ՆԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ինչո՞ւ է պետք ներել:

Աշխարհը, երկրները, ընտանիքները լցված կլինեին թշնամանքով ու ատելությամբ, եթե չլիներ միմյանց ներելը: Տեսնում ենք, որ մարդկության կյանքը խաղաղության մեջ չի անցնում. միշտ աշխարհում մի տեղ կա հակամարտություն, պատերազմ, արյունահեղություն: Հին և Նոր Կտակարաններից ներելու վերաբերյալ հետևյալ խոսքերը կարող ենք հիշել:

Մովսես մարգարեն հրեաներին ուսուցանեց. «Կյանքի դիմաց` կյանք, աչքի դիմաց` աչք, ատամի դիմաց` ատամ» (Ելք 21.23-24): Նոր Կտակարանում` ի մասնավորի Մատթեոսի Ավետարանի Լեռան քարոզում, Քրիստոս ասում է. «Եթե մեկը քո աջ ծնոտին ապտակ տա, նրան մյո՛ւսն էլ դարձրու» (Մատթ. 5.39): Թվում է, թե Հին Կտակարանի խոսքը բավականին դաժան է, բայց այն արդարության աստիճանին բարձրացրեց մարդկային հարաբերությունները:

Դա նշանակում էր, որ ուրիշին երբեք չես կարող վնաս հասցնել անիրավ կերպով և փոխհատուցում կարող ես պահանջել միայն այն դեպքում, երբ քեզ վնաս են հասցրել: Այսպիսով, Մովսեսը մարդկանց բարձրացրեց արդարության աստիճանին, իսկ Քրիստոս` շնորհի աստիճանին` սովորեցնելով ներել և չարին բարիով պատասխանել (Մատթ. 5.43-48):

Մեզ համար մարդկային տրամաբանությամբ սխալ է թվում Քրիստոսի ուսուցանած ձևով վարվելը, սակայն Սուրբ Հովհան Ոսկեբերանն ասում է, որ մարդկանց ներելը, մյուս երեսը դարձնելը քո հանդեպ թշնամաբար տրամադրված անձի վրա ցնցող ազդեցություն է ունենում, և այդ դեպքում թշնամիներն անգամ դառնում են մեծագույն բարեկամներ:

Իհարկե, խոսքն այստեղ սատանային ներելու, նրա փորձություններին տրվելու և կամ թշնամի բանակի մասին չէ, որը գալիս է սպանելու և ոչնչացնելու նպատակով: Այս վերջին դեպքի համար գործում է հայրենիքը, սրբությունները, ժողովրդին պաշտպանելու նպատակով Քրիստոսի պատվիրանը, որն ասում է. «Ավելի մեծ սեր ոչ ոք չունի, քան այն, որ մեկն իր կյանքը տա իր բարեկամների համար» (Հովհ. 15.13):

image259Ներելու կարողություն ունենալը և՞ս առաքինության նշան է: Ներելը սիրո առկայության նշա՞ն է:

Եթե առաքինությունը սահմանում ենք որպես բարոյական բարձր չափանիշներին համապատասխան վարմունք, ուրեմն, ներելը ևս առաքինություն է:

Ներելը նաև քրիստոսանմանության լավագույն ճանապարհներից է, որովհետև Քրիստոս ներեց մարդկանց մեղքերը, այդ մեղքերն Իր վրա վերցրեց և չարչարանք կրեց ողջ մարդկության փոխարեն:

Ներելը սիրո արտահայտության նշան է: Ինչի՞ համար ենք մենք ներում: Ներում ենք, որովհետև այս կամ այն չափով սիրում ենք նրան, ով մեր դեմ մեղք է գործել, սակայն ներում ենք նաև, որպեսզի մեղքն արգելք չլինի այդ անձի հետ հարաբերությունների վերացման կամ թշնամության հաստատման:

Քրիստոս ներեց անգամ Իրեն խաչողներին (Ղուկ. 23.34)` սովորեցնելով, որ կարելի է ներել` անգամ խաչված լինելով: Ներման բացակայությունը մարդու մեջ առաջացնում է ժխտական զգացումներ` քեն, վրեժխնդրություն, բարկություն, որոնք ավելի ծանր մեղքեր կարող են բերել:

Մինչդեռ ներելը մարդուն հեռու է պահում մեղքերից, նրան նմանեցնում Քրիստոսին և օգնում մեղանչած մարդկանց ևս դարձնել ավելի լավ ու առաքինի:

Կարդալ նաև`