ՄԱՐԴԿԱՅԻՆ ԱՐԺԱՆԻՔԸ

Նկատե՞լ եք, որ շատ հաճախ Ձեր արժանիքը կախված եք համարում այն իրողությունից, թե ինչպես են Ձեզ ընդունում, Ձեզ նայում, Ձեզ հետ խոսում մյուսները: Տարբեր մարդկանց հետ հանդիպելուց, շփվելուց հետո նաև երկար վերլուծում եք, թե ինչ տպավորություն թողեցիք: Այսպիսի դիրքորոշումը վնասում է ազատ ինքնարտահայտմանը, չի թողնում, որ մարդը լինի այն, ինչ կա, և անձը նույնպես չի հասկանում, թե իր տարբեր դրսևորումներից ի վերջո ո՞րն է ինքը:

Մենք կարծես թե ուզում ենք բոլորին ապացուցել սեփական նշանակալիությունը, դրա համար էլ առավել չափով մտահոգ ենք ուրիշներին դուր գալու համար: Եթե ուշադիր լինեք, կնկատեք, որ անտեսանելի սարդոստայնի պես թելերով կապված եք բազմաթիվ մարդկանց, և այդ բոլոր ուղղություններով մեկ առ մեկ ձգում եք այն թելը, որի կողմը պետք է հակվեք կամ որ կողմից բարյացակամություն եք ակնկալում: Տարբեր մարդկանց հետ այդ պատճառով էլ տարբեր վարվեցողություններ եք ունենում, տարբեր կերպ եք լինում, կարծես տարբեր ինքնություններ եք հագնում:

Ոմանց հետ հարաբերություններում մեկ լինում ենք խոնարհ ու զգուշավոր, այլոց հետ՝ ավելի ազատ ու արտահայտվող, մյուսների հետ՝ կարգադրող ու պահանջող: Հոգեբանության տեսակետով՝ ինքնաստորակարգման վերաբերմունքները գալիս են ինքնավստահության պակասից, թերարժեքության զգացումից, երբ մարդը մտածում է, որ ինչ-որ բանով՝ արտաքինով, սանրվածքով, հագնվածքով, շարժուձևով, ինչ-որ մի կետով թերի է, ուրիշներից ցածր և պետք է ջանքեր անի, որ հակակրանք չստանա: Ուրեմն, շրջապատում, տարբեր մարդկանց միջավայրում ենթարկվում ենք հոգեբանական, զգացմունքային ազդեցությունների և մեր ինքնության հիմքը, մեր ով լինելը հստակությամբ չենք տեսնում:

Ինչպիսի՞ն ենք մենք իրականում, որտե՞ղ տեսնենք մեր եսը՝ զերծ արտաքին ազդեցություններից: Հայելու առաջ Ձեր արտացոլանքը ցույց չի տալիս Ձեր էությունը, այլ ներկայացնում է միայն կերպարանքը: Ձեր ինքնությունը կարող եք տեսնել մենության մեջ, երբ չկան մարդիկ, որոնց պետք է հաճոյանալ, սիրաշահել, մարդիկ, որոնց ներկայությամբ հնարավոր չէ ազատ շարժուձևը և կամ՝ մարդիկ, որոնցից վեր եք Ձեզ համարում: Նման հոգեվիճակ մարդն ունենում է նաև աղոթքի պատրաստվելիս, երբ առանձնացած է լինում:

Այսպիսի իրադրության մեջ հետևիր ինքդ քեզ, ինչպիսին ես՝ ազատ, վստահ, առաքինի, անկախ, արժանապատիվ, բարեպաշտ, ազնիվ և այլն: Այնուհետ, արտաքին ազդեցություններից զերծ ինքնությանդ նկարագիրը բացահայտելուց հետո պահիր այդ զգացումը մարդկանց հետ հարաբերություններում, հրաժարվիր ուրիշներին անընդհատ դուր գալու անիմաստ մոլուցքից, սեփական արժանիքը, նշանակությունը մարդկանց պարբերաբար ապացուցելու անհրաժեշտությունից: Կտրիր բազմաթիվ մարդկանց հետ կապված հաճոյացման թելերը, ազատություն ստացիր և Քեզ կապիր մարդկանց հետ Քրիստոսապատվեր սիրո «թելերով», ինչն արդեն չի բերում կախվածություն, այլ՝ մարդկանց հադեպ սեր, հարգանք, ընկերակցություն ու հոգածություն:

Հաճախ հուզմունքը, երկչոտությունը, երկյուղածությունը չեն թողնում որոշ մարդկանց առջև կամ որոշ հանգամանքներում ներկայանալ անձնական արժանիքով, այլ կրկին ենթարկում են հաճոյանալուն ու ստորակարգվելուն, անվստահության ու շփոթմունքի: Սրա պատճառը կարևորության բարձր աստիճանն է, որը խանգարում է նաև տարբեր գործեր հանգիստ կատարել: Պարզապես պետք է նվազեցնել կարևորության արհեստականորեն բարձրացված չափը, իջեցնել կարևորության աստիճանը, և անձնական արժանիքը, բացասական մտածումներից ազատությունը կօգնեն դրսևորելու մարդու իրական, արժանապատիվ էությունը:

Պողոս առաքյալն ասում է. «Մեզնից յուրաքանչյուր ոք թող ընկերոջը հաճելի լինի ի շինություն բարի գործերի» (Հռ. 15.2): Առաքյալը մարդահաճության, շողոքորթության պատվեր չի տալիս, այլ քրիստոնեական սիրո արտահայտման հորդորն է բերում այն իմաստով, որ շեշտում է Հովհաննես առաքյալը. «Եթե մեկն ասի, թե սիրում է Աստծուն, և ատի իր եղբորը, սուտ է խոսում. ով չի սիրում իր եղբորը, որին տեսնում է, ինչպե՞ս կարող է սիրել Աստծուն, որին չի տեսել… Ով սիրում է Աստծուն, նա պետք է սիրի նաև իր եղբորը» (Ա Հովհ. 4.20-21):

Յուրաքանչյուր մարդ առանձնահատուկ է: Եվ եթե առանց ուրիշներին դուր գալու ավելորդ փորձերի մնաք ու գործեք Ձեր առանձնահատկությամբ, առանց հաճոյանալու ավելորդ ջանքերի, մարդիկ կգնահատեն Ձեզ Ձեր անկրկնելի էության ու յուրահատկության համար: Դա գիտակցելով՝ մարդկանց դուր չգալու նախազգացումը, հակակրանք չստանալու զգուշավորությունը արդեն անհրաժեշտ չեն դառնում, և հաճոյացման մշտական փորձերը փոխարինվում են քրիստոնեական սիրո նախանձախնդրությամբ, քանզի «սերն է օրենքի լրումը» (Հռ. 13.10, Ա Տիմ. 1.5):