ՆՅՈՒԹԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՎԱՏՔԻ

Հասկանալի է, որ սոսկ նյութականության վրա շեշտադրումը կարող է բացառել կրոնի ուսուցանած սկզբունքներն ու հավատալիքները, հանգեցնել աթեիզմի, հոգևոր կյանքի հանդեպ անտարբերության: Սակայն դա ինչո՞վ է վնասում մարդկանց միջև փոխհարաբերություններին:

Այսօր հոգևորից զերծ, զուտ նյութական ու նյութապաշտական հասկացություններ են տեղ գտնում` շահի, անձնապաստանության, սոսկ մարմնավորի նկատառումով, որի սահմաններում մարդը նաև դիտվում է որպես մեքենա քաղաքական, տնտեսական հսկա համակարգի պահպանման ու գործունեության համար: Մինչդեռ Աստծո մարդեղացման խորհրդով բոլորովին այլ ուղղվածություն է հաղորդվում մարդու և աշխարհի ընկալմանը:

Տիրոջ` մեզ հետ լինելու իրողությամբ Աստծո գործունեությունը հառնում է իր մարդակենտրոնությամբ, որով և մարդու կյանքը պետք է լինի աստվածակենտրոն ոչ միայն առ Աստված հավատարմության ու նվիրումի արտահայտությամբ, այլև Բարձրյալի կողմից պատվիրված` մարդու հանդեպ սիրո, հոգածության, հոգատարության, համերաշխության նախանձախնդրությամբ:

Քրիստոսի մարդեղացումով ու փրկագործությամբ երկնային շնորհների բաշխումը մարդկանց հիանալի օրինակ է հավաքական կյանքում, ըստ առաքելական հորդորի, ունեցած բարիքներին միմյանց հաղորդակից դարձնելու (Եբր. 13.16):

Այն հորդոր է նաև աստվածանմանությամբ ողորմության մեծագույն առաքինության իրագործման` հակառակ նյութի, կապիտալի գերարժևորման և դրա դիմաց մարդու ու նրա կյանքի ստորադասման, նյութական նպատակի համար մարդու կողմից մարդու շահագործման, հակառակ ագահության ու անհագության արատների և կուտակման մարմաջի:

Տիրոջ մարդեղացման և շնորհաբաշխության նմանությամբ ողորմության առաքինության իրագործումը, հիրավի, առաջնային լուծումներից է աշխարհի ցավալի մարտահրավերներից աղքատության հաղթահարման, կյանքի բարօրությանն ու բարեկեցությանն առնչվող խնդիրների լուծման:

 

image149Մեր օրերում աշխարհի տարբեր երկրների, ժողովուրդների, նաև առանձին մարդկանց շփումները հիմնված են հաճախ նյութական կամ տնտեսական համագործակցության, շուկայական հարաբերությունների, շոշափելի շահի ձեռքբերման նպատակի վրա: Այս փոխհարաբերություններում հավատքի գործոնը կարծես դադարում է կամ մղվում երրորդական տեղ: Ի՞նչ տարբերություններ են առաջ գալիս նյութապաշտության կամ աստվածպաշտության միջև ընտրություն կատարելիս մեկ կամ մյուս կողմը հակվելու դեպքում:

Այսօրվա` մի կողմից գերշահույթի հասնելու, մյուս կողմից սպառողականության հոգեբանությունը, որ, ցավոք, առկա է աշխարհում և մեր հասարակության մեջ, մարդկային նյութապաշտության պատճառներից է:

Աստվածպաշտության և նյութապաշտության հակադրությունը մարդու և միաժամանակ ազգի բարօրության, խաղաղության, ինչպես և արդարության ու ճշմարտության օգտին կլուծվի, երբ շահամոլության փոխարեն գործադրվի աստվածապատվեր ողորմությունը (Օսեե 6.6, Մատթ. 5.7, 9.13, 12.7), աշխատողների շահագործման փոխարեն` Քրիստոսապատվեր սերը (Հովհ. 13.34-35), երբ եսասիրության փոխարեն կիրառվի բարի սամարացու նման մերձավորին օգնելը (Ղուկ. 10.29-37), ինքնանպատակ գործունեության փոխարեն` առաքելական հորդորով եղբայրասիրությունը (Հռ. 12.10, Ա Պետ. 1.22), քանզի այսօր հաճախ նյութական շահի կամ համակարգի կենսագործունեության ապահովման նպատակով մարդն ստորադասվում է կապիտալի կամ համակարգի ու հաստատության համեմատ:

Աստվածպաշտությունը նաև մարդկանց միջև հարաբերություններն է վեհացնում, մինչդեռ նյութապաշտությունը մարդկային հարաբերությունները միջոց է դարձնում շահի համար: Աշխարհի միայն տնտեսական կամ նյութական շեշտադրությամբ վերելքը հաճախ պատճառում է հոգևոր-բարոյական անկում, սոսկ նյութական առաջընթացը կամ նյութականի գերարժևորումը հանգեցնում է ընտանիքների քայքայման, հակամարտությունների սկզբնավորման, մարդկանց օտարացման, որը կարող է արտահայտվել ոչ միայն առանձին մարդկանց, այլ նաև ժողովուրդների և պետությունների մակարդակով` քաղաքական կամ ազգային էգոիզմի դրսևորումներով:

Աստվածպաշտությունը, սակայն, մարդու բոլոր գործողությունների հիմքը դնում է ոչ միայն սեփական, այլև համընդհանուր բարօրության հաստատման, աստվածադիր մեծագույն արժեքների կարևորման, կյանքի աստվածաշնորհության ընկալման, հավիտենության գիտակցման վրա: