ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԱՂԱՆԴՆԵՐԻ ՄԱՍԻՆ

19-րդ դարի վերջերին և 20-րդ դարի սկզբներին Ամերիկայի Միացյալ Նահանգներում հիմնականում բողոքական եկեղեցիների ուղղություններից առաջացան տարբեր աղանդավորական հոսանքներ ու խմբակներ, որոնք այնուհետ ներթափանցեցին քրիստոնեական տարբեր երկրներ: Զարմանալիորեն կամ «ոչ այնքան հասկանալի» պատճառներով այդ աղանդավորական կազմակերպությունները սփռվեցին հենց այն ժողովուրդների մեջ, որոնք դարերով, նաև պատմական դժվարին ու բարդ պայմաններում մաքառումների, զոհողությունների գնով պաշտպանել էին իրենց քրիստոնեական հավատքը: Մինչդեռ եթե այդքան նախանձախնդիր էին քրիստոնեական հավատքը տարածելու հարցում, ապա տրամաբանական էր, որ տարածվեին ոչ քրիստոնյա երկրներում, ինչպես, օրինակ, մուսուլմանական ժողովուրդների մեջ և իսլամի ծայրահեղականությունից տառապող ազգերին կամ խմբերին քարոզելով գոնե մարդկությանն ու աշխարհին օգուտ կտային՝ նվազեցնելով ահաբեկչությունների վտանգներն ու սպառնալիքները:

Փոխարենը՝ մարդահիմն աղանդները Քրիստոսահիմն Եկեղեցուն և նրա դարավոր ավանդույթները քննադատելով որոշ պառակտում բերեցին տվյալ ժողովրդի հոգևոր անդաստանում՝ շարունակելով Սուրբ Եկեղեցու դեմ հորինովի պատմություններով իրենց ներսում պահել արդեն իսկ իրենց թակարդն ընկած միամիտ մարդկանց: Ընդ որում՝ այդ մտացածին քննադատությունները վերաբերում են ոչ թե որոշ եկեղեցականների վարքագծում երբեմն իրապես առկա թերություններին և նրանց առավել կատարյալ սպասավոր դառնալու անհրաժեշտությանը, այլ այն նվիրագործված ավանդույթներին, որոնք մեծապես կապված են հավատքի ու բարեպաշտության հետ: Մոմավառություն, մատաղ, մեռելոց, Տյառնընդառաջի խարույկ, Վարդավառի ջուր – ահա այն հիմնական կետերը, որոնց վրա կառուցվում են աղանդավորական պարզունակ եկեղեցամարտ հարձակումները՝ անտեսելով և իրենց մոլորյալ հետևորդներից թաքցնելով Եկեղեցու կողմից Սուրբ Գրքի վրա հիմնված բացատրություններն ու պարզաբանումները:

Աղանդապետները նորաթուխ աղանդավորներին իրենց շրջանակում պահելու համար նաև փորձում են համոզել, որ իրենք աղանդ չեն՝ այդ բառին աղավաղված մեկնաբանություններ տալով կամ այդ որակումն իրենցից սոսկ հայտարարություններով հեռացնելով: Սակայն, ըստ Հայկազյան բառարանի, «աղանդ» նշանակում է մոլար հավատք կամ վարդապետություն, հերետիկոսություն, հերձված, մոլորություն, ծուռ հավատք: Նույն իմաստով են բացատրված նաև «աղանդաբեր», «աղանդագլուխ», «աղանդագործ», «աղանդադիր», «աղանդական», «աղանդամիտ», «աղանդապաշտ», «աղանդապետ», «աղանդասնույց», «աղանդավոր», «աղանդավորություն» բառերը:

Հենց այս իմաստով է «աղանդ» բառն օգտագործված Սուրբ Գրքում: Նոր Կտակարանի գրաբար թարգմանության մեջ «աղանդ» բառը գործածված է երկու անգամ: Քրիստոս պատվիրում է Իր աշակերտներին զգույշ լինել սադուկեցիների ու փարիսեցիների խմորից, և Տիրոջ բացատրությունից հետո, ինչպես նշում է ավետարանիչը, աշակերտները հասկանում են, որ Քրիստոս պատվիրում է զգուշանալ փարիսեցիների ու սադուկեցիների աղանդից (Մատթ. 16.6, 11-12): Այնուհետ Գործք առաքելոցում խոսվում է սադուկեցիների աղանդի՝ մոլորյալ ուսմունքի մասին (5.17): Ուրեմն, «աղանդ» նշանակում է ճշմարիտ հավատքից շեղված, մոլորյալ ուսմունք: Սուրբ Եկեղեցին, որ հիմնադրվել է Քրիստոսի ու Նրա Սուրբ Առաքյալների կողմից, դարերով պահպանել է առաքյալների ու նրանց հաջորդների ավանդած ճշմարիտ հավատքի լույսը, այն զորացրել Եկեղեցու Հայրերի բացատրություններով ու մեկնություններով, եկեղեցական սրբակենցաղ հեղինակների աշխատություններով, Աստծո հավատարիմ սպասավորների, ճգնավորների ու վանականների, նախանձախնդիր հավատացյալների կյանքի օրինակներով, սրբերի տեսիլքներով և դարերի հոլովույթում Աստծո հետ քրիստոնյա ժողովրդի հաղորդակցությամբ: Մինչդեռ նոր առաջացած աղանդները նաև նուրբ ու սքողված ձևերով ստիպում են մարդկանց շեղվել այդ ճանապարհից:

Մոլորություն կա նաև աղանդավորներին գործելու շրջանակ թույլատրելու հարցում, ինչին նաև հարում են որոշ պետական-քաղաքական վայ-գործիչներ և կամ էլ իմաստակ իրավապաշտպաններ՝ իբր Եվրամիության առջև պարտավորություններ ունենենք: Մինչդեռ Եվրամիության առջև պարտավորությունները չեն արգելում հայրենօգուտ ու ազգօգուտ որոշումներ կայացնելու այնպիսի երկրների, ինչպիսիք են Վրաստանը, որը նույնիսկ իր տարածքում ավանդական եկեղեցիներին էր տասնամյակներով զրկել լիազորություններից  ու պետական գրանցումից, և կամ Լեհաստանը, Ֆրանսիան, Ճապոնիան: Ընդհակառակը, Եվրամիությունն ինքն է անհանգստացած աղանդների ու աղանդավորների հարցով ու առկայությամբ և արդեն 1990-ական թվականներից սկսած Եվրախորհուրդը մշակել ու հաստատել է պաշտոնական դիրքորոշումներ ու փաստաթղթեր՝ կապված աղանդների ու դրանցից եկող վտանգների դեմ:

Այդ ընդունված փաստաթղթերի հիման վրա են Եվրամիությունն ու Եվրախորհուրդը այս հարցում շարունակում իրենց քաղաքականությունը: Այսպես, Եվրախորհրդի 1992 թ. N 1178 հանձնարարականի առնչությամբ ասված է. «Աղանդավորական երևույթի վերաբերյալ հիմնավորված տեսակետ է հայտարարվել Եվրախորհրդի կողմից, որը 1992 թ. հաստատվեց «Հանձնարարական աղանդների և նոր կրոնական շարժումների վերաբերյալ» N 1178 փաստաթղթում: Եվրախորհուրդը, իր մտահոգությունը հայտնելով աղանդների և նոր կրոնական շարժումների գործունեությամբ ծառացած որոշ խնդիրների առնչությամբ, հաստատեց, որ աղանդների վերաբերյալ առանձնահատուկ օրենսդրություն անցանկալի կլինի, քանի որ կարող է բացասականորեն շփոթության մեջ մտնել Մարդու իրավունքների և հիմնարար ազատության եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածի հետ: Սակայն հարկ է ձեռնարկել ինչպես կրթական, այնպես էլ օրենսդրական և այլ բնույթի միջոցներ՝ ի պատասխան աղանդների և նոր կրոնական շարժումների որոշ գործունեության պատճառով հառնած խնդիրների»:

Իսկ 1999 թ. Եվրախորհուրդը հրապարակել է N 1412 նոր հրահանգը աղանդների վերաբերյալ. «Աղանդների վերաբերյալ հրահանգի» մեջ Եվրախորհուրդը կրկին հիշատակեց 1992 թ. N 1178 փաստաթուղթը՝ շեշտելով երիտասարդներին և հասարակությանը տեղեկատվություն ներկայացնելու և կրթելու (հոդված 3), ու հատկապես՝ կարևոր փիլիսոփայական դպրոցների և կրոնի մասին պատմությունը  դպրոցական ուսուման ընդհանուր ծրագրում ներառելու անհրաժեշտությունը (հոդվածներ 8, 9, 10)»:

Այսինքն՝ այն պնդումները, որ պարտավորություններ ունենք և պետք է աղանդավորներին իրենց ցանկացած ազատությունները տանք, չեն համապատասխանում իրականությանը: Եվ այն անպատասխանատու դիրքորոշումը, թե երեխաներին, պատանիներին ու երիտասարդներին չպետք է զգուշացում տանք աղանդներից ու աղանդավորներից և հատկապես դպրոցներում «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդման դեմ բարբաջանքները դեմ են և՛ մեր ազգային անվտանգության, և՛ Եվրախորհրդի դիրքորոշումների, ընդունած ու հաստատած փաստաթղթերի դրույթներին:

Այսպիսով, իրավական տեսակետով, աղանդավորների պաշտպանությունը «անհասկանալի» պատճառներով ստանձնած իրավապաշտպանները նախ պետք է լրացնեն իրենց  թերի գիտելիքները հարցի վերաբերյալ միջազգային իրավական փաստաթղթերի ուսումնասիրություններով, պետական գործիչները առաջնորդվեն ոչ թե մասնակի կամ անձնական, այլ ազգային շահերով, իսկ մեր ժողովուրդը, ինչպես և դարերի ընթացքին, պիտի շարունակի հավատարիմ մնալ իր Մայր Եկեղեցուն՝ հաստատուն պահելով ճշմարիտ հավատքը, աստվածասիրությունը և ազգասիրությունը: