ՄԵՌԵԼՈՑ. ՄՏՈՐՈՒՄ ՄԱՀՎԱՆ ՄԱՍԻՆ

Հատկապես այն օրերին, երբ մենք հիշում ենք մեր ննջեցյալներին, կամ գլխիկոր կանգնում ենք մեր հարազատների, ազգականների կամ բարեկամների գերեզմանների առջև, տարբեր տխուր ու թախծոտ մտքեր ենք ունենում երբեմն մեր թերահավատության պատճառով: Մենք մտածում ենք` մի՞թե սա է նրանց և մեր բոլորի վերջը, կա՞ արդյոք կյանք մահից հետո, եթե այո, ապա ի՞նչ է լինում մարդկային հոգին` բաժանվելով մարմնից: Ահա այս և նման հարցերի պատասխանները:

Հիսուս Քրիստոս ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե ցորենի հատիկը հողի մեջ ընկնելով չմեռնի, միայն հատիկն ինքը կմնա, իսկ եթե մեռնի բազում արդյունք կտա» (Հովհ. 12.24): Ավետարանի այս հատվածը հեգևորականներն ընթերցում են հոգեհանգստյան արարողության ժամանակ` մեկ անգամ ևս վկայելով, որ ըստ Քրիստոսի խոսքի կամ էլ ըստ Պողոս առաքյալի հաստատման` մեռնելը շահ է (Փիլիպ. 1.21): Գուցե զարմանալի է նման պնդումը, սակայն այն ավելի լավ հասկանալու համար պետք է իմանալ հետևյալը: Թեպետ մարդը երկար է ապրում, սակայն նրան պատկանող օրերը երկուսն են` ծննդյան և մահվան: Այն, որ դրանց միջինն է, մերը չէ, այլ ըստ պատահման, որովհետև շատ բաներ են մեզ պատահում այդ ընթացքում:

Այս երկու օրերից թվում է, թե ծննդյան օրն է լավ, որի համար էլ ուրախանում ենք: Սակայն Սողոմոնը, ընդդեմ մեր կարծիքի, ասում է. «Մահվան օրը լավ է ծննդյան օրից» (Ժող. 7.2): Պատճառն այն է, որ ծնվելիս գալիս ենք այս ցավալի աշխարհ, իսկ մահով ազատվում ենք այս աշխարհից: Այս կյանքը բազմահոգ է, իսկ այն կյանքը` առանց հոգնության և կարոտության: Դարձյալ` ծնունդը մահվան է բերում մեզ, իսկ մահը` հավիտենական կյանքի, հետևաբար «լաւ է օր մահու, քան օր ծննդեան»: Այս կյանքում չար մարդկանց և անհավատների ենք ընկերակիցներ ունենում, իսկ մահից հետո` սուրբ մարդկանց և հրեշտակների:

Եթե մենք ուշադիր լինենք, կտեսնենք, որ ննջեցյալին թաղողները ճիշտ և ճիշտ նույն գործն են անում, ինչ հողագործները: Հողագործը երկար ժամանակ քրտնաջանորեն աշխատելով սերմեր է հավաքում, այնուհետև, երբ գալիս է ցանելու ժամանակը, իր մեծ աշխատանքով հավաքած սերմերը գետին է նետում: Եվ ոչ միայն այս, դեռ ավելին, սերմերը հողին նետելով` նա միևնույն ժամանակ երբեմն-երբեմն հայացքը երկինք է բարձրացնում և աղոթում, որ անձրև գա և հողի մեջ փտեցնի տքնաջան աշխատանքով իր կողմից վաստակած այդ սերմերը, որպեսզի ինքը շատ ավելի մեծ շահ և արդյունք ստանա: Իսկ նրանք, ովքեր այդպես չեն վարվում, շատ շուտով սպառում են իրենց պաշարը և մատնվում են սովի, աղքատության և կործանման:

Ահա ճիշտ այդպես էլ, երբ գալիս է մարդու երկրային կյանքի վախճանը, մենք նրան հողին ենք հանձնում, որպեսզի մարդն ինքը դրանից ավելի մեծ շահ ունենա: Մարդու հոգին անմահ է և մահից հետո բաժանվում է մարմնից, հեռանում այս երկրից ու սպասում մեռելների ընդհանրական հարության: Պողոս առաքյալը մեզ սովորեցնում է, որ մարդու թաղվելը շահեկան է նրանով, որ հողին է հանձնվում ապականացու մարմին, բայց մարդը հարություն է առնելու անապական, հոգևոր և կատարյալ մարմնով (Ա Կորնթ. 15.42-49): Շատեր դժվարանում են հավատալ այս ճշմարտությանը, և Աստվածաշնչի նման պնդումները համարում են պարզապես մխիթարիչ պատասխան վշտացած սրտերի համար:

Սակայն եկեք քննենք և տեսնենք, թե արդյո՞ք մարդկային հարությունը բոլորովին անհնար է: Գիտնականներն այդպես էլ մինչև օրս չեն կարողանում գիտականորեն հասկանալ և բացատրել, թե որտեղից է սկիզբ առել ողջ տիեզերքը: Այն ամենը, ինչ կարողացել են անել նրանք այս հարցի ուսումնասիրման համար, այն է, որ առաջ են քաշել մի քանի տեսություններ տիեզերքի առաջացման վերաբերյալ` միևնույն ժամանակ անպատասխան թողնելով դրա և ընդհանրապես նյութի ծագման հարցը: Դրա համար էլ արդեն մեր օրերում բազում գիտնականներ ի լուր ողջ աշխարհի բացահայտ խոստովանում են ամեն ինչի սկզբնական ծագման համար գերբնական բանականության անհրաժեշտությունը:

Փորձեք վերացնել նյութը և կտեսնեք, որ չեք կարողանա: Նյութը հնարավոր չէ վերացնել, այն չի ոչնչանում, այլ պարզապես մի վիճակից վերափոխվում է մեկ այլ վիճակի: Եվ Նա, ով ոչնչից ստեղծեց ողջ տիեզերքը, մի՞թե չի կարող արդեն գոյություն ունեցող տարրերից վերականգնել սկզբնականը: Մարմնի մահը և փտումը կարելի է անվանել նաև արատ և թերություն: Բայց ահա արատը երբեք ամբողջական լինել չի կարող: Դեռևս չորրորդ դարի մեր եկեղեցական Հայրերից մեկը հետևյալն էր ուսուցանում. «Արատն իր բնությամբ սահմանափակված է անհրաժեշտ սահմաններով: Օրինակ` երկնային երևույթի գիտակներն ասում են, որ ողջ աշխարհը ողողված է լույսով, իսկ մութը լինում է այնտեղ, որտեղ երկրային մարմնի վրա ստվեր է ընկնում: Արեգակը երկրից բազում անգամներ մեծ լինելով` ողջ երկիրը լույսով է ողողում, և եթե որևէ մեկը կարողություն ունենա գնալ և անցնել ստվերից այն կողմ, ապա անպայման դարձյալ կհայտնվի լույսի մեջ: Ճիշտ այդպես ենք նաև մենք. որևէ մեղքից հետո զղջում ենք և դարձյալ որոշ ժամանակ լույսի մեջ ապրում»:

Բնության օրենքի համաձայն` իր մեջ ինչ-որ չափով կենդանություն պարունակող որևէ սերմ հողի մեջ ընկնելուց հետո անպայման հարություն է առնում նոր և կատարյալ մարմնով: Եվ քանի որ մարդու մարմնի կենդանությունը` հոգին, անմահ է, ապա այդպես էլ հարություն է առնելու նաև մարդը, և բնության այսպիսի երևույթները մեզ ուսուցանում են այս մասին: Սա ապացուցեց նաև Քրիստոս՝ հարություն տալով տարբեր մարդկանց, և մեռյալներից աստվածաբար հարություն առավ նաև Ինքը: