ՈԳԻՆԵՐԻ ԳՈՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Շատերն ընդհանրապես չեն հավատում ոգիների գոյությանը, քանի որ մտածում են, որ դա սնոտիապաշտություն է կամ վառ երևակայության արդյունք: Ի՞նչ է ասվում Աստվածաշնչում:

Աստվածաշունչն իրական է համարում ոգիների գոյությունը: Սուրբ Գրքում ասվում է, որ սկզբում Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը (Ծննդ. 1.1): Սրանով նաև հասկացվում է, որ Աստված ստեղծեց երկնային արարածներին` հրեշտակներին, և երկրային նյութական գոյերը, այդ թվում և` մարդուն: Աստվածաստեղծ հրեշտակների մի մասը սատանայի գլխավորությամբ ապստամբեց Աստծո դեմ, երկիր նետվեց` վերածվելով չար ոգիների, դևերի:

Քրիստոս ևս խոսում է չար ոգիների մասին, նշում, որ դրանք կարող են մտնել մարդու մեջ: Երբ մեկի միջից ոգին ելնում է, կարող է նաև որոշ ժամանակ անց ավելի չար յոթ ոգիների հետ մտնել մարդու մեջ (Մատթ. 12.43-45, Ղուկ. 11.24-26): Քրիստոս բուժում է նաև դիվահարների՝ նրանցից դուրս հանելով դևերին, ինչպես, օրինակ, գերգեսացի դիվահարի բժշկությունը, որի մեջ բազում դևեր էին մտել (Մատթ. 4.24, 8.16, 28-32, 9.32-33, 12.22, Մարկ. 1.26, 32-34, 5.8-13, նաև` Գործք 8.7):

Նոր Կտակարանում չար ոգիներից հատկանշվում են նաև չար համր ոգին (Մարկ. 9.16), հարցուկ ոգին: Հարցուկ ոգիները մղում են մարդկանց գուշակություններով զբաղվելու, ինչպես Գործք առաքելոցում է նշվում այդպիսի մի դեպքի մասին, երբ աղախինը գուշակություններով նյութական օգուտ էր բերում իր տերերին (Գործք 16.16):

Շրջիկ հրեաներից ոմանք, իմանալով Հիսուսի անունով դևեր հանելու առաքյալների զորության մասին, փորձեցին իրենք էլ նույնն անել և հանդգնեցին Տեր Հիսուսի անունը կանչել չար ոգիներ ունեցողների վրայ` ասելով. «Երդվեցնում եմ ձեզ Հիսուսով, որին քարոզում է Պողոսը»: Այդ ժամանակ չար ոգին նրանց պատասխանեց ու ասաց. «Հիսուսին գիտեմ և Պողոսին ճանաչում եմ. բայց դուք ո՞վ էք»: Եվ այն մարդը, որի մեջ չար ոգի կար, վազեց նրանց վրա և երկուսին էլ բռնելով` գետին զարկեց նրանց. այնպես որ նրանք մերկ և վիրավոր փախան այդ տնից: (Գործք 19.13-16):

Նոր Կտակարանն զգուշացնում է մոլորեցնող ոգիներից և դևերի վարդապետություններից (Ա Տիմ. 4.1). սրանցով է, որ տարածվում են աղանդները` նաև այս կերպ ի ցույց հանելով չարի պայքարը Քրիստոսի Եկեղեցու դեմ: Սա նշանակում է, որ տարբեր տեսակի կամ հատուկ տարբեր գործողություններ իրականացնող դևեր, ոգիներ կան, որոնց նպատակն է մոլորեցնել մարդկանց, շեղել ճշմարիտ աստվածպաշտությունից, հոգևոր վնասներ պատճառել:

Հայտնության գիրքը ևս անդրադարձ է կատարում այս իրողության վրա. «Վիշապի բերանից, գազանի բերանից և սուտ մարգարեի բերանից ելնում էին երեք անմաքուր ոգիներ` նման գորտերի. քանզի նրանք դիվական ոգիներ էին, որոնք նշաններ էին գործում», «ոգիները թագավորներին հավաքեցին մի տեղ, որ եբրայերեն կոչվում է Արմագեդոն», «Ընկա՜վ մեծն Բաբելոնը, որ եղել էր բնակավայր դևերի, արգելանոց ամեն տեսակ պիղծ ոգիների ու ամուր բանտ ամեն տեսակ անմաքուր և ատելի ոգիների» (16.13-14, 16.16, 18.2):

Քրիստոս առաքյալներին իշխանություն տվեց պիղծ ոգիների վրա (Մատթ. 10.1, Ղուկ. 9.1), ինչը նշանակում է, որ նրանք զորություն ստացան մարդկանցից վանելու ոգիների ազդեցությունը կամ հեռու քշելու նրանց: Ձեռնադրության խորհրդով առաքյալները Քրիստոսից ստացած իրենց իշխանությունը, զորությունը փոխանցեցին իրենց հետևորդներին, և հիմա անընդհատ ձեռնադրության միջոցով այդ նույն իշխանությունն ու զորությունն անցնում է Եկեղեցու ձեռնադրյալ սպասավորներին:

Դա ցույց է տալիս, որ հոգևորականներն այսօր նույնպես իշխանություն ունեն դևերի վրա, զորություն` նրանց ազդեցությունը մարդկանց վրա չեզոքացնելու: