ՃԳՆԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ. ՄԱՍ ԱՌԱՋԻՆ

Ձեզ ենք ներկայացնում մեր Եկեղեցու մեծ դեմքերից Շնորհք Պատրիարք Գալուստյանի մտորումները ճգնավորության և վանականության վերաբերյալ։

Արդի ժամանակների մեջ, երբ աշխարհայնությունը և բարքերի թուլությունը տիրապետող են դարձել ամենուրեք, մարդիկ արհամարհանքով են նայում ճգնավորությանը կամ հիշում այն։ Բայց պետք է գիտենալ, որ սա իր ժամանակի ամենից տրամաբանական հոգևոր ուղին էր և բարոյապես ու ֆիզիկապես ամենից առողջ կենցաղային վիճակը։ Սա հաստատելու համար մի ակնարկ նետենք այն ժամանակների վրա, երբ ծնունդ առավ ճգնավորությունը։ Երբ 313 թ. Կոստանդիանոս կայսեր «Միլանի հրովարտակով» Եկեղեցին ազատվեց հալածանքներից, բարիների հետ խոտան մարդիկ էլ սկսեցին մուտք գործել Եկեղեցուց ներս, քանի որ այլևս քաջություն չէր պահանջում քրիստոնյա լինելը, ինչպես հալածանքների շրջանում էր։

«Սա ճակատագրական սկզբնավորությունը եղավ Եկեղեցու վատառողջ գիրացումի, և, հետևաբար, մասնակի այլասերման»,- ասում է Շնորհք արքեպիսկոպոս Գալուստյանը։ Եկեղեցին գրավեց այն դիրքը, որը հեթանոսությունն ուներ նախապես։ Նախորդ դարերին հեթանոսությունն էր հալածողը, այժմ Եկեղեցին սկսեց հալածել հեթանոսությանը։ (Նշենք, որ այստեղ Եկեղեցի ասելով պատրիարքը նկատի ունի Եկեղեցի մուտք գործած տարբեր անձանց և տիրող մթնոլորտը)։ Բացի դրանից հատկապես արևելքում Ավետարանի քարոզությանը և քրիստոնեական կրոնի տարածմանը նվիրվելուց ավելի քրիստոնյաներն ընկղմվեցին աստվածաբանական անհատնում վեճերի մեջ։

Բարդ ու ծաղկյալ պաշտամունքային արարողությունները, որքան էլ մարդկային զգայարանների համար գրավիչ էին և գեղարվեստական մեծ արժեք ունեին, հետզհետե վերածվեցին ավելի ձևականության և արվեստականության, քան թե Քրիստոսի պահանջած «Հոգով և ճշմարտությամբ» պաշտամունքը, ինչն այսօր երբեմն տեսնում ենք արարողությանը մասնակցող տարբեր անձանց մեջ։ Երբ խաղաղություն ու ազատություն տիրեց քրիստոնեության մեջ, հեթանոս բարքեր էլ սկսեցին մուտք գործել Եկեղեցի, և ստեղծվեց կենցաղային շփոթ կացություն, ուր այլևս դժվար էր իրարից զանազանելը հեթանոսականը և քրիստոնեականը։ Նույնիսկ կյանքի անմեղ կոչված երևույթներից` կերուխումից, երգուպարից, խնջույքներից, խաղերից, հաճույքներից որքա՞նը քրիստոնեական կարող էր նկատվել և որքանը հեթանոսական, վիճելի հարց էր։

Այնպես որ քրիստոնեական կյանքը և մտայնությունը շատ բան էր կորցրել իր մաքրությունից, պարզությունից և բարոյական բարձրությունից։ Եվ մի շարք քրիստոնյաներ, տեսնելով հեթանոսության և քրիստոնեության այս անսուրբ խառնուրդը, հեռացան հասարակությունից, քաշվեցին անաղարտ բնության ծոցը` պահելու համար իրենց կյանքի բարոյական մաքրությունը Աստծո մշտական ներկայության մեջ։ Նրանց շնորհիվ քրիստոնեությունը կարողացավ մաքրվել և անցնել հաջորդ սերունդներին։ Այս իրագործելու համար նրանք գործի դրեցին գերմարդկային ճիգեր, այդ իսկ պատճառով էլ կոչվեցին ճգնավորներ։