ՂԵՎՈՆԴՅԱՆ ՔԱՀԱՆԱՆԵՐ. ՆԱՀԱՏԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՏԻՎԸ

Ղևոնդյան քահանաներն այն հոգևորականներն են, ովքեր Ղևոնդ երեցի գլխավորությամբ ոգեշնչեցին ու քաջալերեցին մեր ժողովրդին՝ ելնելու պայքարի հանուն հավատքի և հայրենիքի 451 թվականին: Ավարայրի դաշտում ճակատամարտից հետո նրանք ևս գերվեցին և տարվեցին Պարսկաստան, այնտեղ հրաժարվեցին պարսիկների կրոնն ընդունելուց և նահատակվեցին 454 թվականին։

Պատմությունը պահպանել է նահատակված հոգևորականների անունները։ Նրանք են` Հովսեփ Կաթողիկոս, Սահակ եպիսկոպոս, Ղևոնդ երեց, Մուշե քահանա, Արշեն երեց, Քաջաջ սարկավագ։ Սուրբ Եղիշե պատմիչն ասում է, որ Հովսեփ Կաթողիկոսը, Ղևոնդ Երեցը և մյուս քահանաները ևս պատերազմի եկան, որովհետև սա ոչ թե մարմնական կռիվ էին համարում, այլ հոգևոր առաքինություն։

Չափազանց հուզիչ է Ղևոնդյան քահանաների նահատակության վկայությունը։ Պատմիչը հաղորդում է, որ երբ Ղևոնդ երեցը տեսավ, որ իրենց չեն կամենում առանձին-առանձին հարցաքննել և դատել, այլ միանգամից սպանելու հրաման է եղել, Հովսեփ Կաթողիկոսին ասաց. «Առաջինը դու մոտեցիր սրին, որովհետև դու աստիճանով բոլորից բարձր ես»։

Այսինքն` Քրիստոսի համար նահատակվելը մեծագույն պատիվ էր, և այդ պատիվը առաջին հերթին տրվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ Վարդանանց պատմությունը մեծապես ազդեցիկ և հուզիչ է։

Եթե ձեր կյանքում երբևէ չեք կարդացել Եղիշե Վարդապետի պատմությունը Վարդանանց պատերազմի մասին, ապա ընթերցելով կհամոզվեք, որ ոչ միայն մարդկության պատմության, այլ նաև մեծ հավատքի վկայության մի լուսավոր էջ պիտի բացահայտեք ձեզ համար, որն անպայմանորեն ամրապնդելու և ավելի է մեծացնելու ձեր հավատքը։