ՄԻ ՔԱՆԻ ԽՈՍՔ ԱԹԵԻՍՏՆԵՐԻՆ

Զարմանալի է աթեիստների աստվածամարտ և եկեղեցահալած բնույթը: Հավատացյալ քրիստոնյան հատուկ չի մտածի, թե ինչով և ինչպես կարելի է վիրավորել աթեիստի զգացումները, ինչ հոխորտանքներով հարձակվել նրա ու նրա համոզմունքների վրա, ինչ վիրավորական ակնարկներ կամ խոսքեր նետել ու գրել:

Ինչպես հավատացյալներն են հավաքվում և միասնաբար աղոթում, քննարկումներ ունենում, և իրենց հայացքներն ուղղված են դեպի Աստված ու հավիտենություն և ոչ թե դեպի անհավատների հետ հակամարտություն, այնպես էլ աթեիստները թող բարի լինեն բավականանալու միասնաբար հավաքվելով և իրենց քննարկումները կատարելով, մնան իրենց անհավատության կամ աթեիզմի շրջանակներում:

Բայց ոչ, դա անհավատին չի բավարարում, նա ներքին «հոգևոր» բավականություն է ստանում, երբ մատնանշում են հոգևոր կամ եկեղեցական ասպարեզում առկա թերություններ, երբ քարկոծում են ինչ-որ եկեղեցականի (լավ է, որ դեռ խոսքերով), երբ սայթաքում է լինում հավատացյալի կամ հոգևորականի, հրճվում են:

Այս կերպ վարվում են նաև արևմտյան աշխարհից մեր իրականություն ներթափանցած աղանդավորները, մատնանշում որևէ ավանդույթ կամ ուսուցում, հարձակվում Եկեղեցու և նրա արժեքների վրա: Այդ իմաստով, հետևաբար, կարող ենք խոսել աթեիստական աղանդի մասին: Մի՞թե որևէ անհավատ կամ աթեիստ, որ մի քանի ժամանակակից գրքեր է կարդացել ու աթեիստական մի քանի տերմիններ կարող է օգտագործել իր խոսքի մեջ, ավելի խելացի է, քան Մեսրոպ Մաշտոցը, Սահակ Պարթևը, Գրիգոր Նարեկացին, Մովսես Խորենացին, Կոմիտասը և այլ բազումներ, ովքեր հավատքի և Եկեղեցու հետևորդներ ու սպասավորներ են եղել:

Եթե դուք, աթեիստներ, հետևորդն եք Չարլզ Դարվինի, Էկոյի կամ չգիտեմ թե էլ ում, մենք՝ հավատացյալներս, նախընտրում ենք լինել հետևորդները վերոնշյալ սրբակենցաղ հայորդիների: Ո՞վ է ասում, որ եկեղեցական ասպարեզում չկան թերություններ, սայթաքումներ, բարեփոխման անհրաժեշտ իրողություններ: Բայց արդյո՞ք դա հիմք է թշնամաբար վերաբերմունքի:

Աթեիզմի հետևորդները  կարծես փորձում են պարտված գաղափարախոսության վիրավորանքի իրենց զգացումը  մեղմել՝ հարձակումներ կատարելով Եկեղեցու, հոգևորականների, առհասարակ հավատացյալների վրա: Անկասկած է, որ ստալինիզմի պայմաններում այդ հարձակումները միայն խոսքային կամ գրային բնույթ չէին կրելու:

Ո՞վ է մարտնչում ու պայքարում Աստծո, Եկեղեցու և հավատքի դեմ տարբեր միջոցներով, ներազդեցություններով, մարդկանց օգտագործելով: Գիտենք այդ չարի անունը, որ պարզապես չենք արձանագրում մեր ազգակից անհավատներին չպիտակավորելու համար: Հիշենք, որ մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, ասաց. «Օրհնեցե՛ք ձեզ անիծողներին, բարությո՛ւն արեք ձեզ ատողներին և աղոթեցե՛ք նրանց համար» (Մատթ. 5.44):