ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԿՐՈՆԱԿԱՆ ԵՎ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԴԵՐԸ

Երկրի ղեկավարների դերը մեծ է ժողովրդի հավատքի, բարոյականության հաստատման և ճիշտ ուղիով ընթանալու հարցում: Կարծիքներ կան, որ ղեկավար անձանց կյանքն ու օրինակն այդքան էլ մեծ ազդեցություն չունեն ամբողջ ժողովրդի վրա, և ժողովուրդը ներքևից պետք է սկսի ընթանալ դեպի բարին ու ճշմարիտը:

Սակայն այս կարծիքն ամբողջությամբ չի կարող վավերական լինել: Օրինակ` երբ հրեաների առաջնորդը` Մովսես մարգարեն, մի քանի օր բացակայեց ժողովրդի միջից, ժողովուրդը հակվեց կռապաշտության և սկսեց կուռք պաշտել (Ելք 32.7-8):

Դավիթ թագավորի կատարած սխալի համար ժողովուրդը տուժեց և պատժվեց: Դավիթը, հակառակ Աստծո կամքի, Հրեաստանում մարդահամար անցկացրեց (Բ Թագ. 24.1-9), որի պատճառով Աստված բարկանալով հայտնեց թագավորին. «Ընտրի՛ր որն ուզում ես. կա՛մ քո երկրում երեք տարի սով պիտի լինի, կա՛մ երեք ամիս դու պիտի փախչես քո թշնամիների առաջից, ու քեզ պիտի հալածեն, կա՛մ էլ երեք օր մահ պիտի լինի քո երկրում: Եվ Դավիթն ընտրեց մահը: Եվ Տերն Իսրայելին մահ ուղարկեց առավոտից մինչև ճաշի ժամ: Մահ սկսվեց ժողովրդի մեջ» (Բ Թագ. 24.13-15):

Փոքրամասնությունն իրականում շատ ավելի մեծ ազդեցություն ունի ժողովրդի վրա: Հրեա ժողովրդին Եգիպտոսից դուրս բերեց և մինչև Ավետյաց երկիր հասցրեց Մովսես մարգարեն: Քրիստոսի փոքրաթիվ առաքյալները քրիստոնյա դարձրին ամբողջ աշխարհը:

Սոցիալական հոգեբանության ուսումնասիրություն կատարած գիտնականները հաստատում են, որ փոքրամասնության ազդեցությամբ փոխվում է մեծամասնությունը, ինչպես, օրինակ, առանձին գյուտարարներ իրենց հայտնագործություններով մեծապես ազդեցություն ունեցան մարդկության կյանքի վրա, կամ խրոխտ մի քանի անձեր ոգևորեցին ու պայքարների հանեցին ժողովուրդների, և կամ մեկ-երկու հանճարեղ փիլիսոփաներ հեղաշրջում առաջացրին մարդկային մտքերի ընթացքի մեջ:

Հետևաբար, երկրի ղեկավարները քաղաքական, տնտեսական, հասարակական հարցերով զբաղվելուց բացի պետք է նաև մեծ հավատքի և բարձր բարոյականության տեր մարդիկ լինեն, քանի որ իրականում առաջնայնորեն դրանից է կախված երկրի և ժողովրդի բարօրությունն ու առաջընթացը: