ՊԱՏԿԵՐ ԵՎ ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ. ՄԻ ԴԱՏԻՐ, ՈՐ ՉԴԱՏՎԵՍ

Քրիստոս ասում է` մի՛ դատեք, որ Աստծուց չդատվեք (Մատթ. 7.1), սակայն սա դատելու առումով բացարձակ անգործության հրահանգ չէ։ Հովհան Ոսկեբերանը բացատրում է, որ եթե մեղավորը գնում է շնության, մի՞թե չպետք է զգուշացնեմ, որ շնությունը մեղք է։ Քրիստոս ասաց` մի՛ դատիր, սակայն չասաց, թե մեղավորին մի կանգնեցրու։ Սա նշանակում է, որ պետք է դատել ոչ թե վրեժխնդրության զգացումով, այլ պետք է դատել իբրև դեղ դնող բժիշկ։ Եփրեմ Ասորին սովորեցնում է, որ չդատելու պատվիրանը մեզ հորդորում է անարդարացիորեն չդատել, որպեսզի մենք էլ անարդարության համար չդատվենք։

Եկեղեցական մեկնիչներն այս առնչությամբ կարծես թե խոսել են միայն մարդկային ներանձնական հարաբերությունների մասին և չեն անդրադարձել պետական դատարաններին։ Սակայն Հովհան Ոսկեբերանն իր քարոզներից մեկում խոսելով խղճի մասին, ասում է, որ խիղճը, ի տարբերություն սովորական դատավորների, անաչառ դատավոր է։ Այստեղ կարծես թե ակնարկ կա նույնիսկ այն ժամանակ տարածված կաշառքի և կեղծ վկայությունների։ Հայ Առաքելական Եկեղեցու հեղինակներից  Հովհաննես Պլուզ Երզնկացին արդեն բացահայտ անդրադառնում է պետական դատարաններին: Նա նման դատարանների գործունեությունը երբեմն համարում է անարդարացի:

Հովհաննես Երզնկացին ասում է. «Ինչպես որ մարմինը մեռած է առանց հոգու, այնպես էլ առանց կարգ ու կանոնի ավերակ կլինեն քաղաքները, պետությունները: Այսինքն` դատարանները շատ օգտակար են, սակայն դրանք հաճախ նման են սարդոստայնի, որոնցում մոծակները և փոքր միջատները բռնվում են, իսկ մեծերը` պատռելով անցնում»: Նա չափազանց անարդարացի է համարում այն, որ դատարանները դատապարտում են աղքատներին, իսկ հարուստներին վնաս չեն պատճառում:

Մեր եկեղեցական հեղինակներից Ստեփանոս Սյունեցին նշում է, որ բոլոր դատողները չէ, որ պետք է դատվեն, որովհետև դատում էին և՛ Մովսեսը, և՛ մյուս օրենսդիրները, նաև թագավորները՝ ըստ Աստծո հրամանի։ Իսկ Պողոս առաքյալն ասում է. «Չգիտե՞ք, թե մենք հրեշտակներին էլ ենք դատելու, ուր մնաց թե երկրավորներին» (Ա Կորնթ. 6.3)։ Այսինքն` պետք է զուր տեղը չդատել, կամ էլ պետք է դատել այնպես, ինչպես Քրիստոս սովորեցնում է. «Ինչու՞ քո եղբոր աչքի մեջ շյուղը տեսնում ես, իսկ քո աչքի մեջ գերանը չես տեսնում: Կեղծավո՛ր, նախ հանի՛ր քո աչքից այդ գերանը և ապա հստակ կտեսնես՝ քո եղբոր աչքից շյուղը հանելու համար» (Մատթ. 7.3, 5)։