ՃԱԿԱՏԱԳԻՐ ԵՎ ԱԶԱՏ ԿԱՄՔ

Ճակատագրի հասկացությունը հակադրվում է ազատ կամքի հասկացությանը: Ճակատագրի իրական լինելն ընդունելու դեպքում խախտվում են բարոյականության հիմքերը, քանի որ եթե կա ճակատագիր, ուրեմն մարդն այլևս պատասխանատու չէ իր գործողությունների համար: Մարդու բոլոր արարքներն արդեն ի վերուստ որոշված են, և, հետևաբար, մեղքերի, հանցանքների ողջ պատասխանատվությունն ընկնում է ճակատագիրը հաստատողի և ոչ թե մարդու վրա: Ճակատագրի ընդունումով և ազատ կամքի ժխտումով աղավաղվում է նաև Աստծո մասին ճշմարիտ պատկերացումը, Աստծո մասին Սուրբ Գրքի բերած հայտնությունը:

Աստված այլևս չի ընկալվում որպես արդար դատավոր, քանի որ անարդար է մարդուն դատելը ի վերուստ սահմանված արարքների կատարման համար, ինչպես նաև այս ընկալումով Աստված Ինքն է դառնում մեղքի հեղինակը: Երկնքի Արքայության մասին Քրիստոսի խոսքերը, թե` «Երկնքի Արքայությունը բռնադատվում է. և հզորներն են հափշտակում այն» (Մատթ. 11.12), նույպես վկայում են ազատ կամքի մասին: Այսինքն` մարդն է իր ազատ կամքով ընտրած ճանապարհով, ազատ կամքով կատարած գործերով, աստվածային շնորհին գործակից լինելով ձեռք բերում Երկնքի Արքայությունը:

Աստվածաշնչում խոսվում է կյանքի գրքի մասին, որտեղ գրված են փրկության արժանացածների անունները: Տպավորություն է ստեղծվում, որ արդեն նախապես որոշված է ամեն ինչ: Սակայն Քրիստոսի վերոնշյալ խոսքերով սա բացատրվում է ազատ կամքի ընտրության և աստվածային ամենագիտության իրողությամբ: Ծննդոց գրքում Մովսեսը խնդրում է Աստծուն ներել ոսկե հորթին երկրպագած հրեաներին` ասելով. «Իսկ եթե չես ներելու, ուրեմն իմ անունը ջնջիր Քո մատյանից, ուր գրել ես ինձ» (Ելք 32.32): Տիրոջ դեմ ըմբոստացածների մասին սաղմոսերգուն ասում է. «Թող նրանք ջնջվեն կյանքի Քո մատյանից, և Քո արդարների շարքում չարձանագրվեն» (Սաղմ. 68.29):

Ղուկասի Ավետարանում Քրիստոս ասում է. «Մի՛ ուրախացեք այն բանի համար, որ դևերը ձեզ հնազանդվում են, այլ ուրախացեք, որ ձեր անունները գրված են երկնքում» (10.20): Եկեղեցական հեղինակներից մեկի խոսքով` բոլոր մարդկանց անունները գրված են կյանքի գրքում, քանի որ Աստված ցանկանում է բոլորի փրկությունը: Սակայն մարդու` մեղքերի և դրանց մեջ մինչև երկրային կյանքի վերջը հարատևելու պատճառով հետագայում նրա անունը ջնջվում է հիշյալ գրքից, որի մեջ անվան գրառումը փոխաբերականորեն նշանակում է փրկության արժանացածների շարքում լինել:

Երբեմն ոմանք հակադրություն են փորձում տեսնել ազատ կամքի և աստվածային ամենագիտության միջև: Սակայն Աստծո ամենագիտությունը չի ոչնչացնում ազատ կամքը և չի նշանակում, որ Աստված է որոշված կյանքի ծրագիր հաստատել մարդու համար: Պողոս առաքյալը Հակոբի և Եսավի օրինակով խոսում է Աստծո ամենագիտության մասին. «Որովհետև քանի դեռ տղաները չէին ծնվել, և քանի դեռ բարի կամ չար բան չէր գործվել (որպեսզի Աստծո ծրագիրը ըստ ընտրության հաստատվի, ոչ թե գործերից, այլ` նրանից, ով կոչեց), նրան ասվեց, թե ավագը կրտսերին պիտի ծառայի. ինչպես գրված էլ է, թե` «Հակոբին սիրեցի և Եսավին ատեցի» (Հռ. 9.11-13, Ծննդ. 25.23, Մաղաք. 1.2):

Սուրբ Հովհան Ոսկեբերանն ասում է, որ չնայած Հակոբն ու Եսավը դեռ գոյություն չունեին, սակայն Աստված արդեն գիտեր, թե նրանք ինչպիսին պիտի լինեն: Իր կանխագիտությամբ Աստված ոմանց ընտրում է և մոտեցնում իրեն (Ա Պետր. 1.2): Բայց սա չի նշանակում, որ Աստծո ամենագիտությունը կամ կանխագիտությունն է պայմանավորում մարդու կամքը: Այլ Աստված, քանի որ ամենագետ է, նախապես գիտե նաև, թե մարդն իր ազատ կամքով, ազատ ընտրության հնարավորությամբ ինչ արարքներ է գործելու: