ՃՐԱԳԱԼՈՒՅՑ

Հունվարի 5-ին մատուցվում է Ճրագալույցի պատարագ: Բառն ինքն արդեն նշում է պատարագի մատուցման ժամը` երբ սկսում են ճրագները լուցանել` վառել (այստեղից էլ «լուցկի» բառը), այսինքն` երեկոյան: Նախկինում մեծ տոների առթիվ սովորություն կար եկեղեցու կանթեղները վառել ու ներկաներին մոմ բաժանել` դրանք կանթեղներից վառելու համար:

Այժմ հավատացյալները Ճրագալույցի պատարագի ավարտին եկեղեցիներից վառված մոմեր են տուն տանում՝ որպես հավատքի լույսի, Քրիստոս լույսի խորհրդանիշ և օրհնություն: «Ես եմ աշխարհի լույսը. ով Իմ հետևից է գալիս, խավարի միջով չի քայլի, այլ կընդունի կյանքի լույսը»,- ասում է մեր Տերը (Հովհ. 8.12): Ճրագալույց են կոչվում Սուրբ Ծննդյան և Սուրբ Զատկի նախորդ օրերը:

 Դո՛ւք էք աշխարհի լույսը. մի քաղաք, որ լեռան վրա է կանգնած, չի կարող թաքնվել: Եվ ճրագ վառելով կաթսայի տակ չեն դնում, այլ` աշտանակի վրա, և նա լույս է տալիս բոլոր նրանց, որ տան մեջ են (Մատթ. 4.14-15):

Թող այդպես փայլի ձեր լույսը մարդկանց առաջ, որպեսզի տեսնեն ձեր բարի գործերն ու փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է (Մատթ. 5.16)