ՄԻ՛ ՎՀԱՏՎԻՐ

Ես հույսս դրի Տիրոջ վրա, պիտի ցնծամ և ուրախանամ Քո տված փրկությամբ: Տեսար իմ նվաստացումն ու ինձ փրկեցիր վշտերից (Սաղմ. 30.8):

Որքա՜ն շատ է Քո ողորմության քաղցրությունը, Տե՛ր, որ պահեցիր երկյուղածներիդ համար (Սաղմ. 30.20):

Ինձ ցնծություն և ուրախություն լսել տո՛ւր, և թող տառապյալ ոսկորներս ցնծան: Երեսդ շո՛ւռ տուր իմ մեղքերից և իմ բոլոր հանցանքները ջնջի՛ր ինձնից: Իմ մեջ մաքուր սիրտ հաստատի՛ր, Աստվա՛ծ, և արդար հոգի նորոգի՛ր իմ որովայնում: Մի՛ գցիր ինձ, Տե՛ր, Քո երեսից և սուրբ Հոգիդ մի՛ հանիր ինձնից: Ինձ փրկության ցնծությո՛ւն տուր, և քո տիրական Հոգով հաստատի՛ր ինձ (Սաղմ. 50.10-14):

Աղքատ ու վշտացած եմ ես. թող քո պարգևած փրկությունն, Աստվա՛ծ, ինձ բռնած պահի: Օրհնությամբ պիտի օրհնեմ անունն իմ Աստծու, և գովաբանությամբ պիտի մեծարեմ Նրան: Դա հաճելի կլինի Աստծուն` մատաղացու հորթից ավելի, որ եղջյուրներ ու կճղակներ ունի: Աղքատները կտեսնեն ու կուրախանան. փնտրեցե՛ք Աստծուն, և ձեր հոգիները կփրկվեն, քանզի Տերը լսեց տնանկներին, և Իր գերյալներին չարհամարհեց (Սաղմ. 68.30-34):

Դեպի մե՛զ դարձիր, Աստվա՛ծ, փրկի՛չ մեր, ու ե՛տ պահիր զայրույթդ մեզնից: Մեզ վրա հավիտյան մի՛ բարկացիր, Տե՛ր, և բարկությունդ սերնդից սերունդ թող չձգվի: Աստվա՛ծ, Դու դարձյալ մեզ պիտի փրկես, և ժողովուրդդ պիտի ուրախանա Քեզնով: Ցո՛ւյց տուր մեզ Քո ողորմությունը, Տե՛ր, և Քո փրկությունը շնորհի՛ր մեզ (Սաղմ. 84.5-8):

Տիրո՛ջը սիրողներ, ատեցե՛ք չարությունը. Տերը պահպանում է Իր սրբերի հոգիները, մեղավորների ձեռքից փրկում է նրանց: Արդարների համար լույս ծագեց, և սրտով շիտակների համար ուրախություն եղավ (Սաղմ. 98.10-11):

Երանի նրանց, ովքեր իրավունքն են պահում և ամեն ժամ արդարություն գործում: Հիշի՛ր մեզ, Տե՛ր, ի հաճություն Քո ժողովրդի, և այցելի՛ր մեզ Քո շնորհելիք փրկությամբ: Տեսնենք բարությունը Քո ընտրյալների, ուրախանանք Քո ազգի ուրախությամբ, ու պարծենանք Քո ժառանգությամբ (Սաղմ. 105-3-5):

Որդյա՛կ իմ, Տիրոջ խրատը մի՛ անարգիր և մի՛ վհատվիր, երբ հանդիմանվես Նրանից, քանի որ Տերը, ում սիրում է` խրատում է: Ո՞րն է այն որդին, որին հայրը չի խրատում (Եբր. 12.6-7):

Քաջալերվեցե՛ք, որովհետև Ես հաղթեցի աշխարհին (Հովհ. 16.33):