ՈՂՈՐՄՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ի՞նչ առաքինություններ են պակասում ժամանակակից մարդուն և հատկապես հայ մարդուն:

Ժամանակակից մարդուն ու նաև հայ մարդուն պակասող առաքինություններից է ողորմությունը: Չնայած, կարելի է ասել, որ այս առաքինությունը հավանաբար միշտ էլ պակասել է մարդկության կյանքում: Դեռևս Հին Կտակարանում Աստված մարգարեի միջոցով ասում է. «Ողորմություն եմ կամենում և ոչ` զոհ» (Օսեե 6.6): Այս բառերը Նոր Կտակարանում կրկնում է նաև Քրիստոս (Մատթ. 9.13, 12.7):

Ողորմության պակասն է, որ աշխարհն այսօր կանգնեցրել է ճգնաժամի, աղքատության, դժվարությունների առաջ: Ոմանք ասում են, որ դրա մեղավորը ներկա կապիտալիստական հասարակարգն է, որը հնարավորություն է տալիս ձեռներեցության հմտությունը կամ ճարպկությունն ունեցող մարդկանց ունեցվածք կուտակել և այն պահել իրենց պահեստներում: Այդ ունեցվածքի պահպանումն է, որ վնասում է աշխարհին, մինչդեռ դրա տարածումը կարող էր շատ ցավեր դարմանել:

Այս կարծիքի մեջ ճշմարտության բաժին կա, քանի որ այսօր ամբողջ աշխարհի հարստության ութսուն տոկոսը գտնվում է ողջ մարդկության քսան տոկոսի ձեռքում, և նրանք տնօրինում են իրենց մոտ կուտակված աշխարհի այդ հարստությունը` ըստ իրենց անձնական հաճույքների կամ հայեցողության: Սակայն կապիտալիզմի ջատագովներից մեկն ասում է, որ այս հասարակարգը ստեղծված կացության մեջ որևէ մեղք չունի. այն լավագույնս կատարում է իր առաքելությունը արտադրության, աշխատանքի կազմակերպմամբ, դրանց արդյունքների ապահովմամբ:

Տնտեսական համակարգը որևէ կապ չունի բարոյականության հետ, իսկ ագահությունը, նյութականն ամենից ավելի արժևորելը մարդկանց մոլորություններն են, որոնցից Եկեղեցին պետք է իր քարոզներով հեռու պահեր և հորդորեր առավել շատ ողորմության գործեր կատարելու: Ուրեմն, ներկա իրավիճակը ոչ թե կապիտալիզմի մեղավորությունն է, այլ Եկեղեցու առաքելության ձախողման հետևանք է, որը չի կարողացել ողորմության, մարդասիրության, աջակցության հորդորները ցանկալի չափով հասցնել մարդկանց:

Գուցե և Եկեղեցին պատասխանատվության իր մեծ բաժինն ունի ներկա անցանկալի իրողությունների առնչությամբ: Սակայն մարդիկ անգամ ողորմության, նյութական շռայլություններից հեռու մնալու շարունակական խրատների պարագայում կարող են ականջալուր չլինել և անգամ մեծապես վնասել խրատողներին: Սուրբ Հովհան Ոսկեբերանի օրինակը ցույց է տալիս, թե ինչ կարող է լինել, երբ երկրի ազդեցիկ դեմքերին բացեիբաց մեղադրում են և հորդորում հարստությամբ չտարվել, այլ ողորմության գործեր անել:

Հովհան Ոսկեբերանի հորդորները նրա դեմ լարեցին Արկադիոս կայսերը և հատկապես Եվդոքսիա թագուհուն: Ի վերջո, սրբին հալածեցին և աքսորեցին: Աքսորավայր գնալու ճանապարհին Սուրբ Հովհան Ոսկեբերանը եղավ Հայաստանում և աքսորողների ծաղրի, հալածանքների տակ ճանապարհին կնքեց իր մահկանացուն` ասելով իր հայտնի խոսքերը. «Փառք Քեզ Աստված, փառք Քեզ, ամեն ինչի համար, Տեր, փառք Քեզ»: Սուրբ Հովհան Ոսկեբերանի այս փառաբանությունն ամեն օր կրկնվում է ժամերգությունների ընթացքում, այն անբաժան մաս է կազմում ժամերգության մաղթանքի:

Այս սրբի օրինակը ոչ թե պետք է վախեցնի հոգևորականներին լռելու երկրի ազդեցիկների ու հարուստների առջև, այլ նմանվելու նրան առաքինությունների հորդորով` ուղղված բոլոր մարդկանց` և՛ ունևորներին, և՛ կարիքավորներին: Գաղտնիք չէ, որ մեր երկրի շատ ազդեցիկ մարդիկ, պետական պաշտոնյաներ, պատգամավորներ մեծահարուստ կամ մեծահարուստ ընտանիքների մարդիկ են:

Սիրով պետք է նրանց քաջալերել, որպեսզի կատարեն կամ շարունակեն կատարել ողորմության գործեր` ողորմության մեջ ժլատություն չանելով, որովհետև հարյուրին կամ հազարին օգնելու կարողություն ունեցողի կողմից ընդամենը մեկին կամ տասին օգնելը ժլատություն է: Հարուստ լինելը մեղք չէ, Աբրահամը ևս հարուստ էր, Հոբ Երանելին ևս հարուստ էր, փարավոնի խորհրդական դարձած Հովսեփը ևս հարուստ էր, Քրիստոսի հետևորդ և Տիրոջ գերեզմանի քարանձավը գնած Հովսեփ Արիմաթացին ևս հարուստ էր:

Աստված ոմանց տալիս է հարստություն ունենալու հաջողություն` նրանց բարի լինելու համար, ոմանց էլ, ովքեր չար կամ անհավատ են, հնարավորություն է տալիս հարստություն կուտակելու, որպեսզի դատաստանի օրը, երբ նրանք դատապարտվեն, չասեն Աստծուն, թե` ինձ ի՞նչ էիր տվել, որ Քեզ հավատայի կամ սիրեի: Ամեն դեպքում նկատի ունենալով ողորմության առաքինության պակասն աշխարհում` պետք է ավելի բարձր հնչի Եկեղեցու քարոզը` ողորմության գործեր անելու, իսկ ողորմություն անողներին հիշեցվի Քրիստոսի հորդորը.

«Զգու՛յշ եղեք, որ ձեր ողորմությունը մարդկանց առջև չանեք, որպես թե այն լիներ ի ցույց նրանց. այլապես վարձ չեք ընդունի ձեր Հորից, որ երկնքում է: Այլ երբ ողորմություն անես, փող մի՛ հնչեցրու քո առջև, ինչպես անում են կեղծավորները ժողովարաններում և հրապարակներում, որպեսզի փառավորվեն մարդկանցից: Ճշմարիտ եմ ասում ձեզ, ա՛յդ իսկ է նրանց վարձը: Այլ երբ դու ողորմություն անես, թող քո ձախ ձեռքը չիմանա, թե ինչ է անում քո աջը, որպեսզի քո ողորմությունը ծածուկ լինի, և քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ հայտնապես» (Մատթ. 6.14):