ՈԳՈՒ ՍՈՎ

Մեր օրերում կան մարդիկ, ովքեր աստվածային լույսը չեն ցանկանում տեսնել։ Հայ մեծ գրողներից Ավետիք Իսահակյանը կարծես նաև հենց մեր օրերի համար է  ասում. «Նյութի տաճարում արբած պարեցիք, Մոռացած անմահ, անհունի տենչանք։ Ձեր նյութի հանդեպ կգա ոգու սով»։

Եվ իրոք, բազում մարդիկ, մտահոգված են օրվա ապրուստի կամ նյութական տարբեր բարիքների ձեռքբերմամբ, բայց, այնուամենայնիվ, զգում են, որ ինչ-որ բան այն չէ իրենց կյանքում, ինչ-որ բան պակասում է իրենց, և մարդկային բնությանը հարազատ երջանկության ձգտումը ավելի է սրում այս զգացումը։

Եվ սա է հիմնական պատճառներից մեկը, որ կան մարդիկ, ովքեր այս պակասը իրենց կյանքում զգալով, սկզբնապես առանց մտածելու մտնում են աղանդների մեջ, ինչպես որ ծարավից մեռնող մարդը մի տեղ ջուր տեսնելիս անմիջապես սկսում է անհագորեն ըմպել` առաջին պահին առանց մտածելու, որ այն կարող է և անմաքուր ու վնասակար լինել։

Միչդեռ Քրիստոսի տված` ծառը պտուղներով ճանաչելու խրատով չպետք է մոռանանք, ի տարբերություն աղանդների ազգը պառակտող գործունեության, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու միմիայն ազգանպաստ գործերը։ Մեր ժողովրդի լավագույն հատկանիշներից մեկը իր երբեմն անհարկի ինքնամեծարման կողքին ինքնաքննադատության առկայությունն է։

Սրա վկայությունն է ժողովրդական հետևյալ խոսքը. «Հայը ձի հեծնելով` Աստծուն է մոռանում, ձիուց իջնում է, ձիուն է մոռանում»։ Եվ ճիշտ չէ նման ձևով մոռանալ առաքելահաստատ Հայ Եկեղեցու ճշմարիտ ուղին` հետևելով տարբեր աղանդների կամ ինքնակոչ եկեղեցիների։