ՄԱՐԴԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բազում քրիստոնյաներ են սպանվել իրենց անխախտ հավատքի համար ոչ միայն քրիստոնեության վաղ շրջանում, այլև մեր ժամանակներում, երբ հատկապես համայնավարության տարիներին բազմաթիվ հավատացյալներ ու հոգևորականներ բանտարկվեցին և հերոսաբար նահատակվեցին` հավատարիմ մնալով քրիստոնեական իրենց հավատքին։ Սակայն մեր պատմության մեջ մենք բազում անգամներ զենքի ենք դիմել՝ հայրենիքի, սրբազան արժեքների պաշտպանության համար: Համատեղելի՞ են արդյոք քրիստոնեության ուսուցումները և թեկուզ պաշտպանության նպատակով մարդկային կյանքին հարված հասցնելու իրողությունները:

Ընդունելի չէ մարդասպանությունը. այն խախտումն է աստվածային «մի՛ սպանիր» պատվիրանի։ Աստվածաշնչի վրա հիմնված եկեղեցական կանոնները ևս դատապարտում են սպանությունը և նույնիսկ պատվիրում անգամ խաղաղ ժամանակ իր վրա հարձակված մարդկանց սպանող քահանային կարգալույծ անել, որովհետև քահանային արժան չէ մարդ և անգամ անասուն սպանել։

Սրբերի պարագային տեսնում ենք, որ նրանց դաժանաբար խոշտանգում ու սպանում էին հեթանոսները հավատքի պատճառով։ Սակայն պատերազմների ժամանակ սպանություն գործած քրիստոնյա զինվորի վերաբերյալ եկեղեցական կանոնը նշում է, որ Եկեղեցու Հայրերը դա մեղք չեն համարել, բայց այդպիսի մարդն իր անձը մաքրելու համար երեք տարի, ըստ եկեղեցական կանոնի, պետք է հեռու մնա Սուրբ Հաղորդությունից։

«Մի՛ սպանիր» պատվիրանի և պատերազմում թշնամուն հարկադրաբար վնասազերծելու հակասությունը մտահոգում էր նաև Ավարայրի դաշտում հակառակորդի դեմ դուրս ելած հայոց զորքին: Պատկերացնենք Ավարայրի դաշտը, հավաքված զորքի բազմությունը, հոգևորականներին և զորավարներին:

Վարդան Մամիկոնյանն իր ճառով քաջալերում է զորքին, բայց զինվորները տարակուսած են, նրանք շփոթմունքի մեջ են: Նրանք ելել են պաշտպանելու իրենց Մայր Հայրենիքը, սրբազան արժեքները, հայրենի կրոնը, սակայն այդ նույն կրոնն ասում է. «Մի՛ սպանիր» (Ելք 20.13), «Սիրի՛ր թշնամուդ» (Մատթ. 5.44), «Եթե մեկը քո աջ ծնոտին ապտակ տա, նրան մյո՛ւսն էլ դարձրու» (Մատթ. 5.38): Ի՞նչ անել, ինչպե՞ս վարվել:

Եվ ահա այդ ժամանակ իր ճառով հանդես եկավ խրոխտ Ղևոնդ Երեցը: Նա օրինակ բերեց Աստվածաշնչում հիշվող Մովսեսին, մեծ քահանա Փենեեզին, Սուրբ մարգարե Եղիային, ովքեր սպանություն գործեցին (Ելք 2.12, Թվեր 26.7-8, Գ Թագավ. 18.40, Դ Թագավ. 1.9-10): Բայց քանի որ նրանց նպատակը սպանությունը չէր, այլ Աստծո հանդեպ նախանձախնդրությունը և իրենց ազգից պղծության վերացումը, ապա Աստված այդ նախանձախնդրության համար նրանց մեծ անուն տվեց և Իր ժողովրդի առաջնորդ դարձրեց:

Եվ քանի որ քաջարի զինվորների նպատակն էլ ոչ թե մարդասպանությունն է, այլ հայրենիքի ու ազգակիցների, նվիրական արժեքների պաշտպանությունը, ապա նրանց պատերազմելը համարվում է ոչ թե սպանություն, այլ հերոսական պաշտպանություն: