ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ ԵՎ ԵԿԵՂԵՑԻ

Եկեղեցին համեմատվում է երեք մասից բաղկացած նոյյան տապանի հետ (Ծննդ. 6.16): Եկեղեցին՝ աղոթավայրը, ևս եռամաս է` նախամուտք-գավիթ, եկեղեցու բուն մասը և խորանը, որտեղ մատուցվում է Սուրբ Պատարագը: Նոյյան տապան մտնողները փրկվեցին ջրհեղեղից: Այսպես էլ եկեղեցի մտնողները փրկվում են մեղքերի ալեկոծություններից: Նոյը տապանից բաց թողեց սև ագռավին, որ հեռանալով` այլևս չվերադարձավ (Ծննդ. 8.7): Այսպես էլ Քրիստոս Եկեղեցուց` հավատացյալներից, հեռացրեց սևացած սատանային:

Եկեղեցին նաև այլ իմաստով են շատ գեղեցիկ կերպով համեմատում նոյյան տապանի հետ, որով փրկվեցին Նոյն ու իր ընտանիքը, երկրի գազաններն ու կենդանիները (Ծննդ. 7.23): Սակայն բացի այդ փրկարար հատկությունից Եկեղեցին հրաշալի և զորավոր, վերափոխող հատկություն ունի:

Սուրբ Հովհան Ոսկեբերանն ասում է. «Չկա բարի կամ արդար մարդ առանց մեղքի, և չկա վատ մարդ առանց առաքինության»: Այնուհետև եկեղեցական Սուրբ Հայրը, շեշտելով, որ մարդու բնությունն Աստծո կողմից չար չի ստեղծվել, ասում է. «Ոչխարը չի կարող վայրենի լինել, իսկ գայլը` հեզ, որովհետև նրանց բնությունն է այդպես, իսկ մարդը մեկ լինում է չար, մեկ` հեզ, որովհետև օժտված է ազատությամբ, և, հետևաբար, չարը բնությունից չէ»։

Նոյյան տապանն ընդունում էր գայլ և գայլ բաց էր թողնում, ընդունում էր ագռավ և բաց էր թողնում ագռավ: Մինչդեռ Եկեղեցին ընդունում է գայլ, բայց բաց է թողնում անմեղ գառ, Եկեղեցին ընդունում է ագռավ և բաց է թողնում մաքուր աղավնի: