ՃԳՆԱՎՈՐ, ՔԱՀԱՆԱ ԿԱՄ ՎԱՆԱԿԱՆ

Ճգնավորները կոչվում են նաև միայնակյացներ: Միայնակյաց նշանակում է ոչ միայն միայնակ ապրող, այլև միայնակ աղոթող, որովհետև ճգնավորներն առանձին ապրելով` առանձին էլ աղոթում էին։ Քրիստոս ասաց` ուր երկու կամ երեք հոգի հավաքված լինեն Իմ անունով, այնտեղ եմ Ես, նրանց մեջ (Մատթ. 18.20)։ Երեքը վերաբերում է ընդհանրական աղոթքին, իսկ երկուսը` առանձնական, որի ընթացքում միաբանվում են երկուսը, այսինքն` հոգին և մարմինը, որի շնորհիվ էլ միտքը կարողանում է մտնել աղոթական վիճակի մեջ։

Հավանաբար շատերն են ձեզանից հետևյալ հարցը տվել. «Մենք հիմա ապրում ենք քսանմեկերորդ դարում, ի՞նչ կարիք կա միջնադարյան ճգնավորների, վանականների կամ էլ թեկուզ կուսակրոն քահանաների»։ Այսպիսի հարց տվողներն ուշադրությամբ չեն խորասուզվել այն աստվածային հայտնության մեջ, որը բովանդակում է Աստվածաշունչը։ Ճգնավորները հենց միայն իրենց աղոթքներով մեծ օգուտ են տվել ողջ մարդկությանը, ինչպես որ ժամանակին Մովսես մարգարեն աղոթում էր, և իսրայելացիների հաղթանակն ու պարտությունը կախված էին միմիայն նրա աղոթքներից (Ելք 17.11)։

Քրիստոս Երկնքի Արքայությունը նմանեցրեց կույսերի։ Պողոս առաքյալը գովելի համարեց ամուսնությունը, սակայն ավելի գովելի` կուսության ողջախոհությունը (Ա Կորնթ. 7.1-2, 8-9, 32-35)։ Եկեղեցու Հայրերն ասում են, որ Երկնքի Արքայության մեջ միմիայն կույսերն են արժանի համարվելու անկյալ հրեշտակների ամենաբարձր տեղին։ Սակայն եթե մի կողմ դնենք և՛ Հայրերի ասածները, և՛ նշված վկայությունները, ապա դարձյալ մնում է Հովհաննու Հայտնության մեջ նկարագրված ճշմարտությունը, ըստ որի, անմիջականորեն Քրիստոսի ներկայությունը հավիտյանս վայելելու են այդ մեծ առաքինությունն ունեցողները (Հայտն. 14.4)։

Հետքրքիր կլինի իմանալ ճգնավորի կամ հասարակ վանականի և քահանայի տարբերությունը։ Եկեղեցում աղոթքի ժամանակ վանականը կանգնում է ձեռնադրված քահանայից հետո, որովհետև չնայած մեծ ողջախոհությամբ է ապրում, սակայն չունի մեղքեր կապելու և արձակելու, մկրտելու, պատարագելու աստվածապարգև իշխանությունը։ Տարբերություն կա նաև հագուստների մեջ։ Քահանան սքեմ է հագնում, իսկ վանականը կամ ճգնավորը հաճախ միայն` պատմուճան, որն անպայման պետք է գոտի ունենա։

Այդ գոտին խորհրդանշում է մարմնական և ընդհանրապես ստոր ցանկությունների ու կրքերի զսպումը։ Քահանաները կարող են պատարագի ժամանակ բեմ բարձրանալ և իրենց ձեռքով հաղորդություն ստանալ առանց պատարագիչ քահանայի միջնորդության, իսկ վանականները հաղորդություն ստանում են միայն քահանայի ձեռքից։ Հնում հանգուցյալին գերեզման տանելուց նախ դնում էին եկեղեցում, քահանան կատարում էր նաև եկեղեցու կարգը, որից հետո արդեն հանգուցյալին տանում էին գերեզմանատուն։

Եվ ահա հստակ տարբերություն կա, թե եկեղեցու որ մասում պետք է դրվի հանգուցյալ օծյալ հոգևորականը, հանգուցյալ վանականը և այն ննջեցյալը, որը ժողովրդի միջից է։ Հոգևորականները դրվում են խորանին մոտ, վանականները խորանից քիչ հեռու, իսկ ժողովրդից եղող հանգուցյալը` ավելի մոտ եկեղեցու դռանը։ Սա պայմանավորված է ոչ թե հավատի, այլ առաջին հերթին Աստծուց ստացած իշխանության և Աստծո հանդեպ պատասխանատվության չափով։ Քահանան Աստծո առջև պիտի պատասխան տա իրեն հանձնված ողջ ժողովրդի համար։ Այդ իսկ պատճառով էլ ժողովրդի համար արվող հոգևոր այս պատասխանատու սպասավորության մեջ քահանան մեծ անհրաժեշտությունն ունի ժողովրդի աղոթքների և աջակցության։