ՃԳՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿՐՔԵՐ

Եկեղեցին ամեն տարի տոնում է Եգիպտոսի անապատաբնակ սուրբ ճգնավորների տոնը: Հաճախ վիճահարույց է ճգնավորների հետ կապված հարցը. ոմանք ասում են, որ սխալ է առանց ամուսնական կյանքի ապրելը և սերնդագործելու բնական մղումն ու ցանկությունը ճնշելը` եզրակացնելով, որ այդպիսի ընթացքը մեծ դժվարությունների ու մարմնական անառողջ վիճակների պիտի հանգեցնի: Սակայն կրոնական մոտեցումը բոլորովին այլ է:

Պողոս առաքյալն ասում է. «Ով կին չունի, հոգում է, թե ինչպես հաճելի լինի Տիրոջը: Իսկ ով կին ունի, աշխարհի մասին է հոգում, թե ինչպես հաճելի լինի իր կնոջը: Եվ այսպես տարբերվում են իրարից ամուսնացած կինը և կույսը. քանի որ կույսը հոգում է Տիրոջ գործերի մասին, որպեսզի սուրբ լինի մարմնով և հոգով: Իսկ ամուսնացած կինը հոգում է աշխարհի մասին, թե ինչպես հաճելի լինի իր մարդուն» (Ա Կորնթ. 7.32-34), այսինքն` չամուսնացած բարեպաշտ մարդիկ ավելի մեծ հնարավորություն ունեն առ Աստված ամբողջական նվիրումի:

Ամուսնացողներն ապրում են բնական կյանքով` նմանվելով Աբրահամին, մյուս նահապետներին, Պետրոս առաքյալին և Քրիստոսի մյուս ամուսնացյալ առաքյալներին: Իսկ ովքեր չեն ամուսնանում, պահպանելով իրենց կուսության առաքինությունը, ապրում են գերբնական կյանքով` նմանվելով Եղիա մարգարեին, Հովհաննես Մկրտչին, Պողոս առաքյալին և մեր Տեր Հիսուս Քրիստոսին:

Հայտնի փիլիսոփա Շոպենհաուերը մարդկային կրքերը բաժանել է երեք խմբի: Նրա նման մենք էլ առանձնացնենք կրքերի, հաճույքների երեք տեսակները: Առաջին խմբում կյանքի համար խիստ անհրաժեշտ կրքերն ու ցանկություններն են` ուտելը, խմելը, քնելը և հանգստանալը: Երկրորդ խմբում կյանքի պահպանության համար ոչ անհրաժեշտ կրքերն են` ճանապարհորդություն, մարզաձևեր, որսորդություն, պարեր և այլն: Երրորդը մտավոր-զգացական հաճույքներն են` հայեցողություն, մտածողություն, զգացողություններ, արվեստ, բանաստեղծություն, երաժշտություն, ուսուցում, ընթերցանություն, փիլիսոփայություն:

Եկեղեցին կյանքի համար անհրաժեշտ կրքերի առաջին տեսակի համար սահմանել է կանոններ, հրահանգներ հատկապես պահքի և ուտիքի օրերի առնչությամբ և երկրորդական համարելով վերոնշյալ երկրորդ խումբը` հիմնական ուշադրության արժանի է համարել երրորդը` աղոթքի, խոկումի, ընթերցանության, մտքի աշխատանքի հորդորելով: Մեր եկեղեցական հեղինակներից Առաքել Սյունեցին իր «Ամենայն չար տանջելի է» աշխատության մեջ նշում է, որ մարդկային բնությունը զորավոր է, և կամքը չի կարող հակառակվել բնությանը, հակառակ պարագային կդադարի մարդու կյանքը: Այսինքն` կամքն է բնությանը հետևող և ոչ թե բնությունը կամքին: Եվ քանի որ կյանքի շարունակության համար խիստ անհրաժեշտ են կարևոր կրքերը, կարիքները, ապա մարդկային կամքը այս պարագաներում չի կարողանում հակառակվել բնությանը:

Օրինակ` որևէ մեկը չի կարող երկար ժամանակ առանց ուտելու կամ խմելու ապրել, և կյանքի պահպանության համար կամքը հետևում է բնության պահանջներին: Բայց քանի որ խիստ անհրաժեշտ չէ ամուսնական կյանքը, այլ այն կարգված է մարդկային սերունդը շարունակելու համար, մարդն իր ցանկությամբ, կամքը համաձայնեցնելով բնության հետ, կարողանում է կուսական առաքինի կյանք վարել: Այդպես է, որ մենք ունենք ճգնավորներ և բազում այլ սրբեր, ովքեր ապրել են ողջախոհության այս մեծագույն առաքինութամբ:

Հունարեն լեզուն իմաստությամբ սիրո գաղափարը, մարդկանց միջանձնական հարաբերություններում միմյանց հանդեպ սերը արտահայտում է երկու բոլորովին տարբեր բառերով` ագապե և էռոս: Այս վերջինը այն սերն է, որով մարդն ուրիշի մեջ իր համար հաճույք է փնտրում: Սիրո հենց այս տեսակն էր տարածված անտիկ աշխարհում: Պլատոնի մի ստեղծագործության մեջ խնջույքի տարբեր մասնակիցներ գովերգում են սերը: Եվ պարզվում է, որ ամենագովելի սերը ոչ թե սերն է տղամարդու և կնոջ միջև, այլ սերն է տղամարդկանց միջև` իր զգացական և մարմնական դրսևորումներով: Ի դեպ, Պլատոնի ստեղծագործություններում քիչ չեն այսպիսի գաղափարները: Պատմությունը ցույց է տալիս, որ սիրո անվան տակ հանդես եկող այդ արատը նախ տարածված է եղել Պարսկաստանում, և հետագայում, երբ աշխուժացել են հարաբերությունները Պարսկաստանի տերության և Հունաստանի միջև, այդ արատն անցել է նաև Հունաստան:

Հայտնի հոգեբան Զիգմունդ Ֆրոյդը, որ սխալմամբ մարդկային հոգեբանության մեջ մեծ և առաջնային դեր է տալիս սեռականությանը և անգամ զվարճալի օրինակով բացատրել էր սեռական հակումների ճնշման անցանկալի լինելը, իր մեկ այլ աշխատության մեջ մեծապես գնահատում է ճգնավորների դերը` ասելով, որ նրանց ողջ կյանքը եղել է պայքար կրքերի դեմ, և հատկապես ճգնավորները սիրո գաղափարին տվեցին հոգեբանական այն անգնահատելի խորությունն ու իմաստը, որ երբեք մարդկությանը չէր կարող տալ անտիկ, հեթանոսական աշխարհը:

Ոմանք մեղադրում են ճգնավորներին, որ նրանք ապրել են մարդկային հասարակությունից հեռու, մենակ և միայն իրենց համար: Սակայն այսօր հաճախ ընտանիքներում միևնույն ընտանիքի անդամները բնակվում են միասին, կողք կողքի` իրականում ապրելով միմյանցից առանձին, ամփոփված յուրաքանչյուրն իր խնդիրներով, ներաշխարհով: Մինչդեռ ճգնավորները մշտապես մտածել ու աղոթել են ողջ մարդկության համար: Եվ ստացվում է, որ ճգնավորները, բոլորից հեռու ապրելով, միևնույն ժամանակ ապրում էին բոլորի հետ` հոգևոր իրական միասնության ու սիրո մեջ: