ՆԱԽԱՆՁԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Իբրև չարիք` նախանձը բացասական ազդեցություն է թողնում մարդու հոգևոր և բարոյական կյանքում: Ինչպիսի՞ հետևանքներ այն ունի հասարակության մեջ:

Նախանձի արատավոր հատկությունն այն է, որ չար զգացում է բերում ոչ թե օտարի, այլ հատկապես բարեկամի, հարազատի, հարևանի հանդեպ: Մարդը չի նախանձում այլազգիներին, այլ հենց իր ազգակցին, իսկ իր ազգակիցներից` իր նմանին կամ իր մերձավորներին: Քաղաքացին չի նախանձում զինվորին և ոչ էլ իշխանը` հողագործին, այլ նմանը` իր նմանին, թագավորը` թագավորին, արհեստավորը` իր գործակցին, գյուղացին` մեկ ուրիշ գյուղացու, հոգևորականը` մեկ ուրիշ հոգևորականի, ինչպես ասում են Սուրբ Հովհան Ոսկեբերանը, Սուրբ Գրիգոր Տաթևացին:

Այսպիսի նախանձը բերում է հասարակության մեջ սիրո պակասի, և այդ նույն հասարակության մեջ վատ պատահարների տարածման, որովհետև նախանձը վշտեր ու տրտմություն, Աստծո պատիժն է բերում նախանձոտ մարդուն: Ահա այսպես էլ մի հասարակության մեջ նախանձը պակասեցնում է սերը և տարբեր նեղություններ ու դժբախտություններ բերում:

Նախանձը նաև հասարակության մեջ սնոտիապաշտությունների տեղիք է տալիս` վնասելով հավատքի ճիշտ ընկալումը: Այսպիսի սնոտիապաշտություններից է նախանձ մարդու չար աչքից պաշտպանվելու համար աչքուլունքների, փշերի գործածությունը, ինչն ընդունելի չէ քրիստոնյաների համար, քանզի մեր զորությունը մեր հավատքն է, տերունական խաչը և ոչ թե տարբեր անսուրբ առարկաներ:

Պարզվում է, որ այս սնահավատությունը եղել է դեռևս քրիստոնեության վաղ շրջանում, որի մասին խոսում է Սուրբ Բարսեղ Կեսարացին: Նախանձի մասին իր ճառում նա ասում է, որ նախանձով տառապողներին ավելի վնասակար են համարում, քան թունավոր կենդանիներին, որոնք իրենց թույնը վերքի միջոցով են մարդու մեջ ներարկում և նրանց կծած տեղը աստիճանաբար ավելի է վնասվում:

Մինչդեռ նախանձոտների մասին մտածում են, որ նրանք նույնիսկ մի հայացքով կարող են վնասել մեկի առողջությունը, մյուսի գեղեցկությունը, մեկ ուրիշի հաջողությունը և այլն, կարծես նախանձոտ աչքերից վնասակար մի բան է հեղվում:

«Ես մերժում եմ այսպիսի սնահավատությունը,- ասում է Սուրբ Բարսեղ Կեսարացին,- որովհետև այն ծեր կանանց կողմից է ներմուծված, բայց հաստատում եմ, որ բարին ատող դևերը, երբ մարդկանց մեջ դևերին հատուկ կամայականություններ են գտնում, օգտագործում են բոլոր միջոցները` նրանց գործածելու իրենց սեփական մտադրությունների համար, որով և նախանձոտների աչքերը ևս գործածում են իրենց կամքին ծառայության համար»:

Պետք է իմանալ, որ հավատքն է չարիքների դեմ պատվար լինում, մինչդեռ սնոտիապաշտական առարկաների, թալիսմանների գործածությունը վնասում է մարդու հավատքը, հոգևոր առումով տկարացնում մարդուն և թույլ տալիս չարի հարձակման: Դրա համար պետք է ինքներս մեզ կործանարար դևերի ծառաներ չդարձնենք:

Հասարակության մեջ այլ դասի և ոչ մերձավորների բարիքների հանդեպ հասարակության շատ անդամների դժգոհությունն արդեն տարբեր է նախանձից. այն գալիս է արդարության պահանջից: Հասարակության մեջ ի հայտ է գալիս այդ դժգոհությունը, երբ հասարակությունը խիստ բևեռացվում է, այսինքն` ակնհայտորեն բաժանվում է մեծահարուստների և աղքատների, ընդ որում այդ մեծահարուստներն իրենց աղքատ քույրերի ու եղբայրների քաղցած հայացքների առջև իրենց ահռելի շռայլություններ են թույլ տալիս:

Այս դեպքում ոչ թե նախանձի` ուրիշի բարիքների համար վշտանալու հատկությունն է դրսևորվում, այլ հաշվետվության և բացատրության կարիքը, քանի որ շատերի համար անհասկանալի է մնում, թե նույն երկրի նույն պայմաններում ապրող մարդիկ ինչպե՞ս հանկարծ նյութական ունեցվածքով այսքան տարբերությունների մեջ ընկան, և կամ ինչպե՞ս ներկայիս ֆինանսատնտեսական ճգնաժամը պայմանների վատթարացումով հարվածում է հասարակ ժողովրդին, իսկ այլոց ֆինանսատնտեսական գործերը ծաղկում են ապրում:

Երկրում երկակի չափանիշների գործածումը` օրենքի, արդարադատության, ազատ գործունեության շրջանակներում` պայմանավորված հարուստ և աղքատ, հեղինակություն և պարզ աշխատավոր լինելու նկատառումներով, մեղմ ասած, չի նվազեցնում արտագաղթը, աղքատությունը, նեղությունները, և ավելին` սրանով ժողովուրդը ազգ լինելուց վերածում է զանգվածի, որին կարող են կամազրկել, ձևավորել ըստ ուզածի, և որը կարոտ է իրեն վերևից նետված նյութականի փշրանքների, որի առկայության դեպքում նույնիսկ միմյանց կարող են վնասել` մեկը մյուսից ավելի ունենալու համար:

Արդարադատության և օրենքի կիրառման երկակիության պնդումը բամբասանք կամ չարախոսություն կարող է լինել, երբ արվում է անձնական հակակրանքի կամ սուբյեկտիվ կարծիքի դեպքում: Սակայն մենք այսօր սա բարձրաձայնում ենք, որովհետև մանրամասներին, հատուկ տեղեկություններին իրազեկ չլինելու բացը լրացնում են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հատուկ ուսումնասիրությունների վրա հիմնված զեկույցները և նրա բարձրաձայնումները:

Սուրբ Հովհան Ոսկեբերանն ասում է, որ գողություն է ոչ միայն մեկի ունեցվածքը հափշտակելը, այլև գողություն է ունենալը և ողորմությունը չանելը: Սուրբ Հովհան Մանդակունին ասում է, որ քիչ ունեցողի քիչ ողորմությունը Աստծուն հաճելի է, սակայն շատ ունեցողի քիչ ողորմությունն արդեն ժլատություն է: Այսպիսով, պետք է նման հասարակության մեջ դադարի գողությունը ողորմության գործերով, քանզի դրանով է արտահայտվում նաև արդարությունը, այս դեպքում` սոցիալական արդարությունը հասարակության ներսում:

Արդարություն անել կարողացող, բայց արդարություն չկատարող մարդն ի վերջո, կտեսնի իր հանդեպ Աստծո արդարադատությունը: Այդ իսկ պատճառով ավելի լավ է նախապես արդարության, բարության, ողորմության գործեր անել և Աստծո պատժի փոխարեն Աստծո օրհնությունները ժառանգել: