ՁԵՌՔՆԵՐԴ ՀԵՌՈՒ ՄԵՐ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒՑ

Այս մի քանի օրը սոցիալական ցանցում աթեիստների գովազդն է շրջանառվում մի գրությամբ, թե կաջակցեն այն կուսակցությանը կամ քաղաքական դաշինքին, որ կխոստանա ջանքեր գործադրել Եկեղեցուն հարկային դաշտ բերելու համար։ Այսպիսով, աթեիստները հազիվ էլ կարողանում են միավորներ հավաքել Եկեղեցու անունը տալով: Նրանք, ովքեր ուրիշի հաշվին են ցանկանում ինչ-որ անուն վաստակել, դրանով իսկ ցույց են տալիս, որ իրենք արժեք չունեն: Այլ հարց է, որ եկեղեցական ասպարեզում, ինչպես որ տարբեր ոլորտներում կան թերություններ, որոնք անհրաժեշտ է սրբագրել:

Եթե աթեիստները ցանկանում են միավորներ հավաքել, ապա թող դա անեն ոչ թե ինչ-որ մեկին և հատկապես Եկեղեցուն փնովելու էժանագին մեքենայությունների միջոցով, այլ` իրենց ունեցած արժեքները ցույց տալով: Դրան դեմ չենք: Մինչդեռ իրենց ասույթներով ցույց են տալիս իրենց բացարձակ անտեղյակությունը եկեղեցական ոլորտից: Մշտապես Հայ Առաքելական Եկեղեցու գործունեության, ինչպես նաև ֆինանսական ծախսերի հետ կապված հաշվետվություններ են ներկայացվում եկեղեցական ժողովներում, ծխական, թեմական պատգամավորներին, որոնք ընտրված են ժողովրդի կողմից եկեղեցում հավատացյալների ներկայացուցիչները լինելու, ինչպես նաև հաշվետվության արդյունքներն իրենց տարածաշրջաններում բնակվող համայնքների  անդամներին ներկայացնելու համար: Բացի այդ, հաշվետվություններ լինում են նաև թեմական ժողովներին թեմի պատգամավորների առջև նույն սկզբունքով, Եկեղեցական-ներկայացուցչական ժողովին, Գերագույն Հոգևոր Խորհրդի ժողովներին: Հաշվետվություններ են կատարվում նաև համահայկական ընդգրկում ունեցող Ազգային-եկեղեցական ժողովի ընթացքում: Հայ Առաքելական Եկեղեցու ֆինանսական հաշվետվությունը կատարվում է նաև  աուդիտի միջոցով:

Հայ Եկեղեցու վրա հարկային պարտավորություններ դնելու հարցը բարձրացնելուց առաջ պետք է իմանալ, որ Եկեղեցին ֆինանսական եզրաբանությամբ ոչ եկամտաբեր հաստատություն է և իր ծրագրերն իրականացնելու համար դիմում, խնդրում է տարբեր բարերարների, օգնություն հայցում, աջակցություն փնտրում: Եկեղեցուն հարկման ենթարկելու կոչ անողները բացարձակ անտեղյակ են տարբեր պետությունների դիրքորոշումներից և օրենսդրական կարգավորումներից ու դրույթներից, քանի որ շատ երկրներում Եկեղեցին պետական բազմաթիվ աջակցություններ է ստանում: Այս առումով Հայ Առաքելական Եկեղեցու և այլ Եկեղեցիների համապատասխան իրավիճակի համեմատության համար ներկայացնենք տվյալներ Արաքս Պողոսյանի՝ «Իրավունք» թերթում տպագրված հոդվածից:

Հայ Առաքելական Եկեղեցու ծխական քահանաներն աշխատավարձ չեն ստանում՝ այն տրամաբանությամբ, որ հովվություն անող քահանային նրա հոտը, համայնքը պիտի պահի, հոգա նրա և նրա ընտանիքի կարիքները, մինչդեռ համայնքի անդամներից շատերն իրենք կարիքի մեջ են և Եկեղեցուց են օգնություն ակնկալում: Հայ Առաքելական Եկեղեցու վրա հարցերի տարափ տեղացողները, որպես կանոն, նույն հետևողականությամբ և սկզբունքայնությամբ չեն տարածում իրենց քննադատությունը Հայաստանում գործող մյուս կրոնական կազմակերպությունների վրա, որտեղ գումարային հարցերը շատ լուրջ են դրված: Այստեղ խմբի յուրաքանչյուր անդամ պարտավոր է իր եկամտի տասանորդը վճարել կազմակերպությանը, ընդ որում, դա արվում և վերահսկվում է հրապարակային կերպով: Բոլոր կրոնական կազմակերպություններն էլ պահում են իրենց առաջնորդներին, հովիվներին: Նրանք ֆինանսական հաշվետվություն չեն ներկայացնում իրենց անդամներին, մինչդեռ Հայ Եկեղեցին, ինչպես վերը նշվեց, պարբերաբար հաշվետվություններ է ներկայացնում: Ի տարբերություն այս կրոնական կառույցների՝ Հայ Առաքելական Եկեղեցին երբեք չի պարտադրում և հետամուտ լինում իր անդամների կողմից տասանորդի վճարմանը: Եվ, սովորաբար, Հայ Առաքելական Եկեղեցու նվիրատվությունները սկսում են հաշվել և հաշվետվություն պահանջել նրանք, ովքեր իրենք երբեք որևէ նվիրատվություն չեն անում:

Ի տարբերություն մեր իրականության՝ Ռուս Ուղղափառ Եկեղեցու բոլոր քահանաներն աշխատավարձ են ստանում, ունեն թոշակի անցնելու և բժշկական ապահովագրության իրավունք: Եվրոպական երկրներում Եկեղեցին ֆինանսավորվում է եկեղեցական հարկերից, որոնք, կախված տվյալ երկրի օրենսդրությունից, վճարում են նրանք, ովքեր իրենց համարում են տվյալ եկեղեցու հետևորդ, կամ՝ երկրի բոլոր քաղաքացիները: Օրինակ՝ Դանիայում եկեղեցին պետությունից անկախ չէ, և երկրի բոլոր քաղաքացիները պարտավոր են իրենց եկամուտների 1,51%-ի չափով վճարում անել եկեղեցուն: Շվեդիայում, չնայած եկեղեցին անջատ է պետությունից, երկրի բոլոր բնակիչներն իրենց եկամտի 2%-ն են տալիս որպես եկեղեցական հարկ: Ավստրիայում իրենց կաթոլիկ համարող բոլոր քաղաքացիները պարտադիր կերպով եկեղեցական հարկ են մուծում իրենց աշխատավարձի  1,1%-ը: Խորվաթիայում քահանաներին աշխատավարձ է վճարում պետությունը, իսկ եկեղեցական հարկ որպես այդպիսին չկա:

Իսպանիայում եկեղեցին դոտացիա է ստանում պետական բյուջեից և հավատացյալների հանգանակություններից: Բելգիայում բոլոր քրիստոնեական հարանվանությունների հոգևորականները պետությունից աշխատավարձ են ստանում և պարգևավճար յուրաքանչյուր տարի՝ ամռանը և ձմռանը: Ֆրանսիայիում Եկեղեցու եկամուտները գոյանում են ոչ միայն այցելուների հանգանակություններից և նվիրատվություններից, այլև քահանաներն աշխատավարձ են ստանում, այնուհետև՝ պետական կենսաթոշակ: ԱՄՆ-ում տարբեր հարանվանությունների պատկանող  հոգևորականությունը ստանում է պետական և եկեղեցական թոշակ: Իտալիայի յուրաքանչյուր քաղաքացի իր եկամտահարկի 0,8%-ը փոխանցում է հօգուտ այս կամ այն եկեղեցու: Անգլիկան եկեղեցու բոլոր ծախսերը հոգում է հավատացյալ համայնքը: Այստեղ մեծ թիվ են կազմում նվիրատվությունները: Այցելուների վրա է նաև հոգևորականի տան, մեքենայի, երեխաների ուսման և այլ կարգի ծախսերը:

Ավելացնենք նաև, որ Վրաստանում Վրաց Ուղղափառ Եկեղեցին պետությունից ամեն տարի շուրջ քսանհինգ միլիոն լարի դրամական աջակցություն է ստանում՝ չհաշված այլ պետականորեն տրամադրվող ֆինանսական օգնություններն ու լիազորությունները: Մինչդեռ Հայ Առաքելական Եկեղեցին ձեռնպահ է մնում Հայաստանում պետականորեն տրամադրվող նյութական օգնությունից՝  նախընտրելի համարելով, որ պետության կողմից աջակցություն տրվի հատկապես կարիքավորներին: Հայ Եկեղեցին ևս իր հերթին իր բազմաթիվ ծրագրերի, Սոցիալական բաժնի, բարեգործական ճաշարանների միջոցով մեծ քանակությամբ օգնություն է տրամադրում կարիքի մեջ հայտնված մեր եղբայրներին ու քույրերին, ծնողազուրկ երեխաներին, զոհվածների, ֆիդայինների ընտանիքներին, բժշկական անվճար օգնություն կազմակերպում նպաստառուների, մարզերում բնակվողների համար առանց այդ բազմաթիվ բարեգործությունները գովազդելու:

Աթեիստները Հայ Առաքելական Եկեղեցու դեմ բերում են բաժանման իրողությունները՝ ժամանակին եղած Էջմիածին – Անթիլիաս բարդ հարաբերությունները, ինչպես նաև քրիստոնեական հավատքի դեմ ելնում՝ կույսի ծնելու իբր անհեթեթ պնդումը վկայակոչելով: Սակայն ազգը պառակտում է ոչ թե խմբերի բաժանվելը, այլ շահամոլությունը, սնափառությունը և այլ արատները, որոնք պատճառ են դառնում տարբեր ասպարեզներում բաժանումների ու հակառակությունների: Իսկ կույսից ծնվելու պարագան հիշելիս աթեիստներն ինչո՞ւ են միայն դա մտաբերում: Թող հիշեն նաև բազմաթիվ այլ հրաշքները: Նրանք սովորել են միայն դա անգիր արած ամեն անգամ վկայակոչել իբր քրիստոնեության դեմ «հզոր» փաստարկ: Բայց մենք հավատում ենք հրաշքների: Ինչպես տիեզերքն առաջացավ Աստծո խոսքով ու արարչագործությամբ, հողը առանց սերմեր ցանելու և երկիրն առանց մշակելու բույսեր աճեցրեց, այդպես էլ աստվածային զորությամբ Քրիստոսի՝ Կույսից ծնվելու հրաշքն ենք հասկանում:

Իսկ աթեիստական գաղափարախոսության մեջ ինչպե՞ս է: Մի պատահական պայթյունից առաջացավ տիեզերքը, պատահականությունից ստեղծվեց կյանքը: Մինչդեռ մենք այդ ամենի մեջ գերբնական բանակության գործողությունն ենք տեսնում: Էլ չասեմ, որ աթեիստների մոտ կապիկը մարդ է դառնում: Հետևաբար, աթեիստներն այս բաները նույնպես պետք է հիշեն, երբ իբր անտրամաբանական իրողություն փորձում են քրիստոնեական հրաշքների վկայակոչում կատարել: Ուղիղ և փոխաբերական իմաստով հենց մարդացած կապիկներն են, որ ողբալի վիճակի են հասցնում աշխարհը, հասարակությունների կյանքը: Եթե աթեիստներն այդքան համարձակ խոսողներ են, ապա թող հանդես գան աղանդավորների, նրանց ֆինանսական անհայտ աղբյուրների, նյութական օգնության տակ իրականացվող մարդագողությունների դեմ: Թե՞ այդքան լիազորություն չունեն նաև աղանդավորների զազրագործություններն ու զեղծարարությունները բացահայտելու:

Եկեղեցամարտ աթեիստներ, ձեռքներդ հեռո՛ւ մեր Սուրբ Եկեղեցուց: