ՃՇՄԱՐԻՏ ԵԿԵՂԵՑԻՆ

Երբ Ադամը դրախտում թմրեց, նրա կողից շինվեց Եվան, ու աշխարհը լցվեց բազում մարդկանցով: Նույն կերպ էլ Քրիստոս թմրեց խաչի վրա, և Նրա կողից արյուն և ջուր բխեց (Հովհ. 19.34)` խորհրդանշելով հաղորդությունն ու մկրտությունը: Եվ եկեղեցում մկրտության ու հաղորդության խորհուրդներին մասնակից դառնալով` բազում մարդիկ առաջ են ընթանում փրկության ճանապարհին:

Քրիստոս ասում է. «Ուր երկու կամ երեք հոգի հավաքված լինեն Իմ անունով, Ես այնտեղ եմ` նրանց մեջ» (Մատթ. 18.20): Մենք հավատում ենք, որ երբ հավաքվում ենք եկեղեցում Քրիստոսի անունով և աղոթում, Քրիստոս ներկա է մեր մեջ: Շատ կարևոր է հատկապես եկեղեցի գնալը, որովհետև չնայած որ Աստված մեզ կարող է լսել ցանկացած տեղից, սակայն հատկապես եկեղեցում իրականացվող  խորհրդակատարությունների միջոցով ենք ստանում աստվածային շնորհները և այն մեծագույն շնորհը, որ է Սուրբ Հաղորդությունը` Քրիստոսի Մարմինն ու Արյունը:

Երբ Աբրահամ նահապետը ցանկացավ ըստ Աստծո խոսքի զոհաբերել իր որդի Իսահակին, նրան խոյ տրվեց, որը մորթվեց Իսահակի փոխարեն (Ծննդ. 22.13): Եվ ինչպես որ այս դեպքը նախօրինակն էր Քրիստոսի զոհագործության, ճիշտ այդպես էլ հրեական տաճարը աղոթավայրի իմաստով նախատիպարն էր ճշմարիտ Եկեղեցու, ստվերն էր ճշմարիտ Եկեղեցու:

Եկեղեցուն նվիրված տոների շարքում ամեն տարի մենք տոնում ենք նաև Աշխարհամատրան կամ Կանաչ կիրակին: Աշխարհամատուռը այն առաջին աղոթավայրն է` վերնատունը, ուր առաքյալներն ու առաջին քրիստոնյաները հավաքվում էին և աղոթում (Գործք 1.12-14): Վաղ քրիստոնեության շրջանում մատուռներ` փոքր աղոթավայրեր կառուցվում էին մարտիրոսների գերեզմանների վրա: Իսկ կանաչը բնության զարթոնքի, հարության, նոր կյանքի նշանն է, և այս անունը ցույց է տալիս, որ եկեղեցում մարդկանց հոգիները զարթոնք են ապրում ու ծաղկում աստվածային շնորհներով:

Վերնատունը առաջին եկեղեցին է` որպես աղոթավայր: «Եկեղեցի» բառը նշանակում է հավատացյալների ամբողջություն, սակայն եկեղեցի է կոչվում նաև այն շինությունը, որտեղ հավատացյալները հավաքվում են և աղոթում` ըստ Վերնատանը համախմբվող առաքյալների օրինակի: «Եկեղեցի» բառը գործածվում է տարբեր իմաստներով` որպես հավատացյալների հավաքականություն, տեղական եկեղեցի և կամ կառույց աղոթելու համար:

Եկեղեցին շատ գեղեցիկ կերպով համեմատում են նոյյան տապանի հետ, որով փրկվեցին Նոյն ու իր ընտանիքը, երկրի գազաններն ու կենդանիները: Սակայն բացի այս փրկարար հատկությունից Եկեղեցին մեկ այլ հրաշալի և զորավոր հատկություն ունի: Նոյյան տապանն ընդունում էր գայլ և գայլ բաց էր թողնում, ընդունում էր ագռավ և բաց էր թողնում ագռավ: Մինչդեռ եկեղեցին ընդունում է գայլ, բայց բաց է թողնում անմեղ գառ, եկեղեցին ընդունում է ագռավ և բաց է թողնում մաքուր աղավնի:

«Եկեղեցի» ասելով` մենք նախ հասկանում ենք նաև հավատացյալ ժողովրդի հավաքականությունը, ապա` եկեղեցական կառույցը: Ճշմարիտ Եկեղեցին այն Եկեղեցին է, որը հիմնադրվել է Քրիստոսի առաքյալների, Քրիստոսի ճշմարիտ հետևորդների կողմից, և ճշմարիտ քահանան այն անձն է, ով իր քահանայությունը ստացել է Քրիստոսից, այսինքն` Քրիստոսի և առաքյալների կողմից փոխանցված հաջորդական ձեռնադրությամբ:

Երբ մի մարդ իրեն որևէ բան է հռչակում, իրեն ինքն իրենից կոչումներ է տալիս, ապա մենք այդպիսի մարդուն համարում ենք ինքնակոչ: Ճիշտ նույն կերպ էլ մենք պետք է տարբերակում դնենք ճշմարիտ Եկեղեցու և ինքնակոչ եկեղեցու, ճշմարիտ քահանայի և ինքնակոչ քահանայի միջև: Հայերիս համար մեր Մայր Եկեղեցին այն Եկեղեցին է, որը բացի Քրիստոսի առաքյալների կողմից հիմնադրված լինելուց, երկու հազար տարի շարունակ եղել է հայ ժողովրդի ապավենը, զարգացրել և կատարելության է հասցրել ազգային մշակույթը և այսօր էլ փրկության և ազգային ինքնագիտակցության պահպանման ճշմարիտ գրավականն է: Այդ Եկեղեցու անունն է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի: