ՆԱԽԱՆՁԻ ԵՎ ԽԱՆԴԻ ՄԱՍԻՆ

Ինչպե՞ս են բնորոշվում նախանձը և խանդը եկեղեցական հեղինակների ուսուցմամբ:

Նախանձը մարդու վշտանալն է ուրիշների հաջողության համար և ուրախանալն է այլոց անհաջողություններով: Եկեղեցական հեղինակները նախանձը համարում են կործանարար մեղք, որովհետև նաև այս բառը, ինչպես նշում է Սուրբ Գրիգոր Տաթևացին, նշանակում է, որ մարդը նախ իր անձին և հոգուն է վնասում, ապա` բարեկամներին, ընկերներին:

Նախանձը համարվում է չար ուժերի ազդեցության հետևանք, եկեղեցական հեղինակները նույնիսկ օգտագործում են «նախանձի դև» արտահայտությունը: Նախանձը նախ և առաջ սատանայի մեղքն է, որովհետև սատանան նախանձեց Աստծո կողմից մարդուն տրված փառքին ու բարերարություններին, և չկարողանալով վրեժխնդիր լինել Աստծուց` վրեժխնդիր եղավ մարդուց: Ինչպես ասվում է Սողոմոնի իմաստության մեջ «Մահը աշխարհ է եկել բանսարկուի նախանձով» (2.24):

Նախանձոտը կոչվում է նախանձաբեկ, որովհետև նախանձի զգացումը մշտապես բեկում և խորտակում է այդպիսի մարդու սիրտը: Նախանձը ներքնապես քայքայում է մարդուն, ինչպես ժանգը` երկաթին: Նախանձ մարդը չի բացահայտում իր զգացումները, թաքցնում է այն մարդուց, ում հանդեպ ունի այդ դատապարտելի զգացումը, իրեն սիրալիր ցույց տալիս: Սակայն ինչպես ներսից վառվող հարդը դրսից մաքուր է երևում, բայց սկսված կրակը ներքին կողմից վառում և կործանում է այն, այսպես էլ նախանձոտ մարդու հետ է լինում:

Նախանձը շատ ավելի վատ է արծաթասիրության մեղքից, որովհետև արծաթասերը, փողասերն ուրախանում է, երբ ինքն է ստանում, իսկ նախանձոտն ուրախանում է, երբ ուրիշը չի ստանում` այլոց անհաջողությունն իր համար հաջողություն համարելով: Նախանձն ավելի վատ է բարկության մեղքից, որովհետև բարկությունը լինում է չարիքների, չար գործերի համար, իսկ նախանձը լինում է բարիքների համար:

Օրինակ` բարկանում ենք, երբ մեկը թերի է հավատքով կամ անկարգ է գործերում կամ թշնամի է մեզ: Սակայն նախանձը պատահում է, երբ նախանձոտ մարդիկ տեսնում են, որ մարդն ուղիղ է հավատքի մեջ ու սրբակենցաղ և փառավորվում է գործերով:

Խանդը տարբեր է նախանձից, այն իր ունեցածը` հիմնականում սիրելի էակին կորցնելու երկյուղն է, կամ` իր հանդեպ ուշադրության նվազման հետ կապված վախը: Այն հատկանշվում է զայրույթի, անօգնականության, կորցնելու վախի զգացումների միատեղմամբ: Խանդը հանդիպում է նաև երեխաների մոտ, երբ ավագ երեխան խանդում է իրենից ավելի փոքրին, երբեմն վնասում նրան, որովհետև կարծում է, թե ծնողների ուշադրությունը կրտսեր եղբոր կամ քրոջ պատճառով իր հանդեպ պիտի պակասի:

Խանդը մեծապես վնասում է այդ զգացումը կրող մարդուն, վատ անդրադառնում ամուսինների հարաբերության վրա: «Հզոր է սերը մահվան պես, խանդը դաժան է դժոխքի նման, նրա թռիչքը նման է հրի բոցի թռիչքին»,- խանդի վնասակար լինելն այսպես է նկարագրվում Երգ Երգոցում (8.6): Դրա համար Աստվածաշունչը խրատում է հեռու մնալ խանդից, ինչպես նաև առիթներ չտալ խանդելու. «Մի՛ խանդիր սրտակից կնոջդ և չար խորհուրդներ մի՛ հարուցիր քո նկատմամբ»,- ասվում է Սիրաքի իմաստության մեջ (9.1):

Կարդալ նաև`