ՄԵՆՔ ՏԻԵԶԵՐՔՈՒՄ ՄԵՆԱ՞Կ ԵՆՔ

Անծայրածիր տիեզերքի խորհրդավորության կողքին առկա է այլմոլորակայինների քաղաքակրթության առեղծվածը: Մենք տիեզերքում մենա՞կ ենք:

Մենք տիեզերքում մենակ չենք, բայց մենք տիեզերքում միակն ենք: Տիեզերքում մարդկությունը միայնակ չէ, որովհետև կա աստվածային ներկայությունը, հրեշտակների` երկնային արարածների գոյությունը: Սակայն մարդը` որպես կենդանի բանական արարած, Երկիր մոլորակը` իր բուսական և կենդանական աշխարհով, միակն են ողջ տիեզերքում:

Հարց է առաջանում. «Եթե հսկայական տիեզերքի միլիարդավոր մոլորակներում կենդանություն չէր լինելու, ինչո՞ւ է Աստված ստեղծել դրանք»: Սուրբ Գիրքն ասում է. «Երկինքը պատմում է Աստծու փառքը, և երկնքի հաստատությունը հայտնում է Նրա ձեռքի գործերը» (Սաղմ. 18.2): Երկնային մարմիններին` բազմաթիվ աստղերին, մոլորակներին նայելով` մենք հիանում ենք Աստծո ստեղծագործության սքանչելիության վրա:

Փիլիսոփա Կանտն իրավամբ ասել է. «Երկու բան է ինձ հիացնում` աստղազարդ երկինքն իմ գլխավերևում և բարոյական օրենքն իմ ներսում»: Մենք ևս զարդարում ենք մեր առաստաղները, որոնցից չենք օգտվում քայլելու, մնալու համար, այլ գործածում ենք որպես ծածկ: Սակայն տների, հատկապես հանդիսությունների սրահների առաստաղները զարդարում ենք գեղեցիկ կառուցվածքով կամ քանդակներով, բազմաթիվ լույսերով ու ջահերով: Մենք անում ենք ճիշտ նույն բանը, ինչ արել է Աստված, և ինչպես հիանում ենք երկնքով, այնպես էլ գեղեցկության զգացումով դիտում ենք զարդարված առաստաղները:

Պողոս առաքյալը հայտնում է մարդկային անզեն և զինված աչքի համար անտեսանելի և անհասանելի երկինք փոխադրվելու մասին (Բ Կորնթ. 12.24), եկեղեցական հեղինակներն իրենց տրված իմաստությամբ կամ հայտնությամբ ներկայացնում են տիեզերքի կառուցվածքի մասին տվյալներ: Աստղազարդ երկնքից այն կողմ սկսվում է հրեղեն երկինքը, որտեղ Աստված է, ով Իր ամենակարողությամբ նաև ամենուր է: Երկնքի աստղալի սահմանից այն կողմ նաև երկնային հրեշտակների դասերն են, սրբերը:

image111Որոշ տեսություններ` այլ մոլորակներում կյանքի գոյության և կամ այլմոլորակայինների մասին, պարզապես ֆանտաստիկայի հեքիաթային ժանրից են: Եկեղեցու կողմից միանշանակորեն ժխտելի է Երկիր մոլորակից բացի այլ մոլորակներում ևս մարդկության գոյության տեսակետը, քանզի այն անընդունելի է հատկապես աստվածաբանական, քրիստոսաբանական տեսանկյունից:

 

Մարդու փրկության համար Քրիստոս մարդեղացավ և Իր խաչելությամբ ու Հարությամբ իրագործեց փրկությունը: Քրիստոսի փրկագործությունը կատարվեց մեկ անգամ և մեկընդմիշտ (Եբր. 7.27), որով անընդունելի է, որ այլ մոլորակների մարդկանց փրկելու համար Քրիստոս մարդանա նաև տարբեր մոլորակներում և իրականացնի Իր առաքելությունը` մի քանի անգամներ կրկնելով տարբեր իրականությունների համար:

Գուցե ոմանց համար հիասթափեցնող լինի, սակայն վերջին հրապարակումների համաձայն` աստղագետները համակարգչային սիմուլյացիայի միջոցով մոդելավորել են մեզ հայտնի տիեզերքը` կիրառելով ֆիզիկայի օրենքները տիեզերքի գոյության 13.8 միլիարդ տարիների համար: Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ հնարավոր գոյություն ունեցող 700 քվինտիլիոն մոլորակներից որևէ մեկը նման չէ Երկիր մոլորակին:

Մարդիկ կան, ովքեր ասում են, թե տեսել են այլմոլորակայինների, շփվել նրանց հետ, երկնքում ինչ-որ նշաններ տեսել: Նման որոշ մարդիկ գուցե նաև հոգեբանական, հոգեկան խնդիրներ ունեն, որոնք պատճառում են անիրական պատկերներ ու զգացումներ:

Պողոս առաքյալը նշում է, որ չար ոգիները, Աստծո դեմ ըմբոստությամբ երկնքից ընկած չար հրեշտակները բնակվում են երկնքի ներքո (Եփ. 6.12), և նրանք նույնպես կարող են մարդկանց մոլորեցնել` տեսանելի երկնքում տարբեր երևելի նշաններ ցուցադրելով, որով մարդուն շեղում են ճշմարիտ աստվածպաշտությունից: