ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԴԻԱԿԻԶՄԱՆ ԵՎ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՆԵՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ

Դիակիզումն ընդունելի չէ և խորթ է քրիստոնեական մեր աշխարհայացքին, սակայն, օրինակ, համաճարակի դեպքում դիակիզումը բացառությամբ թույլատրելի է: Այսօր այն դեպքում, երբ օրենքը հիմնավորում է տարածքային խնդիրը, ինչո՞ւ բացառության սկզբունքը չի կարող գործել:

Տարածքային խնդիրը, որով ավելի շատ պայմանավորում էին դիակիզարանների մասին օրենքի ընդունումը, ամբողջապես ճիշտ չէ: Երբ 2006 թվականին դիակիզարանների հարցը բարձրացվեց, խնդիրն այնպես էր ներկայացվում, որ կարծես թե պայմաններն օրհասական են, և պետք է շտապ միջոցներ ձեռք առնել: Սակայն հետո պարզվեց, որ դիակիզարանի կառուցումը հսկայական դրամական միջոցների հետ է կապված, որով և գործընթացը բավականացավ միայն թղթի վրա օրենքի գրությամբ:

Մտավախություն կա, որ դիակիզարանների վերաբերյալ օրենքից գուցե ինչ-որ մեկը փորձում էր օգտվել` հիմքեր դնելու իր բիզնես ծրագրերի իրականացման համար: Սակայն այդ օրենքի ընդունումից մինչ այսօր թաղումները շարունակվում են ինչպես նախկինում, որից ակնհայտ է դառնում, որ տարածքների խնդիրը ներկայացվում էր ուռճացված կերպով:

Իհարկե, տարածքների խնդիր կա հատկապես մայրաքաղաք Երևանում, որտեղ շատ են գերեզմանները, և գուցե նոր հողատարածքները գերեզմանների համար տրամադրելը նպատակահարմար չէ: Ոչ ոք էլ չի ցանկանում, որ մեր մայրաքաղաքի հողերի մեծամասնությունը գերեզմանների տրամադրվեն, և մայրաքաղաքը վերածվի հսկայական գերեզմանոցի: Երևանում խնդիր կա նաև գերեզմանների և բնակելի տարածքների հետ կապված, քանի որ գերեզմանները բնակելի տարածություններից պետք է լինեն առնվազն քսան մետր հեռավորության վրա և պատված խիտ բուսականությամբ:

Կան գերեզմանատներ, որոնք արդեն դուրս են եկել դեպի փողոցներ, որտեղով մեքենաների երթևեկություն է իրականացվում: Նաև աննպատակահարմար վայրում հաստատված գերեզմանատուն կա, որ գտնվում է ծանր հիվանդների համար հատկացված հիվանդանոցների մոտ: Դեպի հիվանդանոց տանող բանուկ ճանապարհներից մեկն անցնում է այդ գերեզմանատան հենց հարևանությամբ, և հիվանդանոցային պալատների պատուհաններից էլ երևում են գերեզմանները: Ծանր հիվանդների պարագայում այս ամենն ընկճող կարող է լինել:

Ճիշտ է, քրիստոնեական տեսակետով նաև հակառակ դիրքորոշումը կա: Օրինակ` մեր հինվուրց եկեղեցիների գավիթներում թաղումներ են կատարված, գավիթները պատված են շիրմաքարերով, և մարդը եկեղեցի մտնելիս պետք է անցնի այդ տապանաքարերի վրայով` իր մեջ հաստատելու գիտակցությունը, որ մահկանացու է, այս կյանքի ժամանակը թանկ է, և ինքը պետք է բարի ընթացքով ու գործերով արժևորի իր կյանքը, ինչպես նաև մտածի հավիտենականի մասին: Նաև Սուրբ Ներսես Շնորհալի Հայրապետն է իր «Հավատով խոստովանիմ» աղոթքներից մեկում խնդրում, որ Աստված բևեռի իր հոգում մահվան սոսկալի օրվա մասին մտածումը, որովհետև մահկանացու լինելու մասին գիտակցությունը մարդուն հեռու է պահում մեղքից, առավել խթանում բարի, առաքինի ապրելակերպին, գործերին: Սակայն ծանր հիվանդությամբ տառապողների և նրանց հատկացված հիվանդանոցի հետ կապված մտահոգությունը գերեզմանների մոտ լինելու առկայության վերաբերյալ նաև խիստ մտահոգիչ է:

Եթե մայրաքաղաքում տարածքներ չկան գերեզմանների համար, ուրեմն պետք է տարածքներ տրամադրել միջքաղաքային ճանապարհներին ևս, որոնք համապատասխան կլինեն՝ երթևեկելի մասից որոշ հեռավորության պայմանը պահելով: Բայց տարածքներին առնչվող, բարձրաձայնվող խնդիրն ամբողջապես չէ, որ համապատասխանում է իրականությանը:

Գերեզմանատներում տեսնում ենք հարուստների գերեզմաններ, որոնք մեծ տարածք են զբաղեցնում և որոնց վրա հսկայական արձաններ կամ դամբարաններ են սարքված, մինչդեռ այդ հողատարածքը կարելի էր բաժանել մի քանի գերեզմանների համար: Նույն մայրաքաղաք Երևանում կամ շրջակայքում մեծահարուստներին տրամադրում են մեծ հողատարածություններ կամ ամբողջական բլուրներ, նրանց շքեղ առանձնատների և դրանց կից մեծատարածք այգիների կամ կալվածքների համար: Այս փաստը նշելով` չենք դատապարտում հարուստներին, թող վայելեն իրենց ունեցածը և իրենց ունեցվածքից նաև կարիքավորներին բաժին հանեն: Բայց եթե տարածքներ կան նրանց կալվածքների, առանձնատների, գերեզմանոցներում ունևորների մեծ գերեզմանների համար, ուրեմն տարածքների մասին հարցը օրհասականորեն ներկայացները ճիշտ չէ:

Նաև միջքաղաքային ճանապարհներին տեսնում ենք, որ բավականին հողատարածքներ են տրամադրված խաղատների և տարբեր «օբյեկտների» համար: Հետևաբար, գերեզմանատների մասին խոսելիս տարածքների հարցը բարձրացնելու պարագայում պետք է ազնիվ լինել և ճիշտը ասել, որ ըստ որոշ պաշտոնյաների` տարածքներ չկան գերեզմանների համար, սակայն տարածքներ կան հարուստների հսկայական գերեզմանների, առանձնատների, կալվածքների և խաղատների համար: