ՄԵԶ ՊԵՏՔ Է ՀԱՅՐԵՆԻՔ, ՈՐՏԵՂ…

Մեզ պետք է հայրենիք, որտեղ արդարությունը տիրում է առանց տարբերակման և դատում է առանց տիրելու:

Մեզ պետք է հայրենիք, որտեղ եթե զոհվում են, ապա զոհվում են հանուն ինչ-որ բանի և ոչ թե` ինչ-որ բանի պատճառով:

Մեզ պետք է հայրենիք, որտեղ հարազատ երկիրը չեն համեմատում այլ երկրների բարետեսության ու բարօրության հետ:

Մեզ պետք է հայրենիք, որտեղ բոլորի շահը մեկինն է, և մեկինը՝ բոլորինը:

Մեզ պետք է հայրենիք, որտեղ վերադասը և ստորադասը գերակա և ստորակարգ չեն:

Մեզ պետք է հայրենիք, որտեղ բազմակարծությունը չի բերում պառակտման, իսկ պառակտումը՝ բախումների ու ցավերի:

Մեզ պետք է հայրենիք, որտեղ աղքատությունը հիշողություն կլինի:

Մեզ պետք է հայրենիք, որտեղ աշխատանքով կապրեն և ոչ թե կգոյատևեն:

Մեզ պետք է հայրենիք, որտեղ գալն ուրախություն է և որտեղից մեկնելը՝ տխրություն:

Մեզ պետք է հայրենիք, որի բոլոր ծայրամասերը հավասար լինեն կենտրոնին:

Մեզ պետք է հայրենիք, որտեղ մեռնեն ծերությունից և ոչ թե բուժվելու անկարողությունից:

Մեզ պետք է հայրենիք, որտեղ բարեկարգ ու լուսավոր են ոչ միայն առանձին թաղամասեր կամ առանձին տների առջևամասեր:

Մեզ պետք է հայրենիք, որը բոլորի տունն է և ոչ թե հայրենիք, որտեղ քո տունն է:

Մեզ պետք է հայրենիք, որտեղ մարդու մեծությունը չափեն նրա արժանիքով և ոչ թե՝ մեքենայի կամ տան մեծությամբ:

Մեզ պետք է հայրենիք, որտեղ իշխանությունը ժողովրդինն է, և ոչ թե ժողովուրդն է իշխանությանը:

Մեզ պետք է հայրենիք, որի էության ու հեղինակության մեծությունն աշխարհում կհամարվի ավելին, քան այլոց տարածքների մեծությունը:

Մեզ պետք է Մայր Հայրենիք, որի մայրությունն ու հայրությունը կզգացվի բոլորի կողմից բոլորի հանդեպ:

Մեզ պետք է հայրենիք, որը նորից կլինի ոչ միայն Մասիսից այս կողմ, այլև Արարատից այն կողմ: