ՃՇՄԱՐԻՏ ԱՍՏՎԱԾՍԻՐՈՒԹՅՈՒՆ

Գյուղերից մեկում, երբ եկեղեցու սպասավորը քարոզում էր աստվածային ճշմարտությունները` խոսելով Աստծո հանդեպ սիրո և աղոթքի անհրաժեշտության մասին, մի ծեր տատիկ բողոքելով ասաց. «Ի՛նչ է, որ եկեղեցու մեջ կանգնեմ ու «Աստված, Աստված» կանչեմ, Աստված ինձ հա՞ց պիտի տա, պիտի նորից դատարկ դուրս գամ»:

Որքա՜ն հակառակ է նման մտածելակերպը այն սրբերի կյանքին, ովքեր պատրաստակամությամբ նեղություններ են կրել ու նահատակվել հանուն Քրիստոսի: Սուրբ առաքյալները, մեր Հայրապետ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, Հռիփսիմյան ու Գայանյան կույսերը անմարդկային տանջանքներ ունեցան:

Մեր Եկեղեցում հիշատակվող սրբերից Եվստաթեոսը քրիստոնյա դառնալուց որոշ ժամանակ անց սնանկացավ, կորցրեց ընտանիքը, Նեքտարինեն չարչարանքների ենթարկվեց և սպանվեց, նույնպես և Դավիթ Դվնեցին խաչվեց և մեռավ: Բազում սրբեր ահավոր տառապանքների մատնվեցին: Սակայն նրանցից որևէ մեկի մտքով անգամ չէր անցնում իրենց նեղությունների ժամանակ ուրանալ Քրիստոսին:

Մինչդեռ ի՞նչ է դարձել մեր ժամանակների մարդու մտածելակերպը, Աստված նրան անպայման պիտի հաց տա: Հարկավ, Աստված օգնում է նեղությունների մեջ, մարդու նյութականի համար էլ աջակցում է, Քրիստոսի Ինքը մեզ սովորեցրեց աղոթել նաև հանապազօրյա հացի համար, բայց կյանքում պատահում են նաև փորձություններ: Մի՞թե շահախնդրությամբ ենք մենք սիրում մեր ծնողներին կամ երեխաներին, քույրերին կամ եղբայրներին: Իհարկե, ո՛չ: Ուրեմն որքան առավել ևս ամոթ է մեզ բոլորիս համար այսպիսի չափանիշներով չափել մեր զգացմունքներն ու հավատարմությունը առ Աստված: