համաձայն:

Աղոթքի հաճախականությունը, կրոնական զգացումների խորությունը, բարեպաշտության տարբեր դրսևորումները պետք է լինեն ըստ անձի ազատ կամքի ընտրության, հոգևորականի կամ հոգևոր խորհրդատուի (կարող է լինել և մկրտության կնքահայրը) հորդորով ու առաջնորդությամբ:

Կարելի՞ է հավատացյալ համարել այն մարդուն, ով պարբերաբար եկեղեցի չի հաճախում:

Մարդկային հասարակության կյանքը նախկինում կենտրոնացած էր եկեղեցու շուրջ: Հիմա հոգեորսություն են իրականացնում ոչ միայն աղանդները, այլև մեղսահարույց կամ չափազանց աշխարհիկացված իրողություններն ու ձեռնարկները, որոնք բթացնում են մարդու հավատքի զգացումը: Ցանկալի է մարդու հաճախակի այցելությունը եկեղեցի: Սիմեոն Երևանցի Կաթողիկոսը նզովյալ էր համարում այն քրիստոնյային, ով հատկապես ամեն կիրակի չի տեսնում եկեղեցու դուռը:

Այսօրվա իրադրությունները նկատի ունենալով` Եկեղեցին չի կրկնում այդ նզովքը` միևնույն ժամանակ հորդորելով հաճախակի այցելել աղոթավայրեր: Եկեղեցի այցելությունը նպաստավոր է ոչ միայն Աստծո հետ անձնական հարաբերությունն առավել ամրապնդելու, աստվածային ներկայությունը զգալու, այլև աշխարհային, կենցաղային հոգսերից, նյութականի մասին մտածելուց վեր բարձրանալու, խորհելու մեծ արժեքների, հոգու, հավիտենության մասին: Սա մեծապես նպաստում է բարեպաշտ, բարոյական, գթասիրտ, ազգասեր ու հայրենասեր ընթացքի հաստատմանը և դրանով շահեկան է նաև մարդու անձնական, ընտանեկան կյանքի համար: