ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ԿՅԱՆՔՈՒՄ ՏԱՌԱՊԱՆՔԻ ՈՒ ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Եթե Բարձրյալի նպատակն այն էր, որ կատարյալ մարդիկ հավերժ ապրեին երկրագնդի վրա դրախտային պայմաններում, ապա ինչո՞ւ ներկայումս երկրի վրա դրախտ չկա: Ինչո՞ւ դրա փոխարեն դարեր շարունակ մարդկության կյանքում առկա է տառապանք ու անարդարություն:

Փիլիսոփա Վիլհելմ Լեյբնիցն ասում է, որ Աստված ստեղծեց բոլոր հնարավոր աշխարհներից լավագույնը, և մենք ապրում ենք բոլոր հնարավոր աշխարհներից լավագույնում: Սակայն փիլիսոփայի կողմից լավագույն կոչված աշխարհը կատարյալ աշխարհը չէ, բացի դրանից, երկրի ներկա կարգավիճակը անիծյալն է: Ուրեմն, մենք ապրում ենք անիծյալ երկրում: «Թող անիծյալ լինի երկիրը քո արածի պատճառով» (Ծննդ. 3.17),- ասաց Աստված Ադամի մեղսագործությունից հետո:

Մարդու մեղսագործությունը դարձավ նաև աշխարհի անկման պատճառ: Սակայն առաջին մարդկանց մեղսագործությունը վաղ եկեղեցական կաթոլիկ հեղինակները կոչում էին felix culpa` երջանիկ կամ երանելի մեղք` նկատի ունենալով, որ այդ մեղսագործությամբ մարդկությանը տրվեց շատ ավելի մեծ շնորհ, քան մարդկությունը կունենար առանց դրա: Խոսքը Քրիստոսի մարդեղացման մասին է, որով Աստված դարձավ մեզ նման մեկը և Իր մեծագույն շնորհները բերեց մարդկությանը:

Մարդկությունը տառապանք ու անարդարություն է կրում միմիայն չարի ազդեցությամբ, մարդկանց պատճառով, բոլոր հրեշավոր ողբերգությունները կատարվում են մարդկանց ձեռքով: Սակայն դրախտը սպասում է մարդուն հավիտենության մեջ: Քրիստոս ասում է. «Իմ Հոր տան մեջ բազում օթևաններ կան» (Հովհ. 14.2), «Եկե՛ք, Իմ Հոր օրհնյալնե՛ր, ժառանգեցե՛ք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված արքայությունը» (Մատթ. 25.34):

Չարը բարու պակասությունն է, խավարը` լույսի: Ուրեմն, մարդկությունն իր կյանքում պետք է ավելացնի բարին` չարից ձերբազատվելու համար:

Մարդկության նախածնողները սխալ ընտրություն արեցին: Նրանք ընտրեցին Աստծուց անկախ լինելու ուղին ու պատժվեցին: Արդյո՞ք նրանց հետնորդները` մարդիկ, այնպես են ստեղծված, որ ազատ կամքով կարող են Արարչից անկախ լինել ու հաջողության հասնել իրենք իրենց կառավարելու հարցում:

Աստծուց անկախ մարդը չի կարող իրական բարիք գտնել, որովհետև բարիքի ու երջանկության աղբյուրն Աստված է: Բոլոր հասարակարգերը, հնագույն հզոր պետությունները` Աստծուց հեռու, ի վերջո կործանվել են, բոլոր բռնապետները ահավոր չարչարանքներով են մեռել:

Բայց եթե ասվի, որ այդ զարգացած տերություններում մարդիկ ապրել են նյութապես ապահովված, ուրեմն, մարդն իր երջանկությունն իջեցնում է միայն կուշտ ստամոքս ունենալու և հանգստանալու կենդանական իրողության. այսպես ապրում են նաև անասուններն ու վայրի գազանները: Եթե կյանքի նպատակը կուշտ ուտելն ու քնելն է և հարմարավետություն ունենալը, ապա ինչո՞վ ենք տարբերվում կենդանիներից:

Մենք կենդանական աշխարհից ավելի վեր ենք մեր վեհ զգացմունքներով, մտածելու և գիտակցելու կարողությամբ, միմյանց ու հատկապես Աստծո հետ այս հիմքով հաղորդվելու ունակությամբ: Քրիստոսի պատմած «Անմիտ մեծահարուստի» առակում հարուստն ասում է ինքն իրեն. «Ո՛վ մարդ, շատ տարիների համար ամբարված բազում բարիքներ ունես, հանգի՛ստ արա, կե՛ր, խմի՛ր և ուրա՛խ եղիր»: Բայց նրան լսելի է դառնում Աստծո խոսքը. «Անմի՛տ, հենց այս գիշեր հոգիդ քեզնից պահանջելու են, իսկ ինչ որ պատրաստել ես, ո՞ւմն է լինելու» (Ղուկ. 12.19-20):

Քրիստոս դատապարտում է ուտելու նպատակով, ինչպես նաև մարմնական հաճույքների համար ապրելու միտումը և մեր միտքը վեր հանում դեպի Աստծո հետ հաղորդակցությունը, աստվածանմանությամբ արարելու ու բարիք գործելու կարողությանը, դեպի հոգևոր ոլորտը, որտեղ աննկարագրելի երանություն է տրվելու մարդուն: