ՄԻ՛ ՄԵՐԺԻՐ ՄՈՐԴ ՊԱՏՎԻՐԱՆԸ

Լսի՛ր, որդյա՛կ, հորդ խրատը և մի՛ մերժիր մորդ պատվիրանը, որպեսզի շնորհի պսակ կրես քո գլխին և ոսկի մանյակ՝ քո պարանոցին (Առակ. 1.8-9):

Որդյա՛կ, պահի՛ր հորդ օրենքը և մի՛ մերժիր մորդ խրատը: Ընդունի՛ր դրանք հոգուդ մեջ, մշտապես պահի՛ր քո գլխում և, իբրև մանյակ, գցի՛ր քո պարանոցին: Երբ ճանապարհ գնաս, հե՛տդ տար, և թող դրանք քեզ հետ լինեն. երբ քնած լինես, պիտի քեզ պահպանեն, երբ արթնանաս, պիտի զրուցակից լինեն քեզ: Օրենքի պատվիրանը ճրագ է, հանդիմանությունը և խրատը լույս են և կյանքի ճանապարհ (Առակ. 6.20-23):

Իմաստուն որդին ուրախացնում է հորը, անմիտ որդին տրտմություն է մոր համար: Գանձերը չեն օգնի անօրեններին, մինչդեռ արդարությունը փրկում է մահից: Տերը սովամահ չի անում արդարին, բայց ամբարիշտների կյանքը պիտի կործանի: Աղքատությունը խեղճացնում է մարդուն, ժրաջան ձեռքերը հարստացնում են նրան: Խրատված որդին իմաստուն կլինի, իսկ անմիտը ծառա կդառնա: Իմաստուն որդին ազատվում է խորշակից, անօրեն որդին խորշակահար է լինում ամռանը: Տիրոջ օրհնությունն արդարների գլխին է (Առակ. 10.1-6):

Հայրը չի կարող ուրախ լինել անխելք որդու համար, բայց խելացի որդին ուրախացնում է մորը (Առակ. 17.21):

Լսի՛ր, որդյա՛կ, քեզ ծնող հորը և մի՛ արհամարհիր քո մոր ծերությունը: Ճշմարտությո՛ւն ձեռք բեր և չթողնես իմաստությունը, խրատը և խոհեմությունը:

Արդար հայրը բարությամբ է կրթում զավակին, և նրա սիրտը պիտի ուրախ լինի իմաստուն որդու համար: Թող քո հայրն ու մայրն ուրախ լինեն քեզ համար, և թող ուրախանա նա, ով ծնել է քեզ (Առակ. 23.22-25):