ՄԵՆՔ` ՀՐԱՇԱԳՈՐԾՆԵՐ

Մենք ինքներս էլ կարող ենք սքանչելագործներ, հրաշքներ կատարողներ լինել, եթե միայն ճիշտ պատկերացում ունենանք հրաշքի մասին։

Իսկ ի՞նչ է հրաշքը։ Ոմանք հումորով ասում են, թե հրաշքը այն է, երբ համրը ասում է խուլին, թե ինչպես է կույրը տեսել ի ծնե կաղին ծովի վրայով վազելիս։ Բայց միայն այդպիսի արտառոց նշանները չեն հրաշքները։

Հրաշք է, երբ կույրը տսնում է, բայց ավելի մեծ հրաշք է, երբ կարողանում ես բացել հոգևորի առջև կուրացածի աչքերը։

Հրաշք է, երբ կաղը քայլում է, բայց ավելի մեծ հրաշք է, երբ սխալ ճանապարհով կաղացողին բերում ես ուղիղ ճանապարհի, որով նա այլևս ընթանում է առանց կաղալու։

Եվ մեծ հրաշք է նաև, երբ ներում ես քո թշնամուն քո մի պարզ արարքով և խոսքով կամ հայացքով կարողանում ես ջերմացնել մեկի հոգին և ժպիտ նկարել նրա դեմքին։

Ահա այսպես բարի կյանքով, Աստվածաշնչի ընթերցանությամբ Աստծո պատվիրաններն իմանալով և գործադրելով դուք հաճախ կհամոզվեք, որ իսկական հրաշքները միայն հեքիաթներում չէ, որ դառնում են գեղեցիկ իրականություն։