Ո՞ՒՄՆ Է ԵԿԵՂԵՑԻՆ

Քաղաքական փոփոխությունները հանրապետության կարգավիճակ ունեցող երկրներում իրականացվում են իշխանությունը ժողովրդին պատկանելու ժողովրդավարության սկզբունքների համաձայն: Ըստ այդմ՝ ժողովուրդն իր համաձայնությամբ լիազորում է ընտրվող անձանց պետության կառավարման բարձր պաշտոնների և անհրաժեշտության դեպքում կարող է այդ իշխանությունը վերցնել ու փոխանցել ուրիշների: Թեև ժողովրդավարության ակունքները գալիս են Հին Հունաստանից, սակայն դրա փիլիսոփայական մշակումն ու հիմնվորումը, նորովի ընկալումը տվել է լուսավորության դարաշրջանի հայտնի փիլիսոփա, հոգևոր կրթարանում սովորած Ժան Ժակ Ռուսոն «Հասարակական պայմանագիր կամ քաղաքական իրավունքի սկզբունքները» («Du contrat social; ou Principes du droit politique») (1762) աշխատության մեջ: Քաղաքական ասպարեզին հատուկ այս մոտեցումները բոլորովին հասկանալի են քաղաքական շարժումների համատեքստում: Բայց ամբողջովին զարմանալի է նման ընկալումները բերելը եկեղեցական ոլորտ և ներդնելը հոգևոր հասկացությունների մեջ:

Խանդավառված Հայաստանի քաղաքական կյանքի փոփոխություններից, որ տեղի ունեցավ երկիրը, պետությունը, իշխանությունը ժողովրդին պատկանելու ընդունելի կարգախոսերով, ոմանք սխալմամբ հիշյալ դիրքորոշումները փորձում են տարածել եկեղեցական ասպարեզի վրա: Եկեղեցաբանական գիտելիքների տկարությամբ կամ դրանց սխալ մեկնաբանությամբ նոր եկեղեցաբանություն են քարոզում, որտեղ Եկեղեցին, ինչպես քաղաքական նշանաբանի մեջ, պատկանում է ժողովրդին: «Եկեղեցին ժողովրդինն է» հայտարարությունը չի համապատասխանում եկեղեցաբանական սահմանումներին և ավելին՝ հակառակ է Սուրբ Գրքի վարդապետությանը:

Քրիստոնեական համընդհանուր ուսմունքով՝ Եկեղեցին հավատացյալ ժողովուրդն է, բայց Եկեղեցին ժողովրդինը չէ: Ժողովուրդն է պատկանում Եկեղեցուն, և ոչ թե Եկեղեցին է պատկանում ժողովրդին: Այս բացատրությունը հիմնվում է այն իրողության վրա, որ Քրիստոս է Եկեղեցու հիմնադիրը և հավատացյալների հավաքականությունը ստեղծողն ու պահպանողը. «Ոչ ոք չի գա Հոր մոտ, եթե ոչ՝ Ինձանով» (Հովհ. 14.6): Եկեղեցին Քրիստոսի խորհրդական մարմինն է (Ա Կորնթ. 12.27; Եփես. 1.23, 4.12; Կող. 1.24, 2.19), որի գլուխը Քրիստոսն է (Եփ. 1.22, 4.15, 5.23; Կող. 1.18): Դրա համար էլ մենք Եկեղեցուն ասում ենք՝ Քրիստոսի Եկեղեցի: Ավելին՝ Քրիստոս Ինքն է Եկեղեցին Իրենը համարում. «Այդ վեմի վրա պիտի շինեմ Իմ եկեղեցին» (Մատթ. 16.18): Եկեղեցին պատկանում է Աստծուն (Եբր. 3.1-6): Առաքյալը վերստին վկայում է, որ Եկեղեցին Աստծունն է. «Կենդանի Աստծու Եկեղեցին է» (Ա Տիմ. 3.15):

Այսպիսով, եկեղեցաբանության մեջ Եկեղեցին հավատացյալ քրիստոնյաների հավաքականությունն է, որի գլուխն է Հիսուս Քրիստոս: Հավատացյալ ժողովուրդն է Եկեղեցին, որ պատկանում է Աստծուն: Ուրեմն, հոգևոր ոլորտում իրագործելի չեն քաղաքական դեկլարացիաները և մոտեցումները: Իշխանությունն այստեղ ժողովուրդը չի տալիս, այլ այն տրվում է Աստծուց, ժողովուրդը կարող է միայն թեկնածուներ մատնանշել: Աստծուց է, որ տրվում են քահանայական շնորհներն ու իշխանությունը և բոլոր լիազորությունները քահանայագործության և շնորհաբաշխության: Այդ լիազորումները ոչ թե ժողովրդինն են, որ տվել է և կարող է ետ վերցնել, այլ այստեղ գործում են բոլորովին այլ հանգամանքներ, ատյաններ, իրողություններ: Հոգևորականն այս իմաստով ժողովրդի աշխատավորը չէ, այլ նրա հոգևոր առաջնորդը, ուսուցիչը, դաստիարակը, հայրը, հոգացողը, դեպի Քրիստոս և փրկություն տանողը: