ՄԱՆԿԱՄԿՐՏՈՒԹՅՈՒՆ

Նկատի ունենալով երեխաների մկրտության վերաբերյալ երբեմն-երբեմն շրջանառվող որոշ սխալ մեկնաբանություններ՝ ներկայացնում ենք Շենուդա Պատրիարքի «Համեմատական աստվածաբանություն» աշխատությունից մեկ հատված մանկամկրտության մասին:

***

Բողոքականները մանուկներին չեն մկրտում, պնդելով մկրտվելուց առաջ հավատի անհրաժեշտության մասին, հիմնվելով Տիրոջ հետևյալ խոսքի վրա. «Ով հավատա և մկրտվի, կփրկվի» (Մարկ. 16.16), ինչպես նաև այն փաստի, որ մանուկները չեն հասկանում, թե մկրտության ժամանակ ինչ է կատարվում։ Ուստի ինչպե՞ս կարող է մկրտությունը կատարվել առանց հավատի կամ ըմբռնման։

Սակայն մենք կարևորում ենք մանկամկրտությունը՝ հետևյալ պատճառներով.

ա) Մենք մտահոգ ենք մանուկների հավիտենական կյանքի համար, որովհետև Տերն ասում է. «Եթե մեկը չծնվի ջրից ու Հոգուց, չի կարող մտնել Աստծո արքայություն» (Հովհ. 3.5)։ Ուրեմն, ինչպե՞ս կարող ենք արգելել երեխաներին մկրտվել և հանձնել նրանց Աստծո դատաստանին, եթե վերոհիշյալ խոսքն ասելիս Տերը չբացառեց մանուկներին։

բ) Մկրտության միջոցով մանուկներին տրվում է հնարավորություն ապրելու Եկեղեցու կյանքով և վայելելու աստվածային Խորհուրդները՝ իրենց բոլոր ներգործություններով հանդերձ։ Նրանք Եկեղեցում կարող են նաև վայելել այն բոլոր միջոցները, որոնցով գործում է աստվածային շնորհը, և նրանց ազդեցություններն իրենց կյանքում։ Այս կերպ մենք գործնականորեն պատրաստում ենք մանուկներին հավատքի կյանքին։ Եթե մենք նրանց հանեինք Եկեղեցու անդամակցությունից, զրկած կլինեինք հավատքից և այն միջոցների կիրառումից, որոնցով շնորհը գործում է։

գ) Տիրոջ խոսքը՝ «Ով հավատա և մկրտվի, կփրկվի», վերաբերում է մեծահասակներին, ովքեր ընդունակ են ըմբռնելու հավատքին վերաբերող խորհուրդները։  Ահա թե ինչու մենք չենք կարող մկրտել մեծահասակներին, քանի դեռ նրանք չեն հավատում՝ ըստ Տիրոջ խոսքի (Մարկ. 16.16)։ Իսկ ինչ վերաբերում է մանուկներին, նրանց համար է ասված Տիրոջ հետևյալ խոսքը. «Թույլ տվեք և մի՛ արգելեք մանուկներին Ինձ մոտ գալ, քանզի այդպիսիներինն է Երկնքի արքայությունը» (Մատթ. 19.14)։

Հավատի տեսակետից՝ մանուկները կյանքի այն փուլում են, ուր հավատում և ընդունում են ամեն ինչ։ Նրանք չեն մերժում հավատքը կամ հրաժարվում նրանից. մեծահասակների կասկածները, հարցաքննությունները և պատճաբանությունները դեռ նրանց կյանք չեն թափանցել։ Ուստի, պատճառ չկա, որ Երկնքի արքայության մաս կազմելուց նրանց զրկենք։ Նրանց մկրտելը համաձայն է «Ազատ փրկության» սկզբունքին, որին հավատում և որը մեծապես քարոզում են մեր բողոքական եղբայրները։

ե) Եթե մենք ծայրաստիճան խստություն ցուցաբերեինք հավատի պայմանի առնչությամբ, մկրտությունից պիտի զրկեինք նաև շատ մեծահասակների, ովքեր մտավոր այնքան հասունություն չունեն ըմբռնելու հավատքին վերաբերող իրողություններն ու խորությունները, ինչպես շատ հասարակ գյուղացիներ, բանվորներ, անգրագետներ, թերի կրթություն ունեցողներ և նրանք, ովքեր խիստ սահմանափակ մտավոր կարողություն ունեն՝ մտնելու աստվածաբանական խնդիրների խորքը։ Կարող ենք հարցնել. ո՞րը պետք է լիներ այսպիսի անձանց հավատի ընդունելի չափը։ Մենք պետք է մկրտությունից նրանց զրկեի՞նք, ինչպես մանուկների պարագային։

զ) Ոմանք հարցնում են. «Իսկ ի՞նչ կարող է պատահել, եթե մանուկը մեծանալով մերժի հավատքը»։

Նա կհամարվի հավատուրաց։ Նա իր ազատ կամքով կարող է մերժել մկրտության ժամանակ իր ընդունած շնորհը։ Մենք նրա հանդեպ մեր պարտքն ենք կատարել, մնացածը նրա իրավունքն է։ Նա կլինի ինչպես մեկը, ով Սուրբ Հոգով սկսելով՝ այժմ փորձում է ավարտել մարմնով (տես Գաղ. 3.3):

Ամենայն հավանականությամբ, Եկեղեցում մկրտված և նրանում կենցաղավարող մանուկները, որ վայելում են նրա շնորհառիթ միջոցները, խեղման վտանգին նվազ ենթակա են, քան նրանք, որ մինչև չափահաս դառնալը մնացել են առանց մկրտության։

է) Մանկամկրտություն մերժողները փաստորեն մերժում են փրկության համար մկրտության անհրաժեշտությունը (Մարկ. 16.16), որովհետև եթե նրանք հավատում են փրկության համար մկրտության անհրաժեշտությանը, ապա լուրջ խնդիր է մանուկներին փրկությունից զրկելը։

Քանի որ բողոքականները պնդում են, որ հավատը փրկության պայման է, իսկ մանուկները հավատ չունեն, ապա, ըստ նրանց, ի՞նչ է սպասում չմկրտված և անհավատ մանուկներին. արդյոք պիտի փրկվե՞ն առանց հավատի և մկրտության։ Հարցը մնում է անպատասխան։

ը) Մենք մանուկներին մկրտում ենք, որովհետև Սուրբ Գիրքն է այս մասին հայտնում։ Սուրբ Գիրքը հիշատակում է ամբողջական ընտանիքների մկրտության մասին կամ մեկ անձի՝ իր ողջ ընտանիքով, և անկասկած, այդ ընտանիքներում պիտի որ մանուկներ էլ լինեին։

Բազմաթիվ օրինակներից բերենք մի քանիսը.

1) Փիլիպպեի բանտապետի մկրտությունը.  Պողոսն ու Շիղան ասացին նրան. «Հավատա՛ Տեր Հիսուս Քրիստոսին, և կփրկվեք դու և քո ամբողջ տունը» (Գործք 16.31)։ Սա նշանակում է, որ բանտապետի հավատը պիտի լիներ նրա ամբողջ ընտանիքը դեպի փրկություն տանող առաջին քայլը։ Ահա թե ինչու դրանից հետո ասվում է. «Եվ Աստծո խոսքը պատմեցին նրան և նրա տանը գտնվող բոլոր անձանց», և այնուհետև «գիշերվա նույն ժամին…. անմիջապես մկրտվեցին նա և իր ամբողջ ընտանիքը» (Գործք 16.32, 33)։ Սուրբ Գիրքը չբացառեց Փիլիպպեի բանտապետի ընտանիքի մանուկներին, այլ նրանց մկրտության մասին ասաց. «նա և իր ամբողջ ընտանիքը»՝ անշուշտ ներառյալ մանուկներին։

2) Ծիրանի զգեստներ վաճառող Լիդիայի մկրտության մասին ասված է. «Երբ մկրտվեցին նա և իր ընտանիքը» (Գործք 16.15)։

3) Պողոս առաքյալն ասում է. «Մկրտեցի նաև Ստեփանոսի ընտանիքին» (Ա Կոր. 1.16)։

Կարո՞ղ էին արդյոք այս բոլոր ընտանիքներն առանց մանուկների լինել։

4) Սուրբ Գիրքը չի նշում, թե Հոգեգալստյան օրը մկրտվածների մեջ մանուկներ չկային։

5) Մանկամկրտությունը կիրառվել է պատմության ընթացքում, ինչի մասին տեղեկանում ենք վաղ ժամանակաշրջանի քրիստոնյաների և եկեղեցական պատմությունից։

6) Սուրբ Գրքում չկա որևէ համար, որ արգելի մանկամկրտությունը։

7) Ինչ վերաբերում է հավատի պարագային, մենք մանուկներին մկրտում ենք նրանց ծնողների հավատով, որն ըստ էության ունի շատ օրինակներ Սուրբ Գրքում։

ա) Ինչպես արդեն բացատրել ենք, հինկտակարանյան թլփատությունը խորհրդանշում էր մկրտությունը։ Թլփատվածը համարվում էր Աստծո ժողովրդի անդամ՝ ըստ Աստծո և Աբրահամի միջև կնքված ուխտի (Ծննդ. 17.11)։ Հայտնի է, որ թլփատությունը պետք է կատարվեր ծննդից հետո ութերորդ օրը՝ ըստ Աստծո հրամանի (Ծննդ. 17.12)։ Ութ օրեկան մանուկն ի՞նչ կարող էր հասկանալ Աստծո և Աբրահամի միջև կնքված ուխտի վերաբերյալ։ Որքանո՞վ էր նա տեղյակ Աստծո ժողովրդին անդամակցելու իրողությանը։ Անկասկած, նա ոչ մի նման հասկացողություն էլ չուներ, այլ թլփատվում էր այդ ուխտի հանդեպ իր ծնողների հավատով և դառնում Աստծո ժողովրդի անդամ և կրողն այն խոստումների, որոնք Աստված տվեց մեր [հավատքի] հայր Աբրահամին։ Մանուկն այս ամենը ձեռք էր բերում իր ծնողների հավատով։

բ) Կարմիր ծովով անցումը մկրտության մի խորհուրդ էր կամ հենց մկրտություն, ինչպես Պողոս առաքյալն է բացատրում (Ա Կոր. 10.2)։ Դա փրկություն էր մահվան, սատանայի և մեղքի ծառայությունից։ Կարմիր ծովն անցան մեծահասակները, ովքեր գիտեին Աստծո՝ Մովսես մարգարեին տրված խոստման մասին. նրանք գիտեին, որ իրենք փարավոնի ծառաներն էին, գիտեին ծառայությունից՝ Աստծո զորեղ ձեռքով փրկվելու նշանակությունը, և անցնելով Կարմիր ծովը (մկրտություն)՝ փրկվեցին։ Ո՞րն էր ծովը կտրող մայրերի և հայրերի գրկին գտնվող մանուկների դիրքը սրա հանդեպ։ Անշո՛ւշտ, նրանք ծառայությունից փրկվեցին. նրանք մկրտվեցին, սակայն ոչ թե սեփական  հավատով, այլ իրենց ծնողների, քանի որ մանուկները կատարվող իրադարձություններից և ոչ մեկին գիտակից չէին։

գ) Մեկ այլ կարևոր և զորավոր օրինակ է մանուկների փրկությունը զատկական գառան արյամբ, հրեշտակի ձեռքով։ Տերը հրամայեց Մովսեսին մորթել մեկ տարեկան և արատ չունեցող արու այծ կամ գառ և դրա արյունը քսել հրեաների դռների սեմերին և բարավորին՝ ասելով. «Երբ արյունը տեսնեմ, ձեզ կփրկեմ» (Ելք 12.13)։

Զատկական գառան արյունը խորհուրդն ուներ Տեր Հիսուս Քրիստոսի արյան, որով մենք փրկություն ընդունեցինք, ինչպես Պողոս առաքյալն է ասում. «Քանզի մեր Զատիկը՝ Քրիստոսը՝ մորթվեց» (Ա Կոր. 5.7)։

Եվ այժմ հարցնում ենք. ո՞րն էր զատկական գառան արյամբ փրկված մանուկների հավատը։ Ի՞նչ գիտեին նրանք  Աստծո և Մովսեսի միջև եղած ուխտի կամ Զատկի և զատկական գառան արյան միջոցով մահվանից փրկվելու մասին։ Անտարակույս նրանք տեղյակ չէին ոչ մի բանի, բայց փրկվեցին իրենց ծնողների հավատով, ովքեր հավատացին զատկական գառան արյան ազդեցությանն ու կարևորությանը մահվանից փրկվելու համար։ Թլփատությամբ, զատկական գառան արյամբ և Կարմիր ծովով անցմամբ փրկված այս մանուկները այս բոլորի նշանակություններն իմանում էին ավելի ուշ՝ երբ մեծանում էին։ Այնուամենայնիվ, իրենց մանուկ տարիքում նրանք ազատորեն ընդունել էին փրկություն՝ Աստծո խոստումների և մարդկանց հետ կնքված ուխտերի հանդեպ իրենց ծնողների հավատով։