ՃԳՆԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ. ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ

Շնորհք Պատրիարք Գալուստյանի մտորումները ճգնավորության և վանականության վերաբերյալ զետեղված է այս նյութի առաջին մասում:

Ինչո՞վ է արդյոք մեր դարը տարբերվում քրիստոնեության հաղթանակից հետո եկած ժամանակաշրջանում տեղ գտած ապականությունից։ Բազում քրիստոնյա երկրներում այսօր ևս տեսնում ենք բարքերի նույն ապականությունը, անաստվածությունը կամ էլ հեթանոսությունը։ Իսկ ի՞նչ օգուտ կարող են տալ ճգնավորները կամ վանականները այսօրվա մարդկությանը։ Հոգևոր կյանքում կատարելության հասած մարդկանց աղոթքներով բազում ժողովուրդներ կարող են փրկվել, ինչպես որ իսրայելցիների հաղթանակը կամ պարտությունը կախված էր Մովսեսի աղոթելուց (Ելք 17.11)։

Նրանց ազնիվ օրինակը տեսնելով` բազմաթիվ անհավատ մարդիկ կարող են հավատալ և Երկնքի Արքայության արժանանալ։ Սուրբ Գրիգոր Նազիանզացին ասում է. «Ինձ այնպէս է թվում, թե ամեն էակներից փոփոխական ու բազմակողմանի մարդուն հովվելը և ուղղելը արվեստների արվեստն է և գիտությունների գիտությունը»։ Եվ եթե մենք համաձայն ենք, որ ստեղծվեն մշակույթի, արվեստի կենտրոններ` դրանք ծաղկեցնելու համար, եթե համաձայն ենք, որ ստեղծվեն գիտության կենտրոններ` գիտությունը ավելի զարգացնելու համար, ուրեմն ինչու՞ չպետք է ստեղծվեն վանական կենտրոններ, ուր մարդիկ զբաղված են արվեստների արվեստով և գիտությունների գիտությամբ, ուր ամեն օր և ամեն ժամ աղոթքներ են բարձացվում առ Աստված մարդկանց փրկության և հոգևոր խաղաղության համար, և որտեղ եկած ուխտավոր մարդիկ կկարողանան տեսնել կյանքի մեծագույն բարոյականության և ճշմարիտ սիրո հիանալի օրինակներ, որոնցով զորացած կվերադառնան իրենց ընտանիքները` առավել կատարելագործելու իրենց կյանքը, երջանկություն և խաղաղություն հաստատելով իրենց ընտանիքներից ներս։

Շնորհք արքեպիսկոպոս Գալուստյանը, խոսելով տարբեր երկրների վանքերի մասին ասում է, որ շատ վանքեր դարձել են ինչ-որ գործունեության կամ մշակութային հաստատություններ, որի համար բացարձակ անհրաժեշտություն չկա կուսակրոնության, այսինքն` կյանքի ամբողջական ողջակիզման, քանի որ աշխարհիկ մարդիկ էլ նույն պայմանների տակ կարող են նույն գործը անել։ Հետևաբար, հոգևորականին հոգևորական է դարձնում կամ մարդուն հոգևոր է դարձնում ամենաառաջին հերթին ոչ թե գիտական ինչ-որ աշխատություն, այլ Քրիստոսի պատվիրած ամենժամյա անդադար աղոթքը, որով կարող են զբաղվել հատկապես վանականները և ճգնավորները։

Հոգսերով ու հաճույքներով ծանրաբեռնված այս աշխարհը չի կարողանում կամ չի ուզում հասկանալ ճգնավորների և վանականների մեծագույն կարևորությունը։ Սա բացատրելու համար Շնորհք Պատրիարքը գեղեցիկ օրինակներ է բերում։ Երբ Հիսուս Քրիստոս Գալիլեական ծովակի փոթորիկը դադարեցրեց (Մատթ. 8.23-27, Մարկ. 4.35-41, Ղուկ. 8.22-25), դրանից օգտվեց ոչ միայն նավը, որի մեջ գտնվում էին Քրիստոս և Իր աշակերտները, այլ նաև այն բոլոր մյուս նավերը, որոնք այդ պահին գտնվում էին ծովակի մեջ և տագնապի էին մատնվել Քրիստոսի աշակերտների պես։

Եվ այդ տասնյակներով նավերի մեջ գտնվող հարյուրավոր մարդիկ երբեք չիմացան, թե ու՞մ էին պարտական փոթորկի հանկարծակի դադարեցման համար։ Նույնպես, երբ Եվրոպա ներխուժող ասպատակիչ բանակները կասեցվեցին այս կամ այն ճակատամարտում մի քանի քաջարի գնդերի կողմից, իրենց ետևում գտնվող բազմաթիվ երկրների միլիոնավոր մարդիկ երբեք չանդրադարձան, թե ինչ ահավոր պատուհասներից փրկված եղան։ Նույնն է պարագան ճգնավորների և բոլոր սրբերի մղած հոգևոր պատերազմի։ Քրիստոնեական Եկեղեցին և իր միջոցով համայն մարդկությունը այնքան շատ բաներով պարտական է այս քչերին։