ՁԵՐԲԱԶԱՏՎԵԼ ՆԱԽԱՆՁԻՑ

Մարդը կարո՞ղ է լիովին ձերբազատվել նախանձից: Եթե այո, ապա ինչպե՞ս:

Մարդը պետք է իմանա, որ եթե վշտանալ է պետք, ապա հարկ է վշտանալ ոչ թե ուրիշի բարիքների, այլ սեփական դժվարությունների ու նեղությունների համար: Քրիստոս ասում է. «Եթե սիրեք միայն նրանց, որոնք ձեզ սիրում են, ձեր վարձն ի՞նչ է. չէ՞ որ հեթանոսներն էլ նույնն են անում» (Մատթ. 5.46): Եթե իրեն սիրողներին սիրողը հեթանոսներից լավը չի համարվում, ապա ի՞նչ ներում կստանա նա, ով վնաս է հասցնում իրեն ընդհանրապես չվնասած մարդուն:

Շատերի համար հեշտ է վշտի մեջ ընկերոջ հետ լինել, բայց դժվար է ուրախանալ ընկերոջ ուրախությամբ մարդու մեջ ծագող նախանձի պատճառով: Նախանձ մարդն իր մխիթարությունը գտնում է ուրիշի դժբախտության մեջ` տեսնելով իր նախանձը գրգռողներից որևէ մեկի անկումը:

Սուրբ Գրիգոր Տաթևացին, նախանձից զգուշացնելով, դիպուկ համեմատություններով հոգեշահ խորհուրդներ է տալիս: Ինչպես մարմնի անդամները սիրում են միմյանց, նույնպես և մենք պետք է միմյանց սիրենք: Մի անդամը չի նախանձում մյուսին, թեպետ և չունի նրա հատկությունն ու գործը: Օրինակ` ձեռքը չի նախանձում աչքերին, և ոչ էլ ոտքերը` ձեռքերին:

Նույնպես և Եկեղեցու մարմնի մեջ մեկը վերին անդամ է` ինչպես առաջնորդները, մյուսը` վերջին, ինչպես գործավորները, մեկ ուրիշն էլ միջին` ինչպես ունևորներն ու մեծատունները, ոմանք էլ աղքատ են և ծառայում են մեծատուններին: Եվ պետք չէ, որ մի մարդը նախանձի մյուսին:

Մարմնի անդամները, կարելի է ասել, սիրում են միմյանց, քանի որ մի անդամը այլ անդամներից չի խնայում իր գործերը, այլ ձրիաբար բաշխում է: Այսպես աչքերն իրենց լույսը տալիս են ձեռքերին և ոտքերին: Նույն կերպ էլ մենք պետք է բաշխենք մեր գործերը` մարդկանց օգնելով, բարերարություններ, ողորմություններ անելով:

Յուրաքանչյուր մեղք բուժելի է հատկապես դրան հակառակ առաքինության գործադրումով: Այսպես, ամբարտավանության դիմաց դրվում է խոնարհություն գործելը, նախանձի և ատելության դիմաց` սերը, բարկության դիմաց` հեզությունը, ծուլության դիմաց՝ ժրությունը, ագահության և արծաթասիրության դիմաց` ողորմությունը, որկրամոլության դիմաց` պարկեշտությունը, ըստ որի` պետք չէ գինով հարբել և մսով հագենալ, վատ խոսքերի և հայհոյության դեմ` մեղան ու փառաբանությունը, ծաղրի ու կատակերգության դեմ` լացը և միշտ հոգևորի մասին խոսելը, բամբասանքի դեմ` լռությունը:

Այս հորդորներից երևում է, որ նախանձ ունենալու պարագայում պետք է ջանանք սեր դրսևորել, որից նախանձի զգացումը նահանջում է` տեղը զիջելով Քրիստոսապատվեր սիրո դրսևորմանը: Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է. «Մի՛ ատեցեք եղբայրներին չար նախանձով, այլ սիրեցե՛ք նրանց սուրբ սրտով, քանի որ սերն Աստծուց է (Ա Հովհ. 4.7). և ով սիրում է եղբորը, սիրում է Աստծուն (հմմտ. Ա Հովհ. 4.20): Իսկ նախանձն ու ատելությունը սատանայից են»: