ՆԵՂՍՐՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՍՏՎԱԾԱՎԱԽՈՒԹՅՈՒՆ

Կա վախի մի տեսակ, որն անձկություն ենք անվանում. որոշ հոգևորականների բնորոշմամբ` այն ծնվում է հավատքի պակասից: Ի՞նչ է դա և ինչպե՞ս է արտահայտվում:

«Անձկություն» բառը Նոր Կտակարանում օգտագործված է երեք անգամ: Գործք առաքելոցում նշվում է, որ նավաբեկության ժամանակ նավի վրա գտնվողներն անձկությամբ ցանկանում էին, որպեսզի լույսը շուտ բացվի և մթության մեջ չկողմնորոշվելու պատճառով նավը խութերին չբախվի (27.29):

Հռոմեացիներին ուղղված թղթում Պողոս առաքյալն ասում է, որ չարիք գործողներն անձկություն են ունենալու (2.9): Նույն թղթում նաև ասում է. «Արդ, ո՞վ պիտի բաժանի մեզ Քրիստոսի սիրուց. տառապա՞նքը, թե՞ անձկությունը, թե՞ հալածանքը, թե՞ սովը, թե՞ մերկությունը, թե՞ վտանգները, թե՞ սուրը» (8.35): Այլ լեզուներով Աստվածաշնչերում Գործք առաքելոցի հիշյալ հատվածի «անձկություն» բառը թարգմանված է` «աղոթելով ցանկանում» էին, իսկ մյուս երկու տեղերում` վիշտ և նեղություն իմաստով է արտահայտված:

«Անձուկ» նշանակում է նեղ: Այս բառը գործածվում է նաև նեղ ճանապարհի վերաբերյալ Քրիստոսի ուսուցման ավետարանական դրվագում (Մատթ. 7.14): Անձկությունը հոմանիշ է նեղսրտությանը, և երբ դրա հետ մեկտեղ նաև այլ բացասական զգացումներ հեռանում են հավատքի զորությունից, մարդը լցվում է Աստծո հանդեպ հույսով, վստահությամբ, հոգու ներդաշնակությամբ ու խաղաղությամբ:

Նեղսրտություն լինում է հատկապես հոգսերի մասին անընդհատ մտորելուց: Այս վիճակը հոգևոր կյանքի մեծ փորձառություն ունեցողները կոչում են բազմահոգություն և խորհուրդ են տալիս հեռու մնալ դրանից:

Ճիշտ է, Քրիստոս հորդորեց ուտելու, խմելու և հագնելու մասին չմտահոգվել, սակայն չարգելեց դրանց մասին մտածելը: Քրիստոս Ինքը Կանայի հարսանիքում ջուրը գինի դարձրեց (Հովհ. 2.1-11), ապա և հացը բազմացրեց (Մատթ. 14.17-21, 15.32-38, Մարկ. 6.41-44, 8. 1-10, Ղուկ. 9.13-17, Հովհ. 6.9-13)` մարդկանց խմելու և ուտելու մասին մտածելով, նաև Պողոս առաքյալը Տիմոթեոսից խնդրեց իրեն բերել իր վերարկուն, որ մոռացել էր հավատացյալներից մեկի տանը (Բ Տիմ. 4.13 ), քանի որ ցրտին վերարկուի կարիք էր զգում:

Հոգսերի մասին մտածելը չէ, որ նեղսրտություն է բերում, այլ բազմահոգությունը, որն առկա բազում հոգսերի մասին միանգամից մտածելն է: Այսպիսի իրավիճակը ճնշում է մարդուն, տանում անգամ հուսահատության: Քրիստոս ասաց. «Օրվա հոգսը բավ է օրվա համար» (Մատթ. 6.34):

Բազմահոգության վնասակար ազդեցությունից հեռու մնալու համար պետք է մտածել մոտակա ժամանակների անհրաժեշտ հոգսի մասին` թողնելով հեռավորը, մի հոգսը լուծել և այնուհետ անցնել հաջորդին: Այսպես կհաջողվի հույսը չկորցնել, Աստծո օգնությամբ դժվարությունները հաղթահարել և նեղսրտություն չունենալ:

Իսկ ինչո՞ւ ենք ասում «աստվածավախ մարդ» կամ «աստվածավախ կին»: Մենք, ըստ էության, նկատի ունենք որևէ անձի հավատացյալ լինելը, բայց դա ի՞նչ կապ ունի վախի հետ:

Հավատքն Աստծո հանդեպ զուգորդվում է երկյուղով, որը բացատրեցինք որպես պատկառելի և կամ մեծապես սիրելի մեկին չվշտացնելու, այլ նրան ուրախացնելու ձգտում և մղում: Աստծո հանդեպ այսպիսի երկյուղով լցված մարդուն անվանում ենք աստվածավախ:

Նման վախը ծագում է ոչ թե սպառնալիքի կամ վտանգի կանխազգացումից, այլ սիրուց, որով հավատացյալը ջանում է որևէ քայլ չկատարել հակառակ Աստծո կամքին, ընթանալ Նրան հաճելի ճանապարհով, փոխաբերական իմաստով` ուրախացնելով Աստծուն, Նրան փառաբանելով իր գործերով: Ահա այս իմաստով է, որ խորապես հավատացյալ անձին անվանում ենք նաև աստվածավախ: