ՆՈՐ ՏԱՐՎԱ ԱՄՍԱԹԻՎՆ ՈՒ ԻՄԱՍՏԱՎՈՐՈՒՄԸ

Առաջին ամսվա առաջին օրը եկեղեցիներում նշանավորվում է Սուրբ Պատարագի արարողությամբ: Տարվա սկիզբ տոնելը և առաջին օրը նշանավորելն աստվածային պատվեր է: Հնում հրեաները տոնում էին բոլոր ամիսների ամսամուտները` ամսվա առաջին օրերը, և այդ օրերի համար Մովսեսը հատուկ զոհեր էր սահմանել, համաձայն հետևյալ խոսքի. «Ամսվա առաջին օրերին Տիրոջը ողջակեզ կմատուցեք նախրից բերված երկու զվարակ, մեկ խոյ, մի տարեկան ոչ արատավոր յոթը գառ: Այս ողջակեզները պիտի մատուցեք յուրաքանչյուր ամսվա առաջին օրը, տարվա բոլոր ամիսներին» (Թվեր 28.11, 14):

Հայ Եկեղեցին տոնում է միայն տարվա առաջին ամսվա ամսամուտը, որպես մեր Փրկչի Ծննդյան թվականի առաջին ամսվա առաջին օրը, և այդ օրը մատուցվում է Սուրբ Պատարագ:

Մինչ Բաբելոնյան աշտարակաշինություն բոլոր ազգերը միասին էին տոնում Նոր տարին` նիսան ամսվա 1-ին: Նիսան նշանակում է կազմություն, լինելիություն, որովհետև այդ ամսին ստեղծվեց Ադամը: Բայց լեզուների խառնումից հետո մարդիկ ցրվեցին տարբեր կողմեր, յուրաքանչյուր խումբ իր երկիրը գնաց, և որ ամսին մտան իրենց բնակության երկիրը, այդ ամիսն էլ համարեցին տարվա սկիզբ:

Այսպես հայերի մոտ Ամանորը նավասարդի 1-ին էր, որը համապատասխանում է օգոստոսի 11-ին: Այդ առիթով կազմակերպվում էին բազմատեսակ զվարճություններ, խաղեր, որոնք հայտնի էին նավասարդյան խաղեր անունով և նման էին հունական օլիմպիական մարզական խաղերին, որոնց հաստատողը հույն հերոս Հերակլեսն էր: Միայն հրեաները շարուրնակեցին Նոր տարին նշել նիսան ամսին, որովհետև եբրայեցիների տարեմուտը նիսանի 1-ին է, քանզի հրեաները նիսան ամսին ազատվեցին Եգիպտոսի ստրկությունից և առաջնորդվեցին դեպի իրենց վիճակված երկիրը, որը Տիրոջ նախախնամությամբ համընկավ Ադամի արարման օրվա հետ:

Հեթանոսներն Ամանորի առիթով մեծ զվարճություն, գինարբուք էին անում: Նույնիսկ նրանք, ովքեր հեռու էին հարբեցողությունից, մասնակցում էին գինարբուքին, որովհետև հեթանոսական սնահավատությամբ կարծում էին, թե ինչպես այդ օրն անցկացնես, այդպես էլ կանցնի ողջ տարին:

Եկեղեցական մեծագույն դեմքերից Օգոստինոսը բացասաբար էր անդրադառնում նաև քրիստոնյաների շրջանում նմանատիպ մեղսալի զվարճություններին` նշելով, որ շատ մարդիկ կենդանիների, հեթանոսական կուռքերի նմանությամբ դիմակներ էին հագնում։ Իսկ Սուրբ Հովհան Ոսկեբերանը Նոր տարվա տոնակատարությունների մասին ասում է. «Ողջ գիշեր ծիծաղը, աղմուկն ու չարաբանությունը, գիշերային պարերն ու կատակները գերել են մեր քաղաքը։ Ամենից շատ ինձ տխրեցնում է հյուրանոցներում անցկացվող մեղսագործ և անժուժկալ խաղերը»։

Մեղսագործ` որովհետև այնտեղ զբաղվում էին գուշակությամբ ու կարծում, որ եթե այդ օրը ուրախության, խրախճանքի մեջ անցկացնեն, ապա տարին էլ այդպես կանցնի, իսկ անժուժկալ` որովհետև կանայք և տղամարդիկ առանց չափի զգացման դատարկում էին գինով լի բաժակները: Սուրբ Հովհան Ոսկեբերանի խորհուրդն այն է, որ ամիսների սկիզբն իմաստավորելու համար ճիշտ կլինի խորհել կյանքի անցած օրերի շուրջ. արդյո՞ք անպտուղ չեն անցել տարիները, ժամանակը ապարդյուն չի՞ հոսել, արդյոք ի՞նչ բարի գործ ենք արել։ Նման ինքնաքննումը մեզ կբերի նոր եզրահանգումների և ավելի կատարյալ կդարձնի մեր քայլերը նոր տարում:

Ամանորյա ուրախ իրադարձություններից անբաժան է Ձմեռ պապի կերպարը, որպիսին հայ իրականության մեջ հիշվում էր նաև Կաղանդ պապը, ով նվերներ է բերում մարդկանց, հատկապես՝ երեխաներին: Ձմեռ պապի կերպարը ձևավորվել է քրիստոնեական սրբերից Նիկողայոս Սքանչելագործի գեղեցիկ օրինակի նմանությամբ:

Սուրբ Նիկողայոսը մասնակցել է Նիկիայի 325 թ. տիեզերաժողովին։ Քրիստոնեական այս մեծ սուրբն իր կյանքի ընթացքում գործել է բազում հրաշքներ և առավելապես հայտնի է իր բարի գործերով։ Նա գաղտնի օգնում էր կարիքավորներին` գիշերները ծածուկ կերպով նրանց տները դրամ գցելով։

Նաև մանուկների հանդեպ սիրո և մեծ հոգածության համար Սուրբ Նիկողայոսը համարվում է մանուկների պաշտպան և հանդիսանում է նախատիպարը այն բարի պապիկի, ով մեծ ուրախություն և գեղեցիկ նվերներ է բերում Նոր տարվա հեքիաթային օրերին։ Սուրբ Նիկողայոսի անվան ձևափոխումից էլ առաջացել է բոլորիս հայտնի անգլերեն տարբերակը` Սանտա Կլաուս անունը։