ՃԱԿԱՏԱԳԻՐ ԵՎ ՆԱԽԱԽՆԱՄՈՒԹՅՈՒՆ

Նախախնամության մասին հստակ չիմանալու դեպքում կարելի է այն շփոթել ճակատագրի հետ: Իր նախախնամությամբ Աստված ուղղորդում է մարդու կյանքը` այն ավելի լավ հանգրվանի բերելով: Սակայն սա չի նշանակում, որ Աստված Իր խնամքով մարդուն պարտադրում է աստվածային կամքը, այլ մարդկային կամքով կատարված սխալ ընտրությունն իրադարձությունների զարգացման ընթացքում աստվածային կամքով ուղղվում է հօգուտ մարդու: Նախախնամությունն աստվածային կամքի այն ներգործությունն է, որով արարածները երկնային կանխորոշմամբ խնամվում են և պահպանում իրենց գոյությունը: Ներսես Լամբրոնացին իր «Պատարագի մեկնության» մեջ ասում է, որ նախախնամության այս հատկությամբ է բնորոշվում «Աստված» բառը, որն արարչության և նախախնամության անուն է, այլ ոչ թե բնության:

Աստվածային նախախնամությամբ էր, որ մանուկ Մովսեսը փրկվեց փարավոնի աղջկա ձեռքով, չնայած եգիպտացիները գարշում էին հրեաներից: Փարավոնի դուստրը տեսավ երեխայի՝ շնորհով լցված դեմքն ու բնական գեղեցկությունը, խղճաց նրան և միանգամից որդեգրեց` դարձնելով իր բարօրության ժառանգորդը (Ելք 2.2-10)։ Այսպես նաև Հովսեփն իր եղբայրների դավաճանությամբ հեռացվեց հայրական տնից, վաճառվեց ստրկության, հետո բանտարկվեց, բայց վերջում մեծ փառքի արժանացավ և փրկություն բերեց սովի մատնված իր ողջ ընտանիքն ու շատ ժողովուրդների (Ծննդ. 37.18-36, 39.20-23, 41.37-44, 45.1-11): Նույն կերպ նաև Դանիելն ու իր ընկերները փորձությունների ու տանջանքների մատնվեցին թշնամիներից, բայց դրանք հաղթահարելով` հենց չարչարողների կողմից մեծ հարգանքի ու պատիվների արժանացան (Դան. 3.19-23, 91-97, 6.17-28): Նաև Պողոս առաքյալը տանջվում էր հիվանդության պատճառով և աղոթում էր, որ Աստված իրեն ազատի այդ դժվարություններից, բայց Տերը նրան պատասխանեց, որ նրա իսկ օգտի համար է այդ կացության մեջ գտնվելը (Բ Կորնթ. 12.7-9):

Վտանգի հնարավորությամբ ճանապարհորդությունների պարագայում ևս մենք հույս ենք դնում Աստծո նախախնամության վրա, հավատալով, որ Աստված Իր բարի խնամքով հաջող ավարտի կհասցնի մեր ընթացքը, ինչպես և ասվում է Աստվածաշնչում. «Թեև նավը ստեղծվել է շահի ցանկությունից, և ճարտարապետն էլ իմաստությամբ է կառուցել, սակայն Քո նախախնամությունն է, Հա՛յր, որ վարում է այն, որովհետև Դու ես, որ ծովի մեջ ճանապարհ և ալիքների մեջ ապահով շավիղ ես տվել» (Իմաստ. 14.2-3): Այսպիսով, Աստված վեր չէ մարդկային կյանքից ու պատմությունից, այլ միշտ ներկա է աշխարհում Իր նախախնամությամբ, մարդկային ազատ կամքի սխալները բարիքների բերելու, մարդկանց բարօրությունն ապահովելու, իսկ մարդու` երկրավոր կյանքը այս կամ այն պատճառով ավարտվելու դեպքում նրան լուսե օթևան տալու հավիտենության մեջ:

Ահա Աստծո այս մշտական խնամքի մասին է Քրիստոսի խոսքը. «Իմ Հայրը մինչև այժմ գործում է» (Հովհ. 5.17): Աստծո նախախնամությունը ճանաչում է փրկության կանչվածներին, տալիս է այն կերպն ու միջոցը, որով ընտրյալները փրկվում են: Իսկ մարդիկ անձնիշխան կամքով և գործերով Աստծո օգնությամբ հասնում են այդ փրկությանն ու շնորհներին: