ՄԻԱՅՆ ՀԱՑՈՎ ՉԻ ԱՊՐԻ ՄԱՐԴ

Միայն հացով չի ապրի մարդ, այլ՝ այն ամեն խոսքով, որ դուրս է գալիս Աստծու բերանից (Մատթ. 4.4):

Ձեզնից ո՞վ է այն մարդը, որից իր որդին եթե հաց ուզի, միթե քա՞ր կտա նրան. և կամ եթե ձուկ ուզի, միթե օ՞ձ կտա նրան: Արդ, եթե դուք, որ չար էք, գիտեք ձեր որդիներին բարի պարգևներ տալ, որքա՜ն ևս առավել ձեր Հայրը, որ երկնքում է, բարիքներ կտա նրանց, որ Նրանից ուզում են (Մատթ. 7.9-11):

Եվ մինչ նրանք դեռ ուտում էին, Հիսուս հաց վերցրեց, օրհնեց ու կտրեց և տվեց աշակերտներին ու ասաց. «Առե՛ք, կերե՛ք, այս է Իմ մարմինը»: Եվ բաժակ վերցնելով՝ գոհություն հայտնեց, տվեց նրանց ու ասաց. «Խմեցե՛ք դրանից բոլորդ, որովհետև այդ է նոր ուխտի Իմ արյունը, որ թափվում է շատերի համար՝ իրենց մեղքերի թողության համար: Բայց ասում եմ ձեզ, այսուհետև Ես այլևս որթատունկի բերքից չեմ խմի մինչև այն օրը, երբ ձեզ հետ կխմեմ նորը Իմ Հոր արքայության մեջ» (Մատթ. 26.26-29):

«Մովսեսը չէ, որ ձեզ երկնքից հաց տվեց, այլ Իմ Հայրն է, որ տալիս է ձեզ ճշմարիտ հացը երկնքից. որովհետև Աստծուց է այն հացը, որ իջնում է երկնքից և կյանք է տալիս աշխարհին»: Նրան ասացին. «Տե՛ր, ամեն ժամ տո՛ւր մեզ այդ հացը»: Հիսուս նրանց ասաց. «Ես եմ կենաց հացը. ով դեպի Ինձ գա, քաղց չի զգա, և ով Ինձ հավատա, երբեք չի ծարավի:  Բայց Ես ձեզ ասել եմ, թե Ինձ տեսաք և չեք հավատում: Բոլոր նրանք, ում Հայրն Ինձ տալիս է, կգան Ինձ մոտ, և ով որ Ինձ մոտ կգա, դուրս չեմ անի. որովհետև Ես երկնքից իջա ոչ թե Իմ կամքը կատարելու համար, այլ՝ կամքը Նրա, ով Ինձ ուղարկեց» (Հովհ. 6.32-38):