ՅՈԳԱՅԻ ՄԱՍԻՆ

20-րդ դարի կեսերից յոգայի ուսմունքը և կիրառությունը տարածվեց աշխարհով մեկ: Այն մեծ ճանաչում գտավ հատկապես արևմտյան երկրներում, հասավ անգամ մինչև Հայաստան: Այսօր շատ մարդիկ տարված են յոգայով և դրա առաջարկած վարժություններով: Ի՞նչ է յոգան:

Յոգան սկզբնավորվել է հինդուիստական կրոնից և իրենից ներկայացնում է ֆիզիկական, հոգեմտավոր վարժությունների հավաքածու, որոնց նպատակն է միավորել մարմինն ու միտքը և վերջում մարդուն հասցնել լուսավորության:

Կան յոգայի տարբեր տեսակներ` Հաթհա Յոգա, Կարմա Յոգա, Ռաջա Յոգա և այլն, որոնցից արևմտյան աշխարհում լայնորեն տարածվածը Հաթհա Յոգան է: Յոգայի ջատագովները, ովքեր այն առաջարկում են նաև տարբեր կրոնների, գաղափարախոսությունների հետևորդներին, պնդում են, որ յոգայի ուսուցանած վարժություններում մարմնի դիրքերը չեզոք են և անձին չեն ներգրավում հոգևոր գործողության:

Ինչպես, օրինակ, քրիստոնեական աղոթքի ձև է ծնկաչոք աղոթքը, սակայն ծնկաչոք դիրքն առանձին վերցրած` որևէ մեկին չի ներգրավում կրոնական գործողության, այլ կարող է նաև լինել ինչ-որ բան փնտրելու, ամուսնության առաջարկ կատարելու կամ մեկ այլ նպատակով:

Այսօր կիրառվում է յոգայի սկզբունքների, վարժությունների գործածումն անգամ բժշկության մեջ` սրտային հիվանդությունների, ասթմայի, մեջքի ցավի և նույնիսկ հետտրավմատիկ հոգեբանական խախտումների բուժման համար, նշվում է, որ յոգան ունի նաև թերապևտիկ նշանակություն:

Ուրեմն, յոգայի վարժություններն օգտակա՞ր են, և քրիստոնյան կարո՞ղ է զբաղվել յոգայով:

Տարբեր Եկեղեցիներ, Եկեղեցիների պետեր, եկեղեցական փաստաթղթեր անդրադարձել են յոգային` կատարված ուսումնասիրությունների հիման վրա յոգայի հետ կապված հարցին քրիստոնեական պատասխաններ տալով: Այդ պատասխաններում նշված են յոգայի թե՛ դրական և թե՛ բացասական կողմերը:

1989 թ. Կաթոլիկ Եկեղեցու Հավատքի վարդապետության կոնգրեգացիան կարդինալ Ջոզեֆ Ռատցինգերի (ով հետո դարձավ Հռոմի Պապ` Բենեդիկտոս 16-րդ անունով) գլխավորությամբ փաստաթուղթ հրապարակեց` «Քրիստոնեական խոկման որոշ կերպերի մասին» վերնագրով (այս փաստաթղթի ամբողջական անվանումն է` «Կաթոլիկ Եկեղեցու եպիսկոպոսներին ուղղված թուղթը քրիստոնեական խոկման որոշ կերպերի մասին»):

Քրիստոնեական և արևելյան խոկման տարբերություններին անդրադարձող այս փաստաթղթում նշվում է, որ յոգայի որոշ ֆիզիկական վարժություններ մեքենայաբար առաջացնում են խաղաղության և անդորրության զգացում, հաճելի այլ զգացումներ, գուցե նույնիսկ լուսավորության և ջերմության զգացման երևույթ: Իսկ յոգայի առաջարկած շնչառական վարժությունները, որոնք նույնական են բժշկական վարժությունների հետ, թույլատրելի են` առանց կրոնական կամ միստիցիզմի միտումների և մանտրաների արտասանության:

Սակայն նույն փաստաթղթում հաստատվում էր նաև յոգայի բացասական ազդեցությունը: Զգուշացում էր տրվում հոգևոր և հոգեբանական վտանգների առկայության մասին: Վտանգներից մեկը յոգայի ֆիզիոլոգիական երևույթները հոգևոր երևույթների հետ շփոթելու մեջ է:

Դրանց խորհրդապաշտական, միստիկ փորձառության նշանակություն տալը, երբ անձի բարոյական վիճակը չի համապատասխանում այդպիսի փորձառության, իրենից ներկայացնում է մտավոր շիզոֆրենիայի մի տեսակ, որը տանում է հոգևոր խանգարման և երբեմն բարոյական աղճատման:

Կարդալ նաև`