ՀՐԱՇՔՆԵՐ, ԱՂԵՏՆԵՐ, ԴԺԲԱԽՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Դարեր ի վեր մարդկությունը հետաքրքրված է նաև երկու կարևոր հարցերով` հրաշքներ և աղետների ու դժբախտությունների վերացում:

Քրիստոսի երկրային կյանքի ընթացքում հրեաները հաճախ նրանից հրաշքներ էին պահանջում: Եվ հրաշքների առնչությամբ Քրիստոս ասաց, որ ոչ մի նշան չի տրվի բացի Հովնան մարգարեի նշանից` դրանով ակնարկելով Իր մահը և երեք օր հետո Հարությունը, քանզի ինչպես Հովնանը երեք օր մնաց կետի փորի մեջ, այդպես էլ մարդու Որդին երեք օր ու գիշեր պիտի մնար երկրի ընդերքում (Մատթ. 12.39-40): Սուրբ Եփրեմ Ասորին Ավետարանների իր մեկնության մեջ նշում է, որ Հովնանի լինելը հսկա ձկան փորում և այնուհետև լույս աշխարհ դուրս գալը խորհրդանշում է նաև հեթանոսների դուրս գալը խավարից դեպի ճշմարիտ աստվածգիտության լույսը։ Որոմների առակով Քրիստոս ցույց տվեց, որ բարին և չարը միասին են լինելու մինչև աշխարհի վախճանը (Մատթ. 13.30, 39-42):

Մարդկությանը տրված Աստծո մեծագույն պարգևներից մեկը ազատությունն է կամ հնարավորությունը ազատ ընտրության և ազատ կամքի: Բայց ազատությունը ենթադրում է նաև հնարավորություն չար և մեղավոր արարքների: Մարդն ինքը կարող է ընտրել, թե որ ճանապարհով գնա. ճանապարհներից մեկը տանում է դեպի բարին, իսկ մյուսը` դեպի չարը: Սակայն ինչու՞ Աստված չոչնչացրեց չարը` թողնելով միայն բարին: Պատասխանը հետևյալն է` բարին իրական է միայն այն ժամանակ, երբ ընտրված է ազատ կամքով: Պարտադրված բարիքը չի կարող իրական բարիք լինել, այլ կվերածվի չարիքի:

Մենք դրա օրինակն ունենք Կաթոլիկ Եկեղեցու պատմության մեջ: Հավատքի տեսանկյունից ի՞նչ ավելի հիանալի բան կա աշխարհում, քան քրիստոնեական ճշմարիտ կրոնը և դրա մեջ ներառնված բարոյական բարձր սկզբունքներն ու ուսուցումները: Սակայն նույնիսկ երբ այս կրոնն է պարտադրվում, պարտադրանքը պատճառ է դառնում աղետների, ինչպես որ միջնադարում բազում մարդիկ մեռան խարույկների մեջ վառվելով` ենթարկվելով ինկվիզիցիայի:

Մեր օրերում ևս նման օրինակներ ունենք: Երբ առաջադեմ հասարակական կյանքի սկզբունքները պարտադրվում են ոչ զարգացած երկրներին, որպես արդյունք լինում են ողբերգություններ, սպանություններ, արյունահեղություններ և զինված բախումներ: Երբ Քրիստոս խաչի վրա էր, ժողովուրդն ասում էր. «Թող այդ խաչից իջնի, և դրան կհավատանք» (Մատթ. 27.42, Մարկ. 15.32): Այսպես նաև մարդկության պատմության մեջ լինելու էին շատ դժբախտություններ, և մարդիկ ցանկանալու էին չարից ազատվելու արտասովոր հրաշքներ տեսնել: Բայց Քրիստոս այն ժամանակ խաչից չիջավ, որովհետև չուզեց մարդկային հոգուն հրաշքով պարտադրել հավատքը: Հավատքով են սկսվում հրաշքները, և ոչ թե իրական հավատքը ծնվում է հրաշքի պատճառով:

Մարդը երբեմն առանց հավատքի ցանկանում է ճանապարհ գտնել աղետների ու դժբախտություններ վերացման: Ինչու՞ են բազում աղետներ ու ավերածություններ, սպանություններ լինում աշխարհում: Քրիստոսի երկրային կյանքի ընթացքում Պիղատոսը շատ գալիլիացիների սպանեց հենց այն ժամանակ, երբ նրանք զոհ էին մատուցում: Եվ գալիլիացիներն այնքան դաժանությամբ սպանվեցին, որ նրանց արյունը խառնվեց նրանց զոհերի արյանը: Բացի դրանից նաև մի մեծ աշտարակ փուլ եկավ Սիլովամում և սպանեց միանգամից տասնութ մարդկանց: Քրիստոս, այս դեպքերի մասին իմանալով, այսպես ասաց. «Կարծում եք, թե այն գալիլիացիները, որոնք այդպիսի պատահարների ենթարկվեցին, ավելի՞ մեղավոր էին, քան բոլոր գալիլիացիները: Ոչ, ասում եմ ձեզ, սակայն եթե չապաշխարեք, ամենքդ էլ նույնպես պիտի կորչեք: Կամ նրանք` այն տասնութ մարդիկ, որոնց վրա Սիլովամում աշտարակը փուլ եկավ և սպանեց նրանց, կարծում եք, թե ավելի մեղապա՞րտ էին, քան Երուսաղեմում բնակվող բոլոր մարդիկ: Ոչ, ասում եմ ձեզ, սակայն եթե չապաշխարեք, ամենքդ էլ պիտի կորչեք» (Ղուկ. 13.1-5):

Ավետարանիչը մեզ պատմում է նաև Բեթղեհեմի մանուկների սպանության մասին (Մատթ. 2.16): Եթե չկա Աստված, հավիտենություն և հավիտենական կյանք, ուրեմն նաև կատարյալ արդարություն գոյություն չունի, որովհետև ո՞վ է վարձատրելու չարչարված ու սպանված երեխաներին նրանց արցունքների և տանջանքների համար կամ հատկապես եղեռնահար ժողովուրդներին` նրանց կրած վշտերի համար: Բայց Աստծո և հավիտենական կյանքի գոյությունը նշանակում է, որ կա բացարձակ, կատարյալ արդարություն և չարչարյալներն ու տառապյալները փոխհատուցվելու են եթե ոչ այս, ապա արդեն հանդերձյալ կյանքում: Սա է այն պատասխանը, որին հանգել են շատ փիլիսոփաներ ու մտածողներ` խորհելով մարդկանց վշտերի և երեխաների արցունքների ու մահվան մասին: