ՆԱՐԵԿԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԵՎ ՆԱՐԵԿԱՑՈՒ ԱՂՈԹՔՈՎ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ

Ո՞վ և ո՞ր դեպքերում կարող է նարեկաբուժության մասին խոսել կամ այն իբրև բժշկության մեթոդ կիրառել: Ինչպե՞ս եք վերաբերվում նարեկաբուժությամբ զբաղվող անձանց, բժիշկներին:

«Նարեկաբուժություն» եզրը հնարել և հանրությանը դրան ծանոթացրել են հայ հոգեբանները: Նրանք են, որ ժամանակ առ ժամանակ ներկայացնում են բուժման այս մեթոդը, համապատասխան բացատրություններ, տեղեկություններ տալիս: Բնականաբար, հենց հոգեբան-հոգեթերապևտներն էլ այն կիրառում են որպես բժշկության մեթոդ:

Նարեկաբուժությամբ զբաղվող որևէ հոգեբան մեր եկեղեցական ասպարեզում ևս կարող է եկեղեցականի հետ միասին զբաղվել տկարություն ունեցող անձի ապաքինմամբ: Բայց ամեն դեպքում հոգեբանի և հոգևորականի գործողությունները նույնը չեն, քանզի տարբեր ընկալման և տարբեր իրողությունների աղբյուրից են գալիս:

Նարեկաբուժություն կիրառողները լինում է, որ շեշտում են մարդու հոգևոր ապրումի, ինչպես նաև զղջման, ապաշխարության կարևորությունը, եկեղեցի այցելելը, հոգևորականի մոտ մեղքերի թողություն ստանալը:

Սակայն միևնույն ժամանակ նրանցից ոմանք նշում են, որ նարեկաբուժությունն օգտակար է բոլոր մարդկանց` անկախ ազգությունից ու դավանանքից, որով արդեն վերացվում է կրոնական-քրիստոնեական ապրումի հասկացությունը` ճշմարիտ աստվածապաշտության հետևորդ լինելու պայմանի անտեսումով:

Այս հասկացությամբ Սուրբ Գրիգոր Նարեկացու աղոթքները կիրառվում են զուտ հոգեբանական նախատեսումներով և անմիջականորեն չեն առնչվում հոգևորին: Հետևաբար, պետք է զգուշանալ հոգեբանական գործողությունները հոգևոր իրողությունների հետ նույնացնելուց և հոգևոր ոլորտը հոգեբանության մակարդակին հավասարեցնելուց: