Ո՞ՐՆ Է ՃՇՄԱՐԻՏ ԿՐՈՆԸ

Երբեմն Եկեղեցուց հեռու որոշ մարդկանց մեջ հարց է առաջանում. «Լավ, այսքան կրոններ կան, ի՞նչ իմանանք, թե որն է ճշմարիտ կրոնը»: Իսկ ոմանք էլ ավելի են առաջ գնում` ասելով. «Բոլոր կրոններն էլ լավն են, պաշտում են նույն աստծուն` տիեզերքի արարչին, միայն թե ամեն մեկն իր ձևով»:

Այսպիսի կարծիքը մարդկանց կարող է գցել ահավոր մոլորության մեջ: Քրիստոնեությունը երբեք չի կարող նույնանալ որևէ այլ կրոնի հետ, որովհետև մյուս կրոնները լի են թերություններով: Եկեղեցու սրբերից Հուստինոս Վկան, որն ապրել է երկրորդ դարում, նախքան քրիստոնյա դառնալը, ճշմարտություն էր փնտրում այլ կրոններում: Նա փայլուն կրթություն ստացած մարդ էր և հիմնավոր ուսումնասիրելով շատ կրոններ եկավ այն եզրակացության, որ կատարելությունը միայն քրիստոնեության մեջ է: Նույն կերպ և Օգոստինոս Երանելին, ուսումնասիրելով հունական փիլիսոփայությունը և տարբեր ուսմունքներ, ի վերջո եկավ ճշմարիտ Եկեղեցու գիրկը:

Քրիստոնեությանը լավ ծանոթ մարդը երբեք չի կարող ավելի լավ համարել մեկ այլ կրոն: Բերենք օրինակներ: Բուդդայականությունն արդարացիորեն կոչում են նաև աթեիստների կամ աթեիստական կրոն, որովհետև այնտեղ ընդհանրապես  չկա հետաքրքրություն Աստծո նկատմամբ: Այդ կրոնին հետևող մարդու նպատակը միայն երանելի վիճակին` նիրվանային հասնելն է, իսկ թե Աստված գոյություն ունի, թե ոչ, ինչ է ասում կամ պատվիրում, դրանք երրորդական հարցեր են: Բացի դրանից բուդդայականությունը մարդուն գցում է ներքին ահավոր հպարտության մեջ` ուսուցանելով, թե մարդն ինքն իրենով կարող է հասնել փափագելի երանությանը, փրկությանը:

Մուսուլմանությունը, որը, կարելի է նույնիսկ ասել, առաջացել է քրիստոնեությունից, ամբողջությամբ օգտվել է քրիստոնեությունից, ընդունում է Հին Կտակարանը, Հիսուս Քրիստոսին իբրև մեծագույն մարգարեներից մեկը, իսկ այդ կրոնի մեջ ամենակատարյալ կնոջ կերպար համարվում է Հիսուս Քրիստոսի մայրը` Մարիամը:

Հնդկական կրոնը` հինդուիզմը, որը, ըստ մի քանի աղբյուրների, ունի երեք հարյուր միլիոնից ավելի աստվածներ, իր անընդհատ և անիմաստ վերամարմնավորումների գաղափարով բացառում է մարդու ներաշխարհի ճշմարիտ լուսավորումը: Այլ կրոնները լի են այսպիսի ակնհայտ և բազմաթիվ թերություններով:

Կարող եք հարցնել. «Իսկ այդ դեպքում ի՞նչ են ուրեմն մյուս կրոնները»: Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է, որ նեռը կամ հակաքրիստոսը իր գալուստից առաջ ունենալու է մի շարք կարապետներ: Եվ այս մեծագույն սուրբը նրանցից նշում է և՛ հերձվածողներին, աղանդավորներին, քանի որ մարդկանց հեռացնում են ճշմարտությունից, և՛ նրանց, ովքեր չեն խոստովանում Հիսուս Քրիստոսին:

Նույն կերպ և Սուրբ Հովհաննես առաքյալն է ասում իր թղթում. «Եվ ամեն մի հոգի, որ չի դավանում Հիսուս Քրիստոսին` մարմնով եկած, նա Աստծուց չէ: Եվ այդ հոգին նեռինն է, որի մասին լսել եք, թե գալու է և արդեն իսկ աշխարհում է» (Ա Հովհ. 4.3):

Սակայն հարց է առաջանում. «Բայց չէ՞ որ տարբեր կրոններում այնքան բարոյական և առաքինի բաներ կան»։ Սրան կպատասխանենք այս պատկերավոր առարկությամբ. «Աղվեսը քնած է ձևանում, իսկ սատանան` ողջախոհ, մեկն իր զոհին բռնելու, իսկ մյուսը` մարդկային հոգին կորստյան մատնելու համար»: