ՄԵԶ ՊԵՏՔ ԵՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՐՈՆՑ…

Մեզ պետք են կուսակցություններ, որոնց կուսակցությունը հենց ինքը ժողովուրդն է:

Մեզ պետք են կուսակցություններ, որոնք միավորում են և ոչ թե պառակտում:

Մեզ պետք են կուսակցություններ, որոնց համար հայրենիքն ու ժողովուրդն առավել մեծ արժեք են, քան կուսակցությունն ու կուսակցապետն ինքը:

Մեզ պետք են կուսակցություններ, որոնց համար իշխանության հասնելը միջոց է և ոչ թե նպատակ:

Մեզ պետք են կուսակցություններ, որոնց տիրույթում կարիերիզմն ու չինովնիկությունը  փոխարինված են ծառայությամբ ու պատասխանատվությամբ:

Մեզ պետք են կուսակցություններ, որտեղ ծափահարում են ոչ թե խոսքերին, այլ գործերին:

Մեզ պետք են կուսակցություններ, որտեղ որակը գերազանցում է քանակին, իսկ քանակը զարդարանք չէ:

Մեզ պետք են կուսակցություններ, որոնք գիտեն խոսքի արժեքը, բայց դրանից առավել՝ գործի արժեքը:

Մեզ պետք են կուսակցություններ, որոնց դռներից ներս չեն կարող սողոսկել փողի կամ ունեցվածքի մեծությամբ, քծնող ամբոխին տիրելու ճարպկությամբ:

Մեզ պետք են կուսակցություններ, որտեղ գիտելիքով է չափվում ընդունակությունը, այլ ոչ թե ժողով հավաքելու հնարանքներով:

Մեզ պետք են կուսակցություններ, որոնք կարող են և ինքնաոչնչացվել՝ ինքնազոհաբերվել հանուն ազգի և ոչ թե ազգը զոհաբերել՝ հանուն կուսակցության գաղափարների:

Մեզ պետք են կուսակցություններ, որոնք կկարողանան վեր լինել ամեն կուսակցականից, բայց ոչ երբեք՝ ազգից ու հայրենիքից: