ՆԱԽԱՆՁ ԵՎ ԹԵՐԱՐԺԵՔՈՒԹՅԱՆ ԲԱՐԴՈՒՅԹ

Ճի՞շտ է, որ նախանձը մարդու` սեփական անձի հանդեպ ունեցած թերարժեքության հետևանք է:

Նախանձը նախ և առաջ չարության և ոչ թե մարդու թերարժեքության զգացման հետևանք է: Թերարժեքությունը մի զգացում է, որով տառապում են բազմաթիվ մարդիկ: Թերարժեքության մտածումը մարդու ժամանակի և մտքերի մեծ մասն սպառում է ուրիշի ենթադրյալ կարծիքների մասին անընդհատ մտածելու, թերարժեքություն ունեցող մարդու կողմից շատ հաճախ առանց հիմքի ենթադրություններ անելու այլոց՝ արդեն եղած կամ ապագայում լինելիք կարծիքների մասին:

Եվ դա հարկադրում է կյանքը կառուցել, գործերը, վարվեցողությունը, խոսքերն արտահայտել ոչ թե ըստ սեփական կամքի կամ Աստծո կամքի համաձայն, այլ հիմնականում` դիմացի մարդկանց ենթադրյալ կարծիքների նկատառումով: Այս դատարկ զբաղմունքը բերում է երկչոտություն, մարդկային հարաբերությունների մեջ սխալ դիրքորոշումներ:

Պետք է անհապաղ դադարել մշտապես ուրիշի կարծիքների մասին ամբողջ օրը մտովի դատողություններ անելուց, և փոխարենը մտածել Աստծուն փառաբանության, սեփական գործերի ու ծրագրերի, սիրով ու արդարությամբ ըստ Աստծո կամքի ապրելու մասին: Ուրիշների կարծիքի մասին թերարժեքության բարդույթով տառապողների մտածումը դադարեցնելը մեծ թեթևություն և հանգստություն կբերի, մարդն ի վերջո կազատվի ինքն իրեն անհարկի մտքերով տառապանքներ պատճառելուց և խաղաղ հոգով ավելի արդյունավոր գործեր կկատարի:

Ուրեմն, նախանձը թերարժեքության հետևանք չէ, որովհետև թերարժեքությունը ստիպում է մարդուն ոչ թե վշտանալ ուրիշների հաջողությունների համար, այլ միշտ սիրաշահել և հաճոյանալ ուրիշներին: Այսպիսով, նախանձը գալիս է չարի գայթակղությունից և մարդուն ևս մղում չար գործողությունների անգամ իրեն բարիք անողների հանդեպ:

Այսպես Սավուղ թագավորը նախանձեց Դավթին, ով և՛ իրեն, և՛ ողջ ժողովրդին փրկեց պատերազմից ու կոտորածից` Գողիաթին հաղթելով: Սավուղը նախանձեց միայն այն պատճառով, որ ժողովուրդը Դավթին ավելի գովեց, քան իրեն (Ա Թագ. 18.7): Այսպես նաև հրեաները նախանձեցին Քրիստոսին և խաչեցին Նրան, ով իրենց մեջ հրաշքներ էր գործում, քաղցածներին կերակրում, դևերին քշում, մեռյալներին հարություն տալիս: Այսպես նաև մարդը նախանձում է մեկին, ով իրեն ոչ մի չարիք չի արել:

Մեկ ուրիշի` բարիքներով լի կյանքը նշանակում է, որ Աստված փառավորվում է նրա միջոցով: Ոսկեբերանը նշում է, որ նախանձ մարդը կարող է ասել, թե իրեն վշտացնում է ոչ թե ուրիշի բարիքը, այլ ինքը ցանկանում է, որ Աստված փառավորվի հենց իր և ոչ թե ուրիշի միջոցով, որովհետև նախանձոտը կարծում է, որ ինքն ավելի արժանի է բարիքների, քան մյուսները:

Հետևաբար, նախանձի մեջ նաև հպարտություն, գոռոզություն կա, և պատահական չէ, որ յոթ մահացու մեղքերի շարքում նախանձն անմիջապես հպարտությունից հետո է հիշվում: Հատկապես այս երկու մեղքերը սատանայի մեղքերն են` հպարտություն Աստծո դեմ և նախանձ մարդու հանդեպ: Պետք է հեռու մնալ մարդուն սատանային նմանեցնող և չարին գործակից դարձնող մեղքերից: